Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իսկ Ադրբեջանը «շինարար» է դարձել…

Նկարներում Արցախի Աստղաշեն գյուղն ու Իվանյան-Ասկերան մայրուղին: Հաճախ եմ մուտք գործում Google  քարտեզ եւ սկսում քրքրել այն, իսկ հատկապես վերջերս հաճախակի եմ   սեւեռվում Արցախի վրա: Օրերս հերթական անգամ զբաղված էի դրանով, երբ նկատեցի, որ  գյուղի հարեւանությամբ եւ մայրուղու ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ շինարարական աշխատանքներ է իրականացրել: Հայկական գյուղն իհարկե պահպանված է, սակայն ուշադիր նայելու դեպքում կարող ենք տեսնել, թե ինչ որակի աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես նկատելի է տների կառուցման նմանատիպ հավասար համակարգը, դրանք հավասար գծերով են կառուցված, ժամանակակից շատ գյուղակների պես: Փաստորեն Ադրբեջանը «շինարար» է դարձել, սակայն միեւնույն ժամանակ քարտեզի վրայից ոչնչացնում է Սղնախ, Քարինտակ եւ այլ՝ երբեմնի հայաբնակ գյուղերը:

Սակայն այստեղ ուշագրավը շինարարական նոր մոդելի կիրառումն է: Կառուցված տների նմանօրինակները կարող ենք գտնել եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ գյուղերում: Ադրբեջանը փորձում է այս մեթոդով գրավիչ դարձնել Արցախում բնակվելը եւ, փաստորեն, ամեն բան անում է աշխարհին ներկայացնելու համար, թե ինքն Արցախը քաղաքակրթական առումով ավելի է զարգացնում կամ փոխում:

Միեւնույն ժամանակ հայացք ենք գցում Հայաստանում առկա դրությանը: Գյուղերն ամայանում են, տեղի է ունենում բնակչության կենտրոնացում գլխավոր քաղաքներում, խոպան տարածությունների կարելի է հանդիպել գրեթե ամենուր: Հետեւաբար մենք էլ պետք է սկսենք ժամանակակից գյուղակների կառուցումը եւ խոպան տարածությունների վերացումը, դրանք գրավիչ դարձնելով ներգաղթի համար: Հենց դա կլինի իսկական Իրակա՛ն Հայաստան, առանց հակադրությունների:

Հայաստանում խոպան տարածությունների մշակումը, գյուղակների կառուցումն առաջնահերթ օրակարգային հարց պետք է դառնա…

ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող