Այսպիսի հայտարարություն է արել երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելելով ԼՂՀ զորամասերից մեկը: Վարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ. «Այս տոնն ունի պատմական նշանակություն ոչ միայն ԼՂՀ-ի բնակչության, այլեւ բոլորիս համար, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այստեղ է կերտվում ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ հայ ժողովրդի ապագան, որովհետեւ սա պայքար է հայկական ինքնության համար, եւ դուք այդ պայքարի հենց առաջին ճակատում եք»:
Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման եւ այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցինՙ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարության առաջին կարեւորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է: «Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիներին այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան նախորդ 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, մենք երբեք թույլ չենք տալու, որ ուժերի հավասարակշռությունը խախտվի», ասել է վարչապետը:
Դիմելով զինվորներինՙ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարեւորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը: «Այդ առումով մենք ապացուցել ենք մեր հարաբերական առավելությունը: Միաժամանակ, դուք էլ պետք է հասկանաք, որ սպառազինությունից ավելի էական նշանակություն ունեն ձեր կեցվածքն ու խիզախությունը, որը պետք է պահպանեք», ասել է Հայաստանի վարչապետը: