Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իրան-ԱՄՆ հարաբերություններ. «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումների  քաղաքականություն»

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի  պաշտոնամուտից հետո Թեհրանում տիրող սպասողական  տրամադրությունները երկար չտեւեցին: Փետրվարի 4-ին Սպիտակ տանն ստորագրվեց «Իրանի նկատմամբ   առավելագույն   ճնշումների  ու պատժամիջոցների խստացման, նաեւ Իրանից նավթի արտահանումը զրոյականացնելու մասին» հրամանագիրը:
Թրամփի նախագահության նախորդ շրջանում իրականացվող նմանօրինակ միջոցառումները նույնպես Իրանին միջուկային զենք արտադրելու հնարավորությունից զրկելու եւ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը սահմանափակելու նպատակ էին հետապնդում:

Մինչեւ հրամանագրի հրապարակումը ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսելու  համար Թեհրանն իր կանխարգելիչ  քայլերը կատարել էր:  ԻԻՀ  նախագահ Փեզեշքիանը երկխոսելու դուռը բացելու համար հարկ եղած պատգամը փոխանցել էր Վաշինգտոնին: Օրինակ, Թրամփի երդմնակալությունից ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան CNN  հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Փեզեշքիանը խոսել էր ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու Իրանի պատրաստակամության մասին: ԻԻՀ նախագահի օրինակին հետեւել էին նաեւ Իրանի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչը վկայում էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու եւ տարաձայնությունները նվազագույնի հասցնելուն ուղղված  Իրանում տիրող տրամադրությունների մասին: 

Սակայն ԱՄՆ նախագահը, ի պատասխան Իրանի ցուց տված «կանաչ լույսի»,  ընդամենը հույս էր հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար Իսրայելը ստիպված չի լինի դիմելու ռազմական գործողությունների:

Անշուշտ, ներկայիս Իրանը չի կարելի համեմատել  Թրամփի կառավարման առաջին շրջանի Իրանի հետ: Երկրի տնտեսությունն ու ներքաղաքական կյանքը վերջին տարիներին լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Պատժամիջոցների պատճառով,  երկրի տնտեսությունը ծանր կորուստներ է կրել: 35 տոկոսանոց սղաճն ու ազգային տարադրամի աննախադեպ անկումը դրա մասին են վկայում:

Իրանի դիրքերի թուլացմանը նպաստել են նաեւ մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, Լիբանանին հասցված  Իսրայելի հարվածները, Սիրիայի անկումը:

Ուկրաինական պատերազմի ընթացքում  Մոսկվային  ցուցաբերած Թեհրանի աջակցության պատճառով էլ Իրան-Եվրոպա հարաբերությունների սառնությունն իր առավելագույն մակարդակին է հասել: 

Այսպիսով, ակնկալվում է, որ Թրամփի խոստացած պատժամիջոցների ազդեցությունը էապես տարբերվելու է նախորդ շրջանում Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից: Հետեւաբար, Թեհրանն էլ  նախատեսվող ճնշումները չեզոքացնելու համար այլ միջոցների պետք է դիմի:

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ «առավելագույն ճնշման» գործելակերպը  տապալված փորձ է, եւ դրա կրկնությունը որեւէ հետեւանք չի կարող ունենալ Իրանի համար: ԻԻՀ իշխանությունները նաեւ հաճախ են վկայաբերում   երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցչի  կրոնական ֆիթվան, առ այն, որ «միջուկային զենք արտադրելը հարամ է»: Ելակետ ընդունելով Իրանում միջուկային զենք արտադրելու վերաբերյալ կրոնական արգելանքը, ԻԻՀ իշխանությունները հիմնավորում են, որ Թրամփի հակաիրանական քաղաքականությունը սխալ հիմքերի վրա է դրված:

Ալ-Ջազիրա Հետազոտությունների Կենտրոնի (Al Jazeera Centre for Studies) հրապարակած վերլուծական զեկույցի համաձայն, եթե այնուամենայնիվ երկու երկրների միջեւ ուղիղ եւ իմաստավորված  բանակցությունների համար ցանկություն առաջանա, անհրաժեշտ է լինելու նկատի ունենալ որոշ  կարեւորագույն հանգուցային խնդիրներ: Հետազոտական  կենտրոնի պատկերացմամբ, նախորդ շրջանի  բանակցությունների ընթացքում կուտակված փորձից ելնելով, կողմերը պետք է բանակցությունների այս փուլն անցկացնեն փակ դռների հետեւում:

Հետազոտական Կենտրոնն առաջարկել է նաեւ   նկատի ունենալ, որ   ԱՄՆ-ի ու ԻԻՀ-ի միջեւ փոխվստահության բացակայությունը երկխոսության  ճանապարհին եղած գլխավոր խոչընդոտն է: Հաշվի առնելով պատմականորեն ձեւավորված անհանդուրժողականությունն ու նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում երկուստեք թերացումները, Հետազոտական Կենտրոնն անհրաժեշտ է համարում նախեւառաջ  հաղթահարել անվստահության մթնոլորտը:  

Իրանի հնարավոր քայլերը նոր ճնշումներին դիմակայելու հարցում

ԱՄՆ գործադրած  «առավելագույն ճնշումների» առաջին շրջանում   Իրանը որդեգրել էր «ակտիվ դիմադրության» ռազմավարությունը: Իրանի հնարավոր հակազդեցությունն այս փուլում դեռեւս հստակ ձեւակերպում չի ստացել: Դրանով հանդերձ, քաղաքական վերլուծաբանները համոզված են, որ Թեհրանն ունի մի քանի այլընտրանք.

1.  Միջուկային ծրագրի ակտիվացում:
Իրանը կարող է ուրանի հարստացման աստիճանը բարձրացնելով եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության մակարդակն իջեցնելով հակադարձել ԱՄՆ-ին ու Եվրոպային:

2.  Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ակտիվացում:
Պատժամիջոցները շրջանցելու նպատակով Թեհրանը կարող է ակտիվացնել համագործակցությունն Արեւելյան տնտեսական բլոկի հետ:

3.  Բանակցությունների նոր փուլին մասնակցելու պատրաստակամություն:
Բանակցությունների վերսկսման հավանականությունը նույնպես բացառել չի կարելի: Սակայն այս սցենարի կապակցությամբ  լավատեսության հիմքերը բավականին թույլ են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ