Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Գրքի շնորհшնդես՝ նվիրված պատմական քարտեզներին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի 2014թ. ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն եւ «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանը: Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցեցին գիտակրթական եւ պետական ոլորտի ներկայացուցիչներ:  Մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռ. Ղազարյանը: «Այսօր ունենք սեղանին դրված մի կարեւոր աշխատություն: Ադրբեջանական կեղծարարությունների դեմ պայքարելու ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին գիտնականների կողմից տարաբնույթ աշխատանքներ տարվում են, եւ այս գրքի հրատարակությունը կլրացնի դրանք», – ասաց Ռ. Ղազարյանը:

Գրքի առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ. ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը: «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են Հայաստան անունը: Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն: Սակայն Ադրբեջանը որպես երկիր հնագույն քարտեզներում գոյություն չունի, նա եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը», – նշեց Ռ. Գալչյանը:

Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը: «Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում: Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել», – ասաց հեղինակը:

Կատարված է անչափ կարեւոր աշխատանք: Այն անհրաժեշտ է  ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Ռուսաստանի  բնագիտության  ակադեմիայի  պրոֆեսոր