«Նավահանգստային քաղաքներ եւ տպագրիչներ»: Խորհրդածություններ վաղ շրջանի հայկական տպագրության շուրջ» խորագրով հուլիսի 12-ին դասախոսություն է կարդացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) արդի հայկական պատմության ամբիոնի վարիչ, դոկտ. Սեպուհ Ասլանյանը Քենսինգտոնում (Լոնդոն) գտնվող «Հայ տուն» մշակույթի կենտրոնում:
Հարգարժան պրոֆեսորը չափազանց գրավիչ կերպով ներկայացրել է հայկական նավահանգստային քաղաքների դերը հայ գրատպության ոլորտում: Նա կոչ է արել հայկական ուսումնասիրություններում այսուհետեւ առավել մեծ տեղ հատկացնել «ջրակենտրոն» (aquacentric) հայկական համայնքներին: Բրիտանական գրադարանում (British Library) պահվող վախճանված հայերի գույքացուցակներըՙ կազմված «East India Company» ընկերության կողմից, ըստ նրաՙ ավելի լուրջ ուսումնասիրությունների կարիքն ունեն:
Դոկտ. Ասլանյանի դասախոսությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ավելացնենք, որ պրոֆեսորը նման դասախոսություններով հանդես է գալիս տարբեր երկրներում եւ քաղաքներում: Անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի «Ռոլֆ» դահլիճում իր նախաձեռնությամբ անցկացվել էր գիտաժողովՙ նվիրված հայ տպագրության անցած հինգ դարերի պատմությանը: