Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին նվիրելու համար աշխատանքից հեռացվում է ցեղասպանության հուշահամալիր թանգարան-ինստիտուտի տնօրենը, Ադրբեջանում իշխանության հովանու ներքո հրատարակվում է նոր գիրք «Իրևան․ պատմության արձագանք և կորցրած ժառանգություն»:
Գիրքը պատրաստվել եւ հրատարակվել է Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի աջակցությամբ, որը փաստորեն համացանցը ֆիթնես տեսանյութերով ողողելու փոխարեն, զբաղված է միջազգային ինֆորմացիոն միջավայրը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրավունքների մասին «վավերագրերով» ողողելով:
Նախօրեին Օրվա թեմայի թողարկմանը անդրադարձել եմ նաեւ հենց այս՝ ճակատագրական նշանակություն ունեցող դիսբալանսին, երբ Հայաստանը հրաժարվում է իր միանգամայն լեգիտիմ իրավուքներից, իսկ դրա փոխարեն վարում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի մտացածին իրավունքները լեգիտիմացնող քաղաքականություն:
Ալիեւի դուստրն որ հարսնացուն մասնակցել են գրքի շնորհանդեսին:
Ավելորդ է գուցե ասել, թե ինչի «մասին» է գիրքը: Մեկ նախադասությամբ՝ գիրքը այն «մասին» է, որ Երեւանը իրական ադրբեջանական քաղաք է, որի պատմությունը մինչեւ 20-րդ դարասկիզբ, ըստ հեղինակների՝ եղել է ադրբեջանական:
Եթե որեւէ մեկին թվում է, թե սա պարզապես «հոբբի» է Ալիեւների ընտանիքի կամ ադրբեջանական հանրության համար, այլ ոչ թե պետական հետեւողական քաղաքականություն, ապա այդ մեկը կամ զբաղված է խորը ինքնախաբեությամբ, կամ պարզապես Հայաստանի հանրությանը խաբելով:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









