Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է զբաղվի տրանսպորտի հարցերով, դեռեւս վստահություն չի ներշնչում: Ըստ նրա` հանձնաժողովի լիազորությունները պետք է լինեն հստակ ու հասկանալի ինչպես ավագանու, այնպես էլ հասարակության համար:
Երեկ «Զարկերակ» ակումբում, անդրադառնալով նաեւ ավագանու լիազորություններին, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ նախորդ ավագանու ընդունած կանոնակարգի պատճառով ավագանու լիազորություններն այսօր խզված են: Բանախոսի համոզմամբ` կանոնակարգում պետք է փոփոխություն կատարվի, եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը կփորձի կատարել այդ փոփոխությունները, որոնք արդեն քննարկվում են: Նախատեսվում է, որ այս տարվա սեպտեմբերի հենց առաջին նիստում ավագանին սկսի աշխատել նոր կանոնակարգով, եւ դրա համար էլ հիմա կանոնակարգը լրամշակվում է:
Ստեփան Սաֆարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերին ավագանին քննարկման առարկա կդարձնի նաեւ Վերահսկիչ պալատի բացահայտումները, մասնավորապես փորձելու են շտկել քաղաքապետարանի կողմից արված հողահատկացումներին կապված հարցերը: