Եթովպիայի հայ համայնքի պահպանման համար ՀՀ-ն պետք է հետեւի Հունաստանի օրինակին

Եթովպիայի հայկական համայնքը թեեւ փոքր է, բայց մեծ դեր է խաղացել երկրի արդի պատմության մեջ: Մինչ դարեր շարունակ հայ դիվանագետներ եւ առեւտրականներ են այցելել Եթովպիա, 19-րդ դարի վերջերին էր միայն, նախքան Հայոց ցեղասպանությունը, որ ավելի կայուն հայկական առեւտրային համայնք է ստեղծվել Ադիս Աբեբայում, որը շուտով իր շարքերը լրացնելու էր Օսմանյան բռնություններից մազապուրծ հայերի հոսքով: Հայերը, ընդհանուր առմամբ Եթովպիայում հանգիստ կյանք են վարել:
Հայաստանի նման, Եթովպիան քաղաքակրթական պետություն է: Հայաստանը 301 թվին դարձավ առաջին քրիստոնյա թագավորությունը, իսկ Ակսումը կամ Ակսումի պետությունը, որ Եթովպիա դարձավ հետագայում, հետեւեց նրան` ընդունելով քրիստոնեությունը մի քանի տասնյակ տարիներ անց: Ինչպես հայկական Առաքելական եկեղեցին, Եթովպիայի ուղղափառ եկեղեցին քրիստոնեության ամենահին հոգեւոր հաստատություններից մեկն է: Երկու եկեղեցիներն էլ դավանում են միեւնույն աստվածաբանությունը եւ մերժում են մ.թ. 451 թվի Քաղկեդոնի տիեզերական ժողովի դրույթները:
Մինչեւ 1974 թիվը, երբ կոմունիստները գահընկեց արեցին կայսր Հայլե Սելասիեին (1930-1974), եթովպիացիները հայերին մեծ տեղ էին հատկացնում իրենց երկրում: Հայերը Մենելիք II կայսեր օրոք (1881-1913) բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Նրանք եկեղեցիներ եւ վարժարաններ էին կառուցել, որոնք հիմք էին հանդիսացել, որ Եթովպիա-հայկական մշակույթը ծաղկունք ապրի:
Մարքսիստները ահ ու սարսափի մթնոլորտ առաջացրին` առգրավելով մասնավոր սեփականության կառույցներ: Ազգայնայվեցին հայկական վարժարանները եւ մինչ ուղղափառ եկեղեցու պաշտամունքը թույլատրվեց, հայկական (առաքելական) եկեղեցապատկան գույքը առգրավվեց` լարվածություն ստեղծելով հայկական եւ եթովպիական համայնքների միջեւ:
ՀԲԸՄ-ն ժամանակին անդրադարձել է Ադիս Աբեբա եւ Հարեր քաղաքների հայկական համայնքների դժվարին կացությանը` վերջին 50 տարիների ընթացքում: Թվերն ինքնին խոսում են այդ մասին: Եթովպիայի հայկական բնակչությունը 1.600 հոգուց զգալիորեն նվազել է` հասնելով ընդամենը 120-ի կամ նույնիսկ ավելի պակաս: Սբ. Գեւորգ հայկական առաքելական եկեղեցին հիմնականում փակված է: Աշակերտների թվի նվազումը ստիպել է համայնքային Գեւորգով ազգային վարժարանի դռները բացել նաեւ եթովպիացի երեխաների առաջ, սակայն դա էլ չի օգնում:
1991-ի մայիսի 28-ին կոմունիստական ռեժիմը ի վերջո տապալվեց եւ Եթովպիայի հեղափոխական ժողովրդավարական ճակատը գրավելով մայրաքաղաքը, անցավ իշխանության գլուխ: Տարբեր կրոններ դավանող բնակչությունը ողջունեց կատարվածը: Մելես Զենաուին կառավարություն կազմեց եւ իշխեց մինչեւ իր մահը 2012-ին: Նրան հաջորդեց Հայլեմարիամ Դեսալենը: Ներկա վարչապետն է Աբիյ Ահմեդ Ալին, որ Եթովպիան կառավարում է 2018-ից: 2019-ին նա արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի:
Եթովպիահայերի խնդիրը ներկա պայմաններում այն է, որ չնայած կոմունիստական վարչակազմի տապալմանը, երկրում չի վերացել վերահսկողության եւ կենտրոնական ծրագրավորման մտայնությունը: Թեեւ ժողովրդի մեծամասնությունը արհամարհում է կոմունիստական վարչակազմի տարիները, նրանց հաջորդած կառավարությունները, այդուհանդերձ, իրենց ձեռքերում են պահել հայերից առգրավված ունեցվածքը: Սահմանադրությունը նաեւ թույլ է տալիս կառավարությանը խլել եւ քանդել որոշակի սեփական հաստատություններ` հանուն հանրային շահի: Եթովպիայի ներկա կառավարությունը կարծես տարված է Ադիս Աբեբան աֆրիկյան Դուբայի վերածելու մարմաջով: Մայրաքաղաքը արդիականացնելու նպատակով Աբիյը ցանկանում է իրականացնել խիզախ մի ծրագիր, որի շրջանակներում արդեն իսկ հողին են հավասարեցվել հին Ադիս Աբեբայի բազմաթիվ շինություններ, ներառյալ Արմեն Սեֆերը, հայկական հինավուրց տեղանքը, որպեսզի տեղ ազատվի բարձրահարկ երկնաքերերի, աշտարակների եւ այլ արդիական կառույցների համար:
Թեեւ, բարեբախտաբար, լայնատարած խտրականություն կամ հայատյացություն չկա երկրում, ինչպես ասենք` Թուրքիայում եւ Ադրբեջանում, Եթովպիայի բյուրոկրատները, առանց պատմությունից քիչ թե շատ տեղյակ լինելու կամ գնահատելու մշակույթների բազմազզանությունը, տրամաբանական չեն գտնում, որ հայկական համայնքին թույլատրվի պահպանել տարածքներ, որոնց չեն կարողանում ապահովել բավականաչափ ներկայություն: Այդ կապակցությամբ ճնշումներ են կատարվել, որպեսզի հայերը կամ այդ տարածքները հանձնեն կառավարությանը, կամ էլ, հատկապես վարժարանների պարագայում, զրկվեն վարչական վերահսկողությունից: Աբիյը մեծ նորարար է պատկերացնում իրեն, նմանակը Եթովպիայում Բարոն Ժորժ-Էօժեն Հաուսմանի, ով 19-րդ դարի սկզբներին վերակառուցեց Փարիզը: Կրոնական հավատարմության մեջ էլ նա նորարարության կողմնակից է եւ ուղղափառ եկեղեցու հին ավանդույթներին հետեւելու փոխարեն նախընտրում է փորձարկել ավելի եռանդուն հոգեգալստյան քրիստոնեությունը:
Բայց եթե Աբիյը ցանկանում է վերափոխվել, ապա նա կարող է ջանքեր գործադրել հասարակությանը կոմունիստների հասցրած վնասները վերացնելու ուղղությամբ: Փոխանակ թույլ տալու, որ 20-րդ դարի ամենավայրագ վարչակազմի պատճառով է՛լ ավելի նոսրանա ու թոշնի, նա պարտավոր է վերադարձնել հայկական բռնագրավված սեփականությունները: Այդպիսով նա նոր շունչ կհաղորդի համայնքին, որն այդքան շատ բան է արել կառուցելու Ադիս Աբեբան եւ քաղաքում ձեւավորելու կոսմոպոլիտ մշակույթը:
Երեւանի դիվանագիտական աջակցությամբ Եթովպիայի հայկական համայնք կարող է գոյատեւել: Այդ հարցում Հունաստանի օրինակը կարող է օգտակար լինել: 2023-ին Եթովպիայի կրթության նախարարությունը Ադիս Աբեբայում գործող Հելլենիստական միջազգային վարժարանին դատի տվեց` պահանջելով ենթարկվել պետության կազմակերպչական ստանդարտներին եւ հրաժարվել համայնքային կառավարումից: Երկրի բյուրոկրատները նաեւ մեղադրեցին վարժարանին, որ անգլերենի ուսուցման շահութաբեր կենտրոնը պատշաճ մակարդակով չի կատարում իր հարկային պարտավորությունները: Հույների մոտ կառավարության այս քայլը զուգահեռներ առաջացրեց Թուրքիայի հետ, որտեղ հունական վարժարաններին եւ սեմինարիաներին տիրանալով իրականացվում էր մշակութային դանդաղ ցեղասպանություն ընդդեմ հույն ուղղափառ համայնքի:
Երբ Եթովպիայի ֆեդերալ գերագույն դատարանը հարկադրեց պետական վերահսկողություն սահմանել վարժարանի նկատմամբ, Հունաստանի արտգործնախարարությունը զուսպ, բայց հրատապ դիվանագիտական քայլեր ձեռնարկեց, որին ուղեկցեցին արտգործնախարարների տեղակալների մակարդակով այցելություններ, որոնք ի վերջո 2025-ի դեկտեմբերին համաձայնության եկան վարժարանը հռչակել հունական համայնքի մշակութային ժառանգությունը պահպանող օջախ, երաշխավորելով նրա ինքնուրույն գործելու իրավունքները:
Ճիշտ է, հայկական համայնքը փոքր-ինչ տարբեր խնդիրներ ունի, բայց մշակութային ունեցվածքի վերահանձման եւ ինքնուրույն գործունեություն ծավալելու իրավունքի նախադեպը մնում է անհերքելի փաստ: Մինչ հայաստանյան քաղաքացիական ընկերություններ եւ սփյուռքահայ կազմակերպություններ փորձում են պահպանել Լ. Ղարաբաղի եւ Երուսաղեմի մշակութային ժառանգությունները, նրանք, ՀՀ արտգործնախարարության օժանդակությամբ չպետք է անտեսեն Եթովպիայի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրները: Աբիյը կարող է արձագանքել, բայց միայն այն դեպքում, եթե նրանից պահանջեն:
ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆ
«Middle East Forum»ում քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)
