Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ԱՊԱՍՏԱՆ

31/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, «France-Arme՛nie», juillet-aout 2013, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

Երեւանի փողոցներում մերթ ընդ մերթ կարելի է տեսնել սիրիական համարանիշներով ավտոմեքենաներ: Սիրիահայերի կարելի է հանդիպել սրճարաններում, համալսարաններում, հանրախանութներում եւ այլուր: Նրանք մերժում են «փախստական» բնորոշումըՙ ապրելով Սիրիա վերադառնալու հույսի եւ հարաճուն թերահավատության միջեւ:

Հայաստան եկած սիրիահայերի մեծամասնությունը Երեւանում բնակվում է 2012-ի ամռանիցՙ այն հույսով, որ իրենց ներկայությունը չի հարատեւի: Սակայն ծննդավայր վերադառնալու հույսն օրեցօր չքանում է:

Սիրիահայերը Երեւանում տեսանելի են ամենուրեք: Երեկոյան նրանց կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակի սրճարաններում, սուպերմարկետներում կամ արեւելյան նպարավաճառանոցներում եւ ռեստորան-կաֆեներում: Հայաստանում սիրիահայերի ստույգ թիվը հայտնի չէ: Այս տարվա մայիսին նրանք մոտավորապես 8-10 հազար անձ էին, բայց այդ թիվը փոփոխվում է դեպի Արեւմուտք կատարվող արտագաղթի նորեկների հերթական ալիքների պատճառով: Վերջիններս սակավադեպ են դարձել 2012-ի դեկտեմբերին Հալեպի օդանավակայանի փակման հետեւանքով: Շատերը սպասում են Եվրոպայի կամ Ամերիկայի մուտքի արտոնության, որը 3500 եվրոյով վաճառվում է դեսպանատան որոշ անազնիվ պաշտոնյաների կապերի միջոցով: Ուրիշները հույսով սպասում են Սիրիայի իրադրության բարելավմանը: Ապահովության մեջ լինելու զգացումը տեղը զիջել է երկու մեծ տագնապների. մեկը Սիրիայում մնացած մերձավորների կյանքի համար մտահոգությունն է, մյուսըՙ վխտացող կողոպտիչների քմահաճույքին հանձնված ունեցվածքը կորցնելու մշտական անհանգստությունը:

Հալեպից տասն ամիս առաջ եկած տիկին Սիլվան, որը փիլիսոփա է, Հայաստանը համարում է «իդեալական երկիր դրամ ծախսելու եւ մաքուր օդում արձակուրդն անցկացնելու համար»: Միաժամանակ նա ցավով արձանագրում է, որ «այստեղ աշխատանք գտնելը դյուրին չէ»: Ամուսինըՙ Րաֆֆին, նույն կարծիքին է: Նա դեկտեմբերի վերջերին տեղ է հասել ամենավերջին չվերթով: «Նախախնամության շնորհն էր», ասում է նա: Սկզբում որոշել էր մնալ միայն մի քանի շաբաթ եւ հիմա անհամբերությամբ սպասում է չվերթի վերաբացմանը, որպեսզի կարողանա տուն վերադառնալ: «Ես սիրում եմ Հայաստանի գեղեցիկ բնապատկերները եւ մաքուր օդը, բայց իմ կյանքն այստեղ չէ», կրկնում է նա:

Իրադարձությունների բուռն ընթացքը հազարավոր ճակատագրեր է խաթարել: Անհամեմատ ցավալի ուրիշ պատմություններ հիշեցնում են Սիրիան ծվատող կեղտոտ պատերազմի իրողությունը: Խոսքը մասնավորապես Սիրիայի կանոնավոր բանակի նորակոչիկ Արմենի մասին է, որը դասալքել էր երկրի հարավում գտնվող իր զորամիավորումը: «Սիրիական ազատ բանակի» շարքերում իր ունեցած կապերի շնորհիվ նա կարողացել էր հասնել Հորդանանի սահմանի մոտ գտնվող «Զաաթարի» գաղթակայան: Մայրաքաղաք Ամմանում Հայաստանի դեսպանատան հանձնած անձնագիրը նրան թույլ տվեց հազարումի փորձությունների գնով ցամաքային ճանապարհով հասնել Հայաստան:

Երեւանում սիրիահայերի պատմածների մեջ ամենաահավորները թերեւս Հալեպ-Երեւան չվերթերում տեղ գտած եւ ցամաքով եկած վերապրողների պատմություններն են: Ապստամբների արգելափակոցների փորձություններին ենթարկված ընտանիքները դեռ պահպանել են իրենց ապրած հոգեկան ցնցումների հետքերը: Նրանք, ովքեր սպառնալիքների են ենթարկվել, այլեւս լսել անգամ չեն ուզում Սիրիայի մասին: Վտանգալից ճանապարհորդությունից հետո Հայաստան հասնելովՙ նրանք հայտնվեցին դժվարին իրավիճակներում: «Ոմանք առաջին գիշերն անցկացրել են իրենց ավտոմեքենայում: Այսօր այլեւս ոչ ոք դրսում չի քնում», հավաստիացնում է Հայաստանում ՀԲԸՄ սիրիական մասնաճյուղի պատասխանատու Արուժ Եսայանը: «Փորձում ենք մեր սեփական ակումբն ունենալ, որպեսզի կարողանանք շարունակել մեր համայնքային կյանքը, ինչպես Հալեպում», ասում է նա: Օղու բաժակը ձեռքին, նա նայում է դատարկությանը, անցյալին. «Ես 60 տարեկան եմ: Ամբողջ կյանքս այնտեղ է: Փորձում եմ իրերին անլուրջ նայել, այլապես անհնար կլինի շարունակել», ասում է եւ ծխում հերթական գլանակը մյուսի հետեւից: Նրա երեք պահեստներից երկուսը ցաքուցրիվ են եղել: Խոսքը թերեւս միլիոնավոր դոլարների մասին է: Ապստամբներն ապրանքները Թուրքիա են տեղափոխում լավ գնով վերավաճառելու համար:

Կարոտի եւ ապագայի նախագծերի միջեւ

Ինչ վերաբերում է սիրիահայ ուսանողներին, նրանցից մի քանի հարյուրը շարունակում են իրենց ուսումնառությունը Երեւանի համալսարաններում: Սովորաբար նրանք բնակվում են Կոմիտասի պողոտայում, որտեղ բնակվարձերը քաղաքի կենտրոնի պես չափազանց բարձր չեն: Նրանք հաճախում են դաշնակցական կամ հնչակյան ակումբներ, քանզի առայժմ որեւէ ուսանողական հայրենակցական միություն չի ստեղծվել: Ապագա քիմիկոս Կարոն ինձ պատմում է հալեպյան մի իրողություն. «Ընկերներիցս մեկն ուզում էր հեռուստացույց ձեռք բերել: Նա գնաց «Կարֆուր» խանութի մոտ, որտեղ կողոպտիչները վերավաճառում են գողացված ապրանքներ: Հեռուստացույցն արժեր 100 դոլարից պակաս: Թողնված թեյադրամից գոհ «վաճառողը» իբրեւ նվեր նրան տվեց, իր խոսքով, մի հաշվիչ: Հետագայում պարզվեց, որ վերջին սերնդի iPad է…»:

Կարոն այն երիտասարդներից է, որոնք ապագային նայում են լավատեսությամբ: Նա իրեն ավելի լավ է զգում Երեւանում, քան Բեյրութում, եւ գոհ է, որ համալսարանական ոչ մի կիսամյակ բաց չի թողել:

Սրճարանում Արուժը հանդիպում է իր բարեկամներին: Խմում են խաղաղության համար: Եթե հաջողվում է համացանցին միանալ, Հալեպի նորություններն են փոխանակում: Մի փոքրիկ Հալեպ են վերստեղծում լավ կամ վատ քաղցրավենիքներով զարդարված սեղանի շուրջը: Դեմքերը թաքցնում են մի խորին թերահավատություն: «Ասա՛ տեսնեմ, ես ի՞նչ կարող եմ անել այստեղ: Բոլոր գործերս մնացել են այնտեղ»: Այս հավաստումով Արուժը հիշեցնում է Հալեպի վաճառականների դժվարին կացությունը, որոնց գրեթե ամբողջ ունեցվածքը հիմնված է ապրանքների եւ ոչ թե փողի վրա: Ունեւոր ընտանիքների մեծամասնությունն անցյալ ամառ այդպես է հեռացել Հալեպից եւ Դամասկոսից, քանզի քաղաքներում բազմապատկվել էին կողոպուտի նպատակով կատարված առեւանգումները: Անշուշտ, բոլոր սիրիահայերը չէ, որ համանման բախտի են արժանանում. Կամիշլիից եկած հողագործների երեք տասնյակ ընտանիքներ հողեր են ստացել Ղարաբաղում, որտեղ նրանց աշխատանքը լավ է գնահատվում:

Ապրումակցությունը, կարեկցանքը, անտարբերությունը եւ նույնիսկ մերժումը Հայաստանի հայերի զգացումներն են Սիրիայի իրենց հայրենակիցների նկատմամբ: Արուժի եւ շատ ուրիշների կարծիքով, այդուհանդերձ, ակնհայտ է մեկ բան. ինչպես Սիրիայի, այնպես էլ Հայաստանի հայերը դեմքներին ապտակ են ստացել: Դրանով հասկանում ենք վատթարագույնի կանխատեսման բացակայությունը: Երկու ճամբարներն արագորեն անակնկալի եկան իրավիճակի լրջությունից: Ճիշտ է, եթե սիրիահայերի զանգվածային գաղթը համեմատենք Ադրբեջանի հայերի 1988 թ. արտագաղթի հետ, ապա կտեսնենք, որ վերջիններիս ճակատագիրն անհամեմատ պակաս նախանձելի էՙ նկատի ունենալով անկախացման հանգեցրած տարիների քաոսային համատեքստը Ղարաբաղի պատերազմի պայմաններում: Դեկտեմբերի վերջին Հայաստան հասած Գրիգորը իրատես է. «Մենք գանգատվելու իրավունք չունենք: Իշխանությունները սփյուռքի նախարարության միջոցով անվճար եւ անմռունչ նորացնում են մեր փաստաթղթերը: Կարող ենք առանց մեծ դժվարության ստանալ ՀՀ քաղաքացիություն: Սիրիական համարանիշներով մեր ավտոմեքենաներից տուրք չի գանձվում: Սփյուռքի նախարարությունը ծածկում է հիվանդանոցային ծախսերի զգալի մասը: Պետական համալսարանների ընդունելության ծախսեր մեզանից չեն պահանջում»:

Սիրիահայերի համակարգող հանձնախումբ

2012-ի հոկտեմբերին ստեղծված Սիրիահայերի համակարգող հանձնախումբը մեծ դեր է կատարում: Գրասենյակը ՀԲԸՄ երեւանյան գրասենյակում է: Երեք մարդ ծառայում է Լենա Հալլաջյանի եւ Թալին Աթթարյանի ղեկավարությամբ: Վերջիններս սերտորեն համագործակցում են սփյուռքի նախարարության հետ: «Անցած ձմեռը հատկապես ծանր էր Հայաստանի կլիմայի խստություններին անսովոր մարդկանց համար: Մենք ստիպված էինք դիմագրավել աննախադեպ իրավիճակի, որը զարգանում է շատ արագորեն: Այնպես որ սկզբնական շրջանում մենք մասնակցեցինք հագուստների եւ սննդամթերքի բաշխմանը: Եկվորների հիմնական ալիքը անցյալ տարվա ամռանն էր», նշում է Թալին Աթթարյանը: Մոտավորապես 1 տարի առաջ Երեւանում հաստատվելուց ի վեր նա անխոնջ կերպով ծառայում է իր հայրենակիցներին, համակարգելով սփյուռքից կաթիլ-կաթիլ ստացվող ֆոնդերի բաշխումը: «8 հազար սիրիահայերի մեջ կան մոտավորապես հազար վարձու աշխատողներ, որոնք բավական դժվարությամբ են վաստակում իրենց ապրուստը: Մենք ըստ ամենայնի ջանում ենք նրանց հնարավորություն տալ ունենալու պատշաճ կենսամակարդակ», շարունակում է նա: Մատյաններում գրանցված անձինք ամեն ամիս օգնություն են ստանում բնակվարձի եւ առողջապահական ծախսերի համար: Ստանում են նաեւ «Երեւան սիթի» հանրախանութների ցանցում գնումներ կատարելու կտրոններ, որոնցով «կարող են գնել ամեն ինչ, բացի ալկոհոլից եւ ծխախոտից»:

Զարմանքով տեղեկանում եմ, որ Հայաստանում Քուվեյթի դեսպանությունը Սիրիահայերի համակարգող հանձնախմբին մի կլորիկ գումար է փոխանցել համիսլամական բարեգործական մի հիմնադրամի միջոցով: Մյուս կարեւոր հարցը կացարանի հարցն է: Ըստ Լենա Հալլաջյանիՙ դա մնում է իր աշխատանքային խմբի թիվ 1 գերակայությունը: Եկվորների հոսքի պայմաններում գները կտրուկ բարձրացել են: Սփյուռքի նախարարության նախաձեռնությանն ընդառաջելովՙ ՀՀ կառավարությունը Աշտարակ, Էջմիածին եւ Մասիս քաղաքներում երեք անվճար հողատարածք է հատկացրել բնակարանաշինության համար: Աշտարակում 4,8 հեկտար տարածքի վրա կկառուցվեն առանձնատներ: «Կառավարությունը 500 հազար դոլարով մասնակցում է շինարարության ծախսերին: Սփյուռքի նախարարը փնտրում է հովանավորներ: «Գրանդ քենդին» 100 հազար դոլար նվիրատվություն է արել», մանրամասնում է Լենա Հալլաջյանը:

Սակայն դրամը արդեն չի բավականացնում: Անցյալ տարվա աշնանը ՀԲԸՄ-ի փոխանցած 150 հազար դոլարից քիչ բան է մնացել: Մյուս կողմիցՙ դեպի Սիրիա դրամական փոխանցումները հետզհետե դժվարանում են, եւ այս առումով հանձնախումբը վճռական դեր է խաղում: Այս իրավիճակը որքա՞ն կշարունակվի: Ամենքին հուզող այս ցավոտ հարցին առայժմ ոչ ոք չի կարող պատասխանել:

Նկար 1. ՀԲԸՄ սիրիական մասնաճյուղի պատասխանատուներ Արուժ Եսայանը եւ Թալին Աթթարյանը

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ Է ԴԻՄՈՒՄ ԵԳԻՊՏՈՍԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

«ԿԱՌԼՏՈՆԻՑ» ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՈՉ ԹԵ 40, ԱՅԼ 103 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԶԱՐԴԵՂԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԿԱՌԼՏՈՆԻՑ» ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է ՈՉ ԹԵ 40, ԱՅԼ 103 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԶԱՐԴԵՂԵՆ

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական