Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ համաժողովը կազմակերպել էր խորհրդաժողովի համադրող կազմը, որին անդամակացում էին տարբեր համայնքների ներկայացուցիչներ, սակայն անզեն աչքով նկատելի էր, որ կազմակերպչական աշխատանքներում զգալի է ՀՅԴ մասնակցությունը: Ամեն դեպքում դա չխանգարեց, որպեսզի քննարկումներն անցնեն բաց ու ազատ մտքերի փոխանակման մթնոլորտում: Ավելին, շատ հրավիրյալներ չէին կարողացել ներկա գտնվել անձնական պատճառներով, բայց շատ կարեւոր անհատներ էլ ուշացումով էին իմացել եւ այլեւս չէին կարողացել մասնակցել դահլիճի սահմանափակ տեղերի պատճառով:
Այսպիսով, 25 երկրներից ժամանած 150-ից ավելի պատվիրակները ունկնդրեցին նախօրոք ընտրված բանախոսների ելույթները, ապա նրանց հարցեր ուղղեցին, շատերը հանդես եկան հակիրճ ելույթներով:
Բացման խոսքում խորհրդաժողովի համադրող մարմնի անդամ Հովսեփ Տեր-Գեւորգյանը նշեց, որ 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հայկական ազգային շահերից՝ Հայոց Ցեղասպանության եւ Արցախի թղթածրարներից հրաժարվելը, Արցախի բռնի հայաթափումը, ինչպես նաեւ հայկական ինքնության դեմ ուղղված սպառնալիքներն ու ազգային հաստատությունների՝ հայ եկեղեցու դեմ հարձակումներն աննախընթաց օրհասական իրադրություն են ստեղծել ամբողջ հայկական աշխարհի համար:
Խորհրդաժողովի չորս հիմնական թեմաներն էին՝ Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում եւ քաղաքական օրակարգը. Ազգային արժեքների եւ Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման առումով. նոր իրավիճակի մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցերը եւ Սփյուռքի զորաշարժն ու վերաշխուժացումը՝ հանուն համահայկական նպատակների: Այս նպատակների շարքում հատկապես կարեւորվեց հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու ողջ հայության ակտիվ մասնակցությունը: Այս հարցում թերեւս ժողովականների վրա հակասական ազդեցություն ունեցավ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բոցաշունչ ելույթը, որի հիմնական միտքն այն էր, որ սփյուռքն առժամանակ պետք է մի կողմ թողնի իր խնդիրների քննարկումը եւ կենտրոնանա հունիսի 7-ի ընտրությունների վրա, քանզի այդ օրն է որոշվելու Հայաստանի ապագան՝ կլինի՞ հայկական պետություն, թե՞ մենք կկոցնենք նաեւ մեր պետականությունը: Իհարկե, անժխտելի է, որ գալիք ընտրությունները վճռորոշ են լինելու ողջ հայության ապագայի համար, քանի որ դրանք իրենց ազդեցությունն են ունենալու ոչ միայն հայաստանցիների, այլեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, Հայ Առաքելական եկեղեցու եւ ածանցյալ այլ բնագավառների վրա:

Բայց այստեղ մի շատ կարեւոր հարցադրում կա, որ ցանկանում ենք ուղղել հայաստանյան ընդդիմությանը. իսկ ի՞նչ է արել ընդդիմությունը 2021 թվականի ընտրություններից հետո, որպեսզի հայաստանյան հասարակությունը այսօր կոտրած տաշտակի առջեւ չկանգնի: Այդ ընտրություններից անմիջապես հետո պետք էր ամեն օր ու ամեն ժամ ընդդիմադիրները լինեին Հայաստանի մարզերում, դուրս գային սոցիալական ցանցերից ու առցանց ելույթների ձեւաչափերից, շփվեին հասարակ մարդկանց հետ, ներկայացնեին իրենց ծրագրերը, այնինչ միայն հիմա, ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ, սփյուռքին օգնության կոչ են ուղղում: Ներողամիտ կլինեք, բայց սա ընդամենը քաղաքական կարճատեսության արդյունք է: Իհարկե, սփյուռքը կրկին մնում է մտահոգ, եւ կրկին իր բարոյական ու մասնագիտական աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին, ինչին անդրադարձ կատարվեց նաեւ խորհրդաժողովի բազմաթիվ ելույթներում եւ եզրափակիչ հայտարարության տեքստում, որն ընդունվեց միաձայն:

Ինչեւէ, վերադառնալով խորհրդաժողովի հիմնական այլ թեմաներին, նշենք, որ անչափ կարեւոր էր Արցախի պատվիրակության ներկայությունը եւ արցախահայության ապագայի, Բաքվում գտնվող պատանդների ու գերիների, Հայաստանում գտնվող արցախցիների խնդիրների մասին մտքերի փոխանակումը: Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի ելույթի հիմնական պատգամը հստակ էր՝ Արցախի էջը փակված չէ, գերիների խնդիրը պետք է լինի օրակարգի առաջնահերթություններից եւ, իհարկե, արցախահայության վերադարձի իրավունքը պետք է լինի միջազգային տարբեր հարթակներում քննարկման թեմա:
Այս խնդրին իր ելույթում անդրադարձավ նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նշելով որ Հայաստանում այսօր ամեն օր սպանում են Արցախ վերադարձի հույսը: Եվ այս խնդրում, քանի որ իրենց ռեսուրսները սահմանափակ են, միակ աջակիցը մնում է հայկական սփյուռքը: Նրա ասելով, այսօր Հայաստանում գրանցված 25 հազար արցախցի շահառուներից միայն 2500-ն են, որ կարողացել են երկարաժամկետ հաստատվել Հայաստանում: Լավատեսական էր նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի պատգամը, որ պետք չէ ընկճվել պարտություններից՝ «Մենք ի վերջո հաղթելու ենք: Չկասկածեք»: Եվ այս հարցում նա կարեւորեց սփյուռքի դերը:

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի ատենապետ Յոնաթան Շփանգենբերկն էլ նշեց, որ Արցախում կատարվածը ցեղասպանություն է եւ այս խնդիրի միջազգայնացման հարցում մայիսին Երեւանում կայանալիք ԵՄ քաղաքական խորհրդաժողովից առաջ անելիք կա:
Արցախի հարցին անդրադարձան նաեւ այլ բանախոսներ: Շվեյցարիայի Հայկական միությունների խորհրդի նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը ներկայացրեց Արցախին նվիրված խորհրդաժողովի տված արդյունքները եւ պատգամավորների միջոցով տարված աշխատանքը, որի արդյունքում ընդունվեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի մասին հայտնի որոշումը: Կարեւոր էր նաեւ ԱՄՆ-ից Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերի հանձնախմբի անդամ, իրավաբան Գառնիկ Գերքոնյանի ելույթը, որը հստակորեն նշեց , թե ինչու է կարեւոր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի արծածումը: Նրա ասելով, եթե չկարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել այդ նարատիվը, ապա Սումգայիթի ու Բաքվի ջարդերից սկսած մինչեւ Արցախի հայաթափումը իրենց շարունակությունն են գտնելու Ադրբեջանի ցեղասպանական նոր ծրագրերում:
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ներկայացրեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի կատարած աշխատանքները, որին մաս են կազում եվրոպական 15 հայկական համայնքների ներկայացուցիչներ: Նրա պատգամն էլ կարեւոր էր, որ անկախ այն հանգամանքից, թե ով է այսօր Հայաստանում իշխանության, իրենք կանգնած են հայոց պետականության եւ երկրի շահերի կողքին: Նույն միտքը արտահայտեց նաեւ IODA նախաձեռնության ընդհանուր քարտուղար, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանը, նշելով, որ սփյուռքը պետք է շարունակի ակտիվ աշխատել, առանց նայելու այօրվա կառավարության հետ առկա դժվարություններին: «Արցախի հարցը երկարաժամկետ ծրագիր է, պետք է, որ նոր սերնդին պատրաստենք այդ ուղղությամբ»,- ասաց նա եւ եզրակացրեց. «Եթե Հայաստանի կառավարությունը ձախողված է, ապա սփյուռքը պետք է գործի ինքնավար ձեւով»:
Ի դեպ, որոշ ելույթներում էլ հնչեց, որ թեեւ իրենք պահանջում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունում եւ հատուցում, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ:

Խորհրդաժողովին ուղերձներ էին հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես նաեւ ամերիկահայ քաղաքական գործիչ, Գլենդելի քաղաքապետ Արդի Գասախյանն ու Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Վերջինիս խոսքը ընթերցեց միության փոխնախագահ Ավետ Ադոնցը: Ողջույնի խոսքեր փոխանցեցին նաեւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Եկեղեցու հարցին անդրադարձ կատարեցին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Խաչատրյանը, Լիբանանի թեմի առաջնորդ Շահե արք. Փանոսյանը, Կանադայից Գառնիկ ավագ քահանա Գոյունյանը, դոկտոր Սարգիս Մեսրոպյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Հիմնական պատգամն էր, որ Հայաստանի իշխանությունների Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը իրականում հայ ինքնության եւ հայկական պետականության հիմքերի դեմ է: Հետեւաբար, նաեւ միասնական ուժերով պետք է կասեցնել այդ հարձակումը:
Սփյուռքի խնդիրներին անդրադարձ կատարվեց տարբեր զեկուցողների ելույթներում, որոնցից հատկապես կառանձնացնեի ամերիկահայ գրող, տնտեսագետ եւ ազգային անվտանգության խորհրդատու Վահան Զանոյանի, ֆրանսահայ լրագրող եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Եկավյանի, Լոս Անջելեսի համալսրանի պրոֆեսոր Հակոբ Կյուլիճեանի եւ հայտնի հրապարակախոս եւ «Դը Կալիֆորնիա կուրյեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի ելույթները: Զանոյանի հիմնական պատգամներից էր, որ այնպիսի համաշխարհային լծակներ պետք է մշակել, որ դրանք ուժ հաղորդեն Հայաստանի Հանրապետությանը: Եվ այդ ճանապարհին կարեւոր է հայկական կրթական համակարգի վերաստեղծումը, համաշխարհային հայկական բիզնես ցանցի ստեղծումը, մասնագիտական տեղեկատվական շարժումներն ու նոր տեխնոլոգիաների օգտագործումը, սփյուռքի մշակութային կենտրոններին տեր կանգնելը, համայնքների միջեւ կապերի ստեղծումը եւ այլն: Հակոբ Կյուլիճեանն էլ խոսելով Վռամշապուհ թագավորից մեզ հասած ազգային եւ մշակութային ժառանգության մասին, ներկայացրեց այսօրվա սփյուռքի վիճակը, որ Միջին Արեւելքի հայկական գաղութների դատարկումից հետո սփյուռքը Արեւմուտք է տեղափոխվել, եւ այսօրվա պարագայում կարեւորում է հայկական դպրոցի, լեզվի պահպանության խնդիրը: Սփյուռքի հայության միայն 4.5 տոկոսն է հաճախում հայկական դպրոցներ: Հարութ Սասուննյան էլ առաջարկեց սփյուռքը միավորել մեկ միասնական կառույցի տեսլականով՝ ստեղծելով սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած սփյուռքի խորհրդարան:
Ես որ մասնակցել եմ վերջին 25 տարիներին եվրոպական բոլոր համահայկական ժողովներին ու հավաքներին, կարող եմ միանշանակ ասել, որ այս տարիների ընթացքում մեր մարտահրավերները չեն փոխվել, ավելին՝ դրանք կրկնապատկվել են ավելի լուրջ խնդիրներով: Բայց հայության ինքնության պահպանության, արեւմտահայերենի, իսկ այժմ նաեւ սփյուռքում հայաստանցիների առկայության պարագայում՝ ընդհանրապես հայոց լեզվի պահպանության խնդիրը դարձել է օրախնդիր պահանջ: Սփյուռքի մասնատվածությունը, 44 օրյա պատերազմից հետո ողջ հայությանը համակած անտարբերությունը, Հայաստանի իշխող վերնախավի կողմից տարվող պարտվողական քաղաքականությունն ու անվերջ զիջումների շղթան, մարդկանց լայն զանգվածներին զրկել են հույսից ու հավատից: Եվ այս պայմաններում, իհարկե, շատ դժվար է սփյուռքին զորաշարժի ենթարկել, եթե սփյուռքում գործող կազմակերպությունների միջեւ չլինի համագործակցություն եւ առանց ամբիցիաների նվիրյալ աշխատանք:
Մի հարց հստակ է, որ երկօրյա քննարկումները եւ մտքերի փոխանակումը նոր լիցք հաղորդեցին կազմակերպությունների ներկայացուցիչներին, մտավորականներին եւ անհատ մասնակիցներին, որպեսզի իրենց համայնքներում տարածեն խոհրդաժողովի մասին տեղեկատվությունը: Սակայն կարեւոր մի հանգամանք պետք է հաշվի առնել ապագայում նման հավաքների կազմակերպման հարցում՝ դրանք պետք է ընդգրկեն ավելի լայն խավերի եւ առնվազն սփյուռքում տարբեր ուղղություններ ներկայացնող կարեւոր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այդպիսով կամրապնդվի նաեւ միասնական ցանց ունենալու տեսլականի իրականացումը: Ինչպես խորհրդաժողովի կազմակերպչական մարմնի մյուս համադրող Տարոն Տեր-Խաչատրյանը նշեց իր եզրափակիչ ելույթում՝ «Հայաստանը միայն աշխարհագրական տարածք չէ, այն ողջ հայության Հայրենիքն է: Սփյուռքը միայն դիտորդ չէ: Վերանորոգենք մեր ազգային կամքը, ամրապնդենք Հայաստան-Սփյուռք կապը»:
Խորհրդաժողովի ընդունած հայտարարության վերջին մասում մասնավորապես նշվեց. «Համահայկական օրակարգերի նկատմամբ Սփյուռքի միասնականության, հզորացման եւ վերակազմակերպման անհրաժեշտությունն աներկբա է:
Հրամայական է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ, սփյուռքյան կառույցների եւ առհասարակ գործելակերպի արդիականացումը, գաղութների միջեւ ուղղակի համագործակցությունը եւ ներուժի հետեւողական ամրապնդումը: Սփյուռքի վերակազմակերպման գործընթացում հատկապես կենսական է երիտասարդության լիարժեք ներգրավումը: Սփյուռքի զորաշարժը պետք է կատարվի ռազմավարական ծրագիրների շուրջ՝ նկատի ունենալով հետեւյալ առաջնահերթությունները.
Աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության հզորացում՝ իբրեւ մեկ ազգի երկու բաղադրամասեր: Ազգային պետություն կերտելու գործընթացի սատարում: Հայ Դատի եւ համազգային նպատակների հետապնդում:
Սփիւռքի կենսունակությունն ու հզորությունը անքակտելիորեն կապված են մայր հայրենիքին: Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի ազգային-պետական շահերը եւ նպատակները անքակտելի են:
Մենք մերժում ենք ՀՀ ներկա իշխանությունների որդեգրած պառակտիչ եւ վանողական մոտեցումները: Փոխարենը, կոչ ենք ուղղում ստեղծելու առողջ, համակարգված եւ հավասարակշռված հարաբերություններ, որոնք միակ երաշխիքն են հզորացնելու հայ ազգը եւ անսասան պահելու հայկական պետականությունը: Համազգային պատասխանատվության գիտակցությամբ, մեր ներուժը պետք է ծառայի բացառապես համազգային նպատակների՝ ապահովելով հայության անվտանգ եւ երաշխավորված ապագան:
Այս նպատակով կարեւորում ենք ՀՀ բոլոր քաղաքացիների՝ անկախ իրենց գտնված վայրից, մասնակցությունը ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, առ այդ կոչ ենք անում նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ արտերկրում գտնվողներին, իրենց միջոցներով գնալ Հայաստան եւ մասնակցել ընտրություններին»:
Երկօրյա խորհրդաժողովը հիանալի հանդիսավարեց Թալին Թաշչյանը:
Խորհրդաժողովը եզրափակվեց Հայաստանի ու Արցախի օրհներգերի կատարմամբ, որը գլխավորեց ՀՄԸՄ ատենապետ Զաքար Քեշիշյանը:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ
Փարիզ-Պրահա









