Սակայն դրանք հազիվ թե ձախողումից փրկեն Էրդողանի կառավարության եգիպտական քաղաքականությունը
«Ազգի» հուլիսի 12-ի համարում, անդրադառնալով Եգիպտոսի քաղաքական զարգացումներին, կարծիք էինք հայտնել, որ Թուրքիայի հակազդեցությունը դրանց հանգեցրել է եգիպտա-թուրքական հակասությունների, որոնք հետագայում կստեղծեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քաթարի հետ թուրքական պետության հարաբերությունների սրման անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Այս երեք պետությունները ոչ միայն ողջունել էին Եգիպտոսի պաշտպանության նախարար, եգիպտական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Աբդուլ Ֆաթթահ ալ Սիսիի հուլիսի 3-ի հեղաշրջումը, այլեւ նրա ձեւավորած ժամանակավոր կառավարությանը տրամադրել են զրո տոկոսով 12 մլրդ դոլարՙ 4 մլրդ-ը նվիրատվության կարգով: Հակառակ այս պետությունների, Թուրքիանՙ ի դեմս վարչապետ Էրդողանի կառավարության, խստագույնս դատապարտել էր հեղաշրջումը եւ ձայնակցելով «Մուսուլման եղբայրներին», պահանջել, որ նախագահի պաշտոնում վերականգնվի Մուհամմեդ Մուրսին:
Հեղաշրջման պարագայում ակնհայտ է, որ խնդիրը Մուրսին չէր, այլ նրա թիկունքում կանգնած «Մուսուլման եղբայրների» շարժումն ու շարժման տարբեր մասնաճյուղերի առկայությունը արաբական գրեթե բոլոր երկրներում:
Այլ կերպ, Թուրքիան, դատապարտելով ալ Սիսիի հեղաշրջումը Եգիպտոսում, փաստորեն սատար է կանգնում «Մուսուլման եղբայրներին», որոնց ներկայությունն բավականին տհաճ է Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Պարսից ծոցի արաբական երկրներին, Հորդանանին եւ մյուսներին: Մինչդեռ Թուրքիան կարծես ազդարարելու համար «հարեւան երկրների հետ առկա երկրները զրոյականացնելու» քաղաքականության ձախողումը, արդեն սրել էր հարաբերությունները Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ:
Հիմա էլ նա ձեռնամուխ է եղել հարաբերությունների սրմանը տարածաշրջանային երկրների հետ, որոնց մեջ առանցքային տեղն ունի Եգիպտոսը: Դա, եթե ոչ Թուրքիայի օտարմանը, գոնե կհանգեցնի տարածաշրջանում նրա մեկուսացմանը, մանավանդ որ նա դեռեւս չի հարթել հակասությունները Իսրայելի հետ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը տարակուսանքով է հետեւում վարչապետ Էրդողանի կառավարության գործողություններին:
Համենայն դեպս, Եգիպտոսի հետ Թուրքիայի հակասությունները անշեղորեն սրվում են: Երեկվա համարում հենց այդ հարցն էր արծարծել «Սաբահը»: Թուրքական թերթը նշել էր, որ հուլիսի 26-ի «կոտորածը» ալեկոծել է Թուրքիան, հեղաշրջման հակառակորդ 200 ցուցարարի սպանությունից հետո Թուրքիան որոշել է պատժամիջոցներ կիրառել Եգիպտոսի դեմ եւ կասեցրել է մի մասը այն 27 համաձայնագրերից, որոնք ստորագրվել էին վարչապետ Էրդողանի անցյալ տարվա այցելության ժամանակ:
Ըստ թուրքական թերթի, կասեցված համաձայնագրերը վերաբերում են տրանսպորտի, կրթության եւ առողջապահության ոլորտներում նախատեսվող եգիպտա-թուրքական համագործակցությանը, որի շրջանակներում թուրքական կողմը չեղյալ է հայտարարել անօդաչու 10 ինքնաթիռի վաճառքը եգիպտական կողմին, հրաժարվել է համատեղ զորավարժություններից, դադարեցրել է Իսկենդերունի եւ Պորտ-Սաիդի միջեւ իրականացվող լաստանավերի չվերթները: Ավելին, Եգիպտոս չի ուղարկել դեռեւս հուլիսի 4-ին Կահիրեում նշանակված նոր դեսպան Ահմեդ Յըլդըզին:
«Սաբահը» ընդգծված կառավարամետ թերթ է, գրածներն էլ հավանաբար ճիշտ են, բայց կիսատ: Այն առումով, որ եգիպտական իշխանությունները հեղաշրջման առաջին օրերին Թուրքիայի Իսկենդուրուն նավահանգստից Պորտ-Սաիդ հասած լաստանավին արգելել էին մտնել նավահանգիստ, որը եկել էր Եգիպտոսում փոխադրման սպասող թուրքական 300 բեռնատարների համար:
Հուլիսի 11-ին Եգիպտոսը երկրի ներքին գործերին միջամտելու համար պաշտոնական նոտա էր տվել Թուրքիային, իսկ օրերս դադարեցրել է մուտքի վիզայի տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին: Այսինքն Թուրքիան կասեցրել է արդեն եգիպտական իշխանությունների կասեցրած համաձայնագրերը:
Ինչ վերաբերում է զորավարժություններին, ակնհայտ է, որ հեղաշրջումը ամենախիստ ոճով դատապարտող, առավել եւս նորանշանակ իշխանություններին ցուցարարների ջարդ կազմակերպելու մեջ մեղադրող Թուրքիայի հետ եգիպտական բանակը համատեղ զորավարժություններ չէր անցկացնի: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ «Սաբահի» նշած «պատժամիջոցները» ոչ այլ ինչ են, քան քաղաքական նախահարձակ քայլ, որը սակայն հազիվ թե փրկի Էրդողանի կառավարության հեղինակությունը Եգիպտոսում: