Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Սա չափազանց կարեւոր է. Հակոբ Բադալյան

Ուժեղ Հայաստան ֆրակցիայի պատգամավորը ասում է, որ Լոռու մարզպետը ստորագրել է ընտրության վերաբերյալ որոշում, որով փաստորեն ուժի մեջ է մտնում բարեգործության արգելքը, ինչի հետեւանքով փաստորեն գյուղացիները չեն կարողանում օգտագործել կոմբայնը, որ ստացել էին Ուժեղ Հայաստանից՝ հետընտրական շրջանում։ Մինչդեռ ներկայումս հունձքի շրջան է եւ կա այդ տեխնիկայի օգտագործման անհրաժեշտություն։

Խոսքն այն մարզպետի մասին է, որը գետն ընկած անչափահաս քույրերի ողբերգական դեպքի առիթով որոնողական աշխատանքի վայր էր գնում ռիլզ նկարելու համար խոսափողը ամրակցված։

Այն ուժի ներկայացուցիչները, որոնք իրենց գործունեության ըստ էության անբաժան ուղեկից են դարձրել քարոզչությունը, եթե չասենք՝ գործունեության հիմնական մաս, գրոհում են բարեգործություն երեւույթը։ Հրամանատարն իհարկե Նիկոլ Փաշինյանն է, որը նախորդ շաբաթ նենգափոխելով հասկացությունները ուզում էր միմյանց հակադրել պետությունն ու բարեգործությունը։ Քիչ է մնում, որ բարեգործությունը հռչակեն պետության թշնամի, այն դեպքում, երբ այդ երեւույթը մարդկային ու հանրային առաքինության մասին է։

Բայց մարդկանցից, որոնք խոշոր հաշվով իրենց կյանքում չեն ծանոթացել որեւէ հիմնարար բանի, քան այսպես կոչված ժողովրդավարության մասին արեւմտյան ձեռնարկներն են, թերեւս չարժե ակնկալել պետական ու հանրային երեւույթների վերաբերյալ այլ պատկերացումներ, քան այդ ձեռնարկներում արտահայտվածտ։ Իսկ այդ ձեռնարկներն այլ բան չեն եղել ու՝ չեն, քան պարզապես տարբեր երկրներ ազդեցություն տարածելու «էմիսարական ուղեցույցներ»։

Այս մասին կարելի է խոսել անվերջ։ Եվ սա շատ կարեւոր խոսակցություն է այնպիսի պետությունների ու հանրությունների համար, ինչպիսին Հայաստանն ու Հայաստանի հասարակությունը, ինչպիսին՝ հայ ժողովուրդը։

Սամվել Կարապետյանը օրինակ ասում է, որ ինքը բարեգործություն արել է այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չուներ։ Սա հնչում է ի պատասխան այն մանիպուլյացիայի, թե «հոսանքը հավելագրել են, ու այդ փողով բարեգործություն արել»։ Ակնառու, եւ նենգ մանիպուլյացիա, որովհետեւ հարվածը առհասարակ հանրությունների համար կարեւորագույն հատկանիշին է, ոչ թե կոնկրետ մարդուն միայն։

Վարկաբեկել բարեգործություն հասկացությունը Հայաստանի եւ հայ ժողովրդի պայմաններում, նշանակում է ըստ էության դիվերսիոն ներթափանցում հանրային արժեհամակարգ եւ բարոյական նկարագիր։ Որովհետեւ, մեր համեստ հնարավորություններով պետականության համար չափազանց կարեւոր է նաեւ հայկական կապիտալի այն ծավալի ներգրավումը, որ կա համաշխարհային ընդգրկումով։ Իսկ բարեգործությունը դա անելու խողովակներից մեկն է։ Կարեւորներից մեկը։ Կարեւոր նաեւ նրանով, որ այն ոչ միայն թույլ է տալիս լուծել խնդիրներ, այլ նաեւ թույլ է տալիս նպաստել հանրային արժեհամակարգային ու բարոյական նկարագրի ձեւավորմանը, ամրապնդմանը, հարստացմանը՝ փոխանցելով սերունդներին։

Որեւէ մեկը կարո՞ղ է չարաշահել բարեգործությունը, դրանով քողարկել իր նենգ նպատակները։ Իհարկե կարող է։ Բայց, դա մեղմ ասած բացարձակապես հիմք չէ մի ամբողջ երեւույթ վարկաբեկելու համար։ Կրկնեմ, այն էլ մի երեույթ, որը չափազանց էական է Հայաստանի ու հայ ժողովրդի պայմաններում։

Որովհետեւ, հայկական պետականության աշխարհագրական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները գերազանցում են ոչ միայն եղած, այլ նաեւ պոտենցիալ պետական հնարավորությունների հանրագումարը։ Եվ ըստ այդմ, ինչպես նշեցի, հավելյալ ռեսուրսների ներգրավումը՝ տարբեր խողովակներով ու մեխանիզմներով, այդ թվում՝ բարեգործությամբ, կենսական անհրաժեշտություն է։ Առնվազն՝ պետական պոտենցիալի ավելացման, գեներացման նոր հնարավորություններ ստեղծելու, նախադրյալների նոր հարթություն ձեւավորելու համար։

Հետեւաբար, բարեգործությունը՝ որպես հանրային առաքինության եւ կենսագործունեության առաջընթացի կարեւոր միջոցներից մեկը, ոչ միայն անթույլատրելի է վարկաբեկելը՝ որեւէ ձեւով, որեւէ առիթով եւ առավել եւս քաղաքական–անձնական մոտիվներով, այլ նաեւ պետք է խրախուսել։ Ընդ որում, խրախուսել հենց հանրային առաքինության արժեհամակարգային շեշտադրումների եւ պետական մտածողության ուղենիշների սկզբունքային շրջանակում։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան