Վերջերս ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ «Բարբառագիտական ընթերցումներ» միջազգային գիտաժողովը:Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը՝ համագործակցությամբ Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եւ Գորիսի պետական համալսարանի: Այս գիտաժողովը եւս մեկ քայլ էր դեպի հայագիտության եւ բարբառագիտության միջազգային ճանաչումը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին հայ բարբառագիտական հետազոտությունների հետեւյալ թեմաները՝ պատմական բարբառագիտություն եւ հայ բարբառների պատմական ուսումնասիրություն՝ Շատախի, Ջուղայի, Ղարաբաղի, Գորիսի, Ագուլիսի եւ այլ բարբառների, բարբառային միավորների կառուցվածքային առանձնահատկությունները, բարբառների հնչյունաբանական, բառագիտական, քերականական առանձնահատկություններ՝ Մշո, Տիգրանակերտի, Սասունի, Գորիսի, Ղարաբաղի, Մեղրիի, Կապանի եւ Սիսիանի խոսվածքների եւ Համշենի բարբառների, այլեւ ընդհանրապես բարբառային հայերենի զուգաբանությունների վերլուծություն, բառարանագրական աշխատանքներ՝ բարբառային բառերի հավելումներ միջնադարյան ձեռագիր բառարաններում, չբառարանագրված բարբառային դարձվածքները, փոխառությունների ուսումնասիրություն՝ արեւելյան լեզուներից անցած բարբառային բնույթի փոխառությունների որակական ու քանակական հատկանիշները, դարձվածքների վերլուծություն՝ Կարնո բարբառի խոսվածքների, Լոռու խոսվածքների, Գորիսի բարբառի դարձվածքային միավորները եւ նրանց դերը բանավոր խոսքում եւ գեղարվեստական գրականության մեջ, բարբառային նորույթներ՝ լեհահայերի «նոր» բարբառի ձեւավորման գործընթացի դիտարկումներ եւ այլն:
Գիտաժողովին մասնակցում էին գիտնականներ, հետազոտողներ Հայաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:
Միջազգային գիտաժողովը կարեւոր քայլ էր հայ բարբառագիտության, նրան առնչվող այլ գիտակարգերի ուսումնասիրության համար: «Բարբառագիտական ընթերցումներում» շեշտվեց բարբառների ուսումնասիրության գործնական կիրառումը մշակութային ինքնության պահպանման համատեքստում: Գիտական զեկուցումները բացահայտեցին բարբառային միավորների լեզվաբանական շերտերի նշանակությունը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ