Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել:
Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։
Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել: Հաղորդվում է զոհերի մասին:
Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարվածել է Իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին՝ մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Քուվեյթի «Ալ Ահմադի» նավահանգստում վառելիքի մատակարարման համար նախատեսված ամերիկյան նավամատույցի վրա: Դրանից բացի՝ հարված է հասցվել նաև Բահրեյնի «Շեյխ Իսա» ավիաբազայում գտնվող ամերիկյան ռազմական ինքնաթիռներին։
Հարվածի են ենթարկվել նաև Բահրեյնում գտնվող «Batelco» հետախուզական տվյալների մշակման կենտրոնը և Քուվեյթում կապի ու նախազգուշացման ամերիկյան օբյեկտը: ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ շարունակում է լիակատար վերահսկողություն պահպանել Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ոչ տեղական աղբյուրներին, հաղորդում են նաև Հորդանանի «Մուվաֆակ աս Սալթի» ավիաբազայում գրանցված պայթյունների մասին:
ԻՀՊԿ-ն իր պաշտոնական հայտարարության մեջ հայտնել է Հորդանանում ամերիկյան «Էլ Ազրակ» ռազմակայանում կործանիչների համար նախատեսված անգարներին և խոշոր կայանատեղիին հզոր համակցված հրթիռային-անօդաչու հարված հասցնելու մասին:
Քուվեյթը հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել երկու էլեկտրակայաններ և ջրի մաքրման կայաններ, հարձակումների և առաջացած հրդեհի հետևանքով տուժել են մի քանի հրշեջներ:
Հորդանանի բանակն էլ հայտարարել է, որ երկրի օդային տարածք մտած չորս ԱԹՍ է խոցել։
Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով երկու նավթատար է պայթել: Իրանական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նողուցով: Իրանից նախազգուշացրել են՝ եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները, Իսլամական Հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների:











