Ծրագրի հանդիսավոր մեկնարկը տրվեց քաղաքի բազմամարդ հրապարակում
Անցած կիրակի` հունիսի 30-ի երեկոյան, Գյումրու կենտրոնական հրապարակում տոնական մեծ հանդիսությամբ տրվեց «Գյումրին ԱՊՀ երկրների 2013 թ. մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի պաշտոնական մեկնարկը: Վարդանանց հրապարակում էր ողջ Գյումրին, որի հետ այս իրադարձությանը մասնակցելու էին եկել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Անկախ պետությունների համագործակցության երկրներից ու հումանիտար համագործակցության կառույցներից բարձրաստիճան հյուրեր, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, գիտության, արվեստի, մշակույթի գործիչներ, այլ հյուրեր:
Հանդիսության պաշտոնական մասում առաջինը հանդես եկավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը նաեւ ԱՊՀ երկրների մշակութային ծրագրերի խորհրդի նախագահն է: Մտովի մեկ տարի հետ գնալով ու հիշեցնելով, որ 2012 թվականին` հայ գրատպության 500-ամյակի տարում Երեւանը հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք, նա նշեց, որ մեկ տարի անց Գյումրու իրավամբ արժանանալը եւս մի նոր տիտղոսի` ոչ պակաս պատվաբեր, հեղինակավոր ու պատասխանատու իրողություն է:
Նախարարն ընթերցեց այս իրադարձության առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրն ուղղված է ԱՊՀ երկրների միջեւ մշակութային երկխոսության խթանմանը եւ այս բնագավառում նրանց ներուժի միավորմանը: Այն կոչված է բացահայտելու մայրաքաղաքներից դուրս առկա ստեղծագործական ռեսուրսները եւ ամրապնդելու ԱՊՀ ժողովուրդներին կապող մշակութային համագործակցության անտեսանելի լարերը… Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ այս հրաշալի ծրագրի առաջարկի հեղինակը Հայաստանի Հանրապետությունն է: Ուրախ եմ նաեւ, որ հազարամյակների պատմություն ունեցող Շիրակի մարզկենտրոն Գյումրին է իրականացնելու այս կարեւոր առաքելությունը. քաղաք, որը լավագույնս պահպանել ու նորովի զարգացրել է մեր ժողովրդի ազգային ու մշակութային լավագույն ավանդույթները, քաղաք, որն արդեն իսկ մեզանում հայտնի է որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, քանի որ այն հայ մշակույթի նշանավոր բազմաթիվ գործիչների ծննդավայրն է:
Վստահ եմ, որ 2013 թվականին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելու փաստը նոր անմոռաց էջ կգրի Գյումրու կենսագրության մեջ:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին եւ մասնակիցներին, մաղթում տպավորիչ եւ բովանդակալից օրեր»:
Շնորհավորելով գյումրեցիներին եւ բոլոր ներկաներին, Համագործակցության մշակութային մայրաքաղաքի վկայագիրը պաշտոնապես Գյումրու քաղաքապետին հանձնեց ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Սմբատյանը: ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւի ողջույնի խոսքը հնչեցրեց վերջինիս տեղակալ Տոկտասին Բուզոբաեւը : Շնորհակալության խոսքով հանդես եկան քաղաքապետ Սամվել Բալասանյանը , Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը , նշելով, որ սա Գյումրու համար մեծ պատիվ ու պատասխանատվությունից բացի նաեւ աշխարհին ներկայանալու հնարավորություն է:
Հանդիսության պաշտոնական մասին հաջորդեցին մինչեւ ուշ երեկո տեւած տոնական մեծ համերգն ու շքեղ հրավառությունը:
Հիշեցնենք, որ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք- Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագիրն առաջադրել են ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհուրդը եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը 2010 թվականին: 2011 թվականին այն հավանության է արժանացել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: 2012 թ. դեկտեմբերի 5-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հաստատվել է Համագործակցության մշակութային մայրաքաղաք միջպետական ծրագրի կանոնակարգը, եւ Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքը ճանաչվել է 2013 թվականի ԱՊՀ մշակութային երեք մայրաքաղաքներից մեկը: Մյուս երկուսը Բելառուսի Մոգիլյով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքներն են:
Մշակութային մայրաքաղաքի ծրագրով Գյումրիում տարվա ընթացքում կանցկացվեն չորս եւ կես տասնյակի հասնող բազմաբնույթ ձեռնարկներ, որոնք կկազմակերպվեն մինչեւ նոյեմբերի 2-ը: Երեկ նախատեսված էր այս շրջանակներում սկսվող «Դուետ» թատերական փառատոնի առաջին ներկայացումը, որով հանդես էին գալու Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի արտիստները: