Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտաճած է Թուրքիային, և Հայաստանի վրա  հարձակման վտանգը միշտ էլ առկա է. թուրքագետ

Հոկտեմբերի 23-25-ն Ադրբեջանում կայանալիք թուրք-պադրբեջանական զորավարժությունները, բնականաբար, աննպատակ չեն, և ըստ էության՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև երաշխավորված մեխանիզմներով խաղաղության պայմանագիր չկնքվի, նոր հարձակման վտանգը միշտ էլ կլինի։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Նելլի Մինասյանը։

Նրա խոսքով՝ թուրքական որոշ զինատեսակներ 44-օրյա պատերազմից հետո էլ շարունակում են մնալ Ադրբեջանում։

«Մինչև պատերազմը և պատերազմից հետո էլ թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվել են, ընդ որում՝ համատեղ խոշոր զորավարժություններ անցկացվել են գրավյալ Բերձորում և Կարսում։

Մյուս կողմից թուրք զինվորականները 44-օրյա պատերազմից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում. անգամ պաշտոնական մակարդակով խոսվում է 60 հոգանոց խմբի մասին, իսկ ահա ոչ պաշտոնական տվյալներով խոսք կա մինչև անգամ թուրքական ռազմաբազաների ստեղծման մասին։

Այնպես որ, այսօր Ադրբեջանը ռազմական ոլորտում սերտաճած է Թուրքիային, և Հայաստանի վրա  հարձակման վտանգը միշտ էլ առկա է»,- ասաց թուրքագետը։

Նելլի Մինասյանը միաժամանակ նկատեց, որ թուրք-ադրբեջանական տարածաշրջանային նկրտումներին իրական հակակշիռ և զսպիչ ուժ կարող են հանդիսանալ Իրանը և Արևմուտքը, որոնք երկուսն էլ գործնականում ցույց են տվել իրենց կենսունակությունը։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 23-25-ին Ադրբեջանում տեղի կունենան թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններ։ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» անունը կրող զորավարժությունները նվիրված են Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, ինչի համար Ադրբեջան են բերվել նաև թուրքական F16-եր և ուղղաթիռներ։

Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով՝ այդ թվում Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։