Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Նույնիսկ հարկայինը զինված մտել է կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ. Լևոն Քոչարյան

Այն, ինչ մենք ունենք, ունենք օրինական ճանապարհով։ Ես սա ասել եմ և՛ ամբիոնից, և՛ հիմա եմ ասում: Հիմա դատական պրոցես է ընթանում. այդ ամենը, բնականաբար, ցույց ենք տալու, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Այն, ինչ կա՝ մեր անունով է գրանցված։ Քողարկված ոչինչ չկա։ Մենք, այս պայքարի մեջ լինելով, գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքն է գործում, այլ մեկ մարդու ցանկություն։

Շատ լավ հասկանում ենք, որ այն լկտիությունը, որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, հասկանում ենք, որ կարող է լինել բոլորի հետ՝ առավել ևս մեզ հետ։ Ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ։

Ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո գրեթե բոլոր ընկերությունները, որոնց մեջ մեր ընտանիքի որևէ անդամ ունի մասնակցություն, հարկայինը զինված մտել է ամեն տեղ։ Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ»,-նշեց Քոչարյանը։

Նա միաժամանակ նշեց՝ խանութներում որևէ խախտում չեն հայտնաբերել, որովհետև այդպիսիք ուղղակի չեն եղել։

«Աչք վախեցնելու գործողություն է եղել»,- ասաց Լևոն Քոչարյանը։