Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. «ԹԱԼԱՆ, ԿՈՂՈՊՈՒՏ, ԼԱՓԵԼ ԲԱՌԵՐԸ ՉԿԱՆ ՎՊ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ա. Մ.

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՎՊ եզրակացությունների մի մասին համաձայն է, մյուս մասի վերաբերյալ առարկություններ ուներ: Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Արմեն Աշոտյանը նշեց, որ իր ղեկավարած ոլորտում չարաշահումների եւ յուրացումների մասին խոսելը տեղին չէր, հատկապես երբ ՎՊ-ն եւս ընդգծել է էական տեղաշարժերը նախորդ հաշվետվությունից հետո: «Ունենք առարկություններ զեկույցի հետ կապված, որոնք ներկայացված են եղել անմիջապես զեկույցը ստանալուց հետո: Արձանագրված խնդիրները կարելի է դիտարկելՙ ֆինանսական, վարչարարական, մեթոդաբանական: Բոլոր դեպքերում, խոսել ոլորտում հափշտակումների մասին տեղին չէր», նշեց նա:

Բյուջեն թալանելու մասին Հովիկ Աբրահամյանի ելույթի մասին հարցին պատասխանելովՙ նախարարն ասաց, որ ինքը չի մեկնաբանում քաղաքական գործիչների կարծիքները: Շարունակելովՙ նա ակնհայտ համարեց, որ բյուջեն թալանված չէ: «Թալան, կողոպուտ, լափել բառերը դուք չեք գտնի ՎՊ հաշվետվության մեջ», նշեց Արմեն Աշոտյանը: