Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց նաեւ արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Եթե կայծակնային խաղում Հայաստանի ներկայացուցիչները մեկական ոսկե եւ բրոնզե մեդալ էին նվաճել, ապա արագ շախմատի մրցաշարում հանդես եկած մեր 7 շախմատիստներից Կարեն Գրիգորյանը դարձավ 3-րդ մրցանակակիր: Կարենը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավորՙ լրացուցիչ գործակիցներով զիջելով արծաթե մեդալակիր, ռուսաստանցի Դարսեն Սանժաեւին: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Գրիգորյանը հաղթեց Եվգենի Բիդային, Լարս Ռինդլիսբախերին, Ագո Տոմինգային, Վասիլի Կորչմարին, Միհրան Օհանյանին եւ Մաքսիմ Լուգովսկոյին, ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ, պարտվեց Դարսեն Սանժաեւին ու Գեորգ Աբոզենկոյին:
Գրիգորյանից հետո լավագույն արդյունքը ցույց տվեց մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մասնակից Կոնստանտին Յայլոյանը, որը 9 հնարավորից վաստակած 6 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:
Յայլոյանը շատ հաջող սկսեց մրցաշարըՙ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ Անդրեյ-Թեոդոր Դոլանայի, Տոնի Լազոնի, Հայկ Մարտիրոսյանի եւ Եգոր Կովալյովի նկատմամբ: 5-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց մրցաշարում 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի շախմատիստ Թիմուր Տրուբչանինովը: Հաջորդ տուրում հայ շախմատիստը կրկին հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով բուլղարացի Վլադիմիր Պետրովի նկատմամբ: Իսկ ահա ավարտական 3 տուրերում նա ընդամենը 1 միավոր վաստակեցՙ հաշտություն կնքելով Դավիթ Արկուտիի եւ Իլյա Չեկլեցովի հետ, պարտվելով բելառուս Միխայիլ Նիկիտենկոյին: 9-րդ տուրում կրած հենց այդ պարտությունն էլ Յայլոյանին զրկեց մեդալից:
Տարիքային այս խմբում Հայաստանի 2-րդ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը, որը կայծակնային խաղում գերազանց ելույթ էր ունեցելՙ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, 5 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Իսկ չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Եգոր Կովալյովը, որը վաստակեց 7 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած իր հայրենակից Թիմուր Տրուբչանինովից: Բրոնզե մեդալը նվաճեց ռումինացի Անդրեյ-Թեոդոր Դոլանան:
Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում Շանթ Սարգսյանը 5,5 միավորով գրավեց 8-րդ տեղը: Իսկ Արթուր Դավթյանը 3,5 միավորով 23-րդն էր: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Թիմուր Ֆախրուտդինովը, որը վաստակեց 8 միավոր:
Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում վարպետության թեկնածու Մանուել Պետրոսյանը 4,5 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Ոսկե մեդալին արժանացավ լիտվացի Տիտաս Ստրեմավիչյուսը, որը վաստակեց 7 միավոր:
Աղջիկների մրցաշարում Հայաստանից միայն Սոնա Ասատրյանը մասնակցեց արագ շախմատի Եվրոպայի առաջնությանըՙ հանդես գալով մինչեւ 14 տարեկանների մրցաշարում: Սոնան 5 միավորով 7-րդ տեղը զբաղեցրեց: Չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց էստոնացի Մաի Նարվան, որի հաշվին 6,5 միավոր գրանցվեց:
Այժմ պատանիները կվիճարկեն դասական շախմատի Եվրոպայի առաջնության պարգեւները: