Վաղը լրանում է 9-րդ ամիսը, որ Արմեն Աշոտյանը կալանքի տակ է։ Նա քաղբանտարկյալ է։ Որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, դա արձանագրել է նաև Եվրոպայի ամենամեծ, վերազգային կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որի անդամ է այժմ փորձում դառնալ Քաղաքացիական պայմանագիրը։ Լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եվ այդ ճանապարհին ՔՊ-ի կոկորդին կանգնած են մյուս քաղբանտարկյալները և առաջին հերթին՝ Արմեն Աշոտյանը։
Ես ուզում եմ երկու փաստաթղթի անդրադառնանք. առաջինը «Տելեգրաֆի» վերլուծական կենտրոնի լրջագույն գնահատականն էր ժողովրդավարությանն ինդեքսի մասով, որտեղ Հայաստանը հիբրիդային ժողովրդավարության իր ցուցիչում իջեցրել էր իր դիրքերը, և բռնվեք՝ չընկնեք, այսօր այդ ցուցիչով Հայաստանից ավելի ժողովրդավար են Զամբիան, Մալին, Բուրկինա Ֆասոն և Պապուա Նոր Գվինեան։ Այն Պապու Նոր Գվինեան, որտեղ կուրու ցեղախմբերը մինչև հիմա էլ մեկումեջ մարդ են ուտում, այսինքն՝ զբաղվում են հանիբալիզմով»,- ասաց նախկին պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները դեռևս մարդ չեն ուտում, ինչպես վերոնշյալ ցեղախումբն անում է Պապուա Նոր Գվինեայում, սակայն մարդակերության փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի, օրինակ, դատարանում մահանա Արմեն Գրիգորյանը (նկատի ունի 2022 թվականի հուլիսի 15-ին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատական նիստում մահանալը՝ խմբ.)։
«ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ 9 ամիս այստեղ պահելով՝ Արմեն Աշոտյանն այստեղ մահանա։ Հիմա տրամաբանական հարց է ծագում՝ ո՞րն է ավելի լավ. միանգամից ուտե՞լ մարդուն, այսինքն՝ զբաղվել հանիբալիզմով, թե այսպես մարդկանց սպանել՝ ենթարկելով քաղաքական հալածանքների»,- հարց հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ երկրորդ՝ Freedom House-ի զեկույցին՝ նախկին պատգամավորը շեշտեց՝ այնտեղ ուղղակիորեն ջախջախված էր դատական համակարգի «անկախության» միֆը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող հրահանգներ տալ դատարաններին, քանի որ դրանք անկախ են։
«Բայց մինչև այդ էլ ասում էր՝ «Այս երկրում կա՞ մի դատավոր, որ իմ հրահանգը չկատարի»։ Եվ այսպես, Freedom House-ի գնահատականներով՝ դատական ատյաններն ախտահարված են կոռուպցիայով։ Ավելին՝ նույն իրավապաշտպանբ կազմակերպության գնահատականներով Հայաստանում քաղաքական ազդեցությունը դատական գործերի վրա աննախադեպ է, ինչի վկայությունն է Արմեն Աշոտյանի դատը, ինչի վկայությունն է Նարեկ Մալյանի ֆարսը, ինչի վկայությունն է Մամիկոն Ասլանյանը և այն մյուս դատական գործերը, որտեղ ակնհայտ է քաղաքական կոմպոնենտը»,- նշեց նախկին խորհրդարանականը։
Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի արևմտյան տերերը նրան դեռևս համարում են իրենց լավագույն գործիքը՝ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար։
«Ես չեմ բացառում, որ գալու է այն օրը, երբ այս կազմակերպությունները Հայաստանին ուղղակիորեն դնելու են ծանրագույն սանկցիաների տակ»,- ամփոփեց Զոհրաբյանը։