Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, ներկայացրեց տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները։
Նա նախ տեղեկացրեց, որ նախագծով նախատեսվում է, որ հանրային տրանսպորտի ծառայությունն անվճար կմատուցվի մինչև 7 տարեկան երեխանների համար։
«Դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, նախատեսվում է ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց՝ 1-ին կամ 2-րդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր կլինի անվճար, պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Սոցիալիստական աշխատանքի հերսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց նույնպես՝ անվճար և բազմազավակ ընտանիքների ծնողներին նույնպես նավճար կլինի:
Նախագիծն ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն»,-ամփոփեց Գրիգորյանը: