Իմաստաբանական բառարան

«Ուրիշ ամպեր են «ՆՍՏԵԼ» սարերին…»
Համո Սահյան
Մարդկանց ու կենդանիներին տարբերակելը դժվար չէ:
Մարդիկ խոսում են, կենդանիները՝ ոչ:
Մարդիկ ծիծաղում են, կենդանիները՝ ոչ:
Մարդիկ երազում են, կենդանիները՝ ոչ:
Մարդիկ նստում են, կենդանիները՝ նույնպես:
Բայց ձիերը ո՛չ նստում են, ո՛չ էլ պառկում: Նրանք կանգնած են քնում: Ծառերի մասին էլ գիտենք, որ կանգնած են մահանում:
Մյուս կենդանիները նստում են դժվարությամբ եւ, ասենք, ոչ այնքան մարդավայել: Ավելի ճիշտ՝ մարդիկ են կենդանիների վրա նստում ու քշում:
Սակայն հայերի մոտ երբեք «էշին նստած» լինելը հարգի չի եղել: Ընդհակառակը՝ այդ արարքը մեր ժողովրդի պատկերացմամբ «աիբ», այսինքն՝ ամոթ է համարվել: Դեռ ավելին՝ էշից իջնելն էլ է պարսավելի եղել: Որովհետեւ, երբ ամոթալի քայլից հետո փորձում ես ուղղել սխալդ, հաճախ ավելի ծիծաղելի վիճակում ես հայտնվում:
Իսկ պատվելի մարդուն սեփական գլխին նստեցնելը մեզանում հարգանքի բարձրագույն նշան է: Այս արտահայտությունը հյուրընկալության ու նվիրվածության գագաթնակետն է եւ, ըստ էության, նշանակում է՝ «քեզ շատ եմ հարգում»: Պատկերացնո՞ւմ եք՝ շողոքորթ մարդը, հսկայական տուն ունենալով, իր շեֆին հաճոյանալու համար ասում է. «Դուք իմ գլխի վրա տեղ ունեք»:
«Նստելը», որի հոմանիշներից մեկն էլ «բազմելն» է, հաճախ նշանակում է պաշտոն զբաղեցնել: Այդպիսի աթոռին նստողը, որպես կանոն, դժվարությամբ է պոկվում դրանից:
«Նստել մեկի դռանը» նշանակում է լինել խաղաղ պայմաններում: Դրա համար էլ Չարենցը գրել է՝
«Ա՜խ, կարծես նստած ես դռանը
Եւ ինձ հետ Տերյան ես կարդում»:
Բնական է, որ խաղաղ ժամանակներում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի փոխարեն նախընտրելի է մտերիմ մարդու հետ մեկի դռանը նստել ու «Տերյան» կարդալ:
Ժամանակին եղել է նաեւ մարդկանց մի միջավայր, որտեղ «նստած լինելը» պատվի նշան է եղել: Դրա լավագույն վկայություններից է հպարտությամբ հնչեցվող «Նստած-հելած տղա եմ» արտահայտությունը: Մեր օրերում, կարծես, նորից ենք մոտենում այդ ժամանակներին:
Միայն թե հիմա «նստած» մարդը երբեմն իր «նստելու» համար, քրեական անցյալից բացի, նաեւ քաղաքական շարժառիթներ պիտի ունենա:
Իսկ «բռնոցի-նստոցի»-ն, որը ժամանակին մանկական ամենասիրելի խաղերից էր, այսօր, ցավոք, մեր հասարակական-քաղաքական առօրյայի անբաժանելի մասն է դարձել:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
