Ըստ ֆինանսների նախարարիՙ խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի չարաշահումների մասին կարող է լինել
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կառավարությունում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնականում խոսեց գնումների ոլորտում կատարված փոփոխությունների մասին: Նա տեղեկացրեց, որ գնումներն ավելի թափանցիկ եւ օպտիմալ դարձնելու համար հրավերների եւ հայտարարությունների օրինակելի ձեւեր են մշակվել: Նախկինում դրանք տարբեր էին, ինչը կարող էր կոռուպցիոն ռիսկեր առաջացնել: Երկրորդը` գնումների վիճակագրությունը տեղադրվել է gnumner.am կայքում: Մասնավորապես, 2012-ի գնումների հաշվետվությունը արդեն տեղադրված է: Բացի դրանից, ցանկացած գնման գործընթացի մասին հաշվետվությունը նույնպես կարելի է գտնել այդ կայքում, ներառյալ այն տվյալները, թե որքա՞ն է կազմել նվազագույն գինը, ո՞ր ընկերությունն է առաջարկել, ո՞վ է հաղթել եւ այլն:
Հաջորդը գնումների վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, որտեղ տեղադրված է բոլոր գնումների մասին տեղեկատվությունը: Նախարարը նշեց, որ ամսական մի քանի հազար գնումներն ամբողջությամբ ուսումնասիրել հնարավոր չէ, բայց ընտրանքային վերլուծություններ արվելու են: Մյուս փոփոխությունն այն է, որ գնումների աջակցության կենտրոնը ուսումնասիրություն է իրականացնելու ոչ միայն գնումների վերջնական փուլի վերաբերյալ, այլեւ սկզբնական, պարզելու համար, թե կա՞, օրինակ, խտրական մոտեցում որեւէ կազմակերպության նկատմամբ, գնային ի՞նչ խնդիրներ են առաջանում եւ այլն:
Մեկ այլ որոշմամբ էլ գնումների մրցույթներին մասնակցած այն կազմակերպությունները, որոնք դժգոհում էին դրանց արդյունքներից եւ բողոքարկում, այլեւս չեն կարող իրենց բողոքը հետ վերցնել, ինչպես դա պատահում էր: Այժմ բողոքարկման ենթակա գործը մինչեւ վերջ ուսումնասիրվելու է: Դա նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր, որ մարդիկ ավելի համարձակ բողոքեն իրենց իրավունքները խախտելու դեպքում: Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում արդեն ստացվել են 36 բողոք, անցյալ ամբողջ տարվա 38-ի փոխարեն:
Գնումների էլեկտրոնային համակարգի վերաբերյալ էլ ֆինանսների նախարարն ասաց, որ թեեւ գործում է, բայց ունի խնդիրներ: Արդեն տրված է տեխնիկական առաջադրանք այդ խնդիրները կարգավորելու համար:
Հարցին, թե ի՞նչ կարծիքի է ՎՊ նախագահի արտահայտության վերաբերյալ, որ պետական բյուջեի 700 մլրդ դրամը վատնվում է, Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ մտքին առաջին հերթին այն պատճառով, որ պետական գնումներն ուղղակի այդքանի չեն հասնում: Պետական բյուջեի միջոցներից պետական գնումները կազմում են 262 մլրդ դրամ, որին ավելացրած միջազգային կառույցներից ստացված գնումները կկազմեն 445 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի ներկայացմամբ, այդ գումարից պետք է հանել 132 մլրդ դրամ ուսուցիչների եւ պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերը, որոնք ֆինանսավորվում են այս տողով, ապա ընդհանուր առմամբ գնումների ծավալները կազմում են մոտ 313 մլրդ մլրդ դրամ: Ընդգծելով, որ գնումների համակարգում կան խնդիրներ, ֆինանսների նախարարն ասաց, որ դրանք այնուամենայնիվ համակարգային չեն, եւ չի կարող խոսք լինել դրանց 10 կամ անգամ 5 տոկոսի վատնելու մասին: Ըստ Դավիթ Սարգսյանիՙ խոսք կարող է լինել մի քանի հարյուր միլիոն դրամ չարաշահումների մասին: Ընդ որում, նա նշեց, որ ֆինանսների նախարարության հայտնաբերած եւ Վերահսկիչ պալատի հայտնաբերած խախտումների գումարների տվյալները մոտ են միմյանց:
2008-ին ֆինանսների նախարարությունը հայտնաբերել էր 7,2 մլրդ դրամի խախտումներ, ՎՊ-ն` 8 մլրդ դրամի, 2009-ին նախարարությունըՙ 5,3 մլրդ դրամի, ՎՊ-ն` 7,5 մլրդ դրամի, 2012-ին ֆինանսների նախարարությունը` 2,2 մլրդ դրամի, ՎՊ-ն 1,3 մլրդ դրամի: Նախարարը առանձնացրեց 2011-ը, երբ սոցիալական ապահովության ոլորտում 11 մլրդ դրամի չարաշահումներ բացահայտվեցին: Նա տեղեկացրեց, որ չարաշահումների դեպքերի վերաբերյալ 19 գործ է ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ միայն 2011-ին` 51 գործ: