Azg.am-ի զրուցակիցն է Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիայի վարչության անդամ Արման Ղազարյանը։
-Արմա՛ն, գիտեմ, որ երեկ Վիեննայում բողոքի ակցիա է իրականացվել՝ ի պաշտպանություն արցախահայության։ Խնդրում եմ մանրամասնել՝ ի՞նչ բնույթի միջոցառում է տեղի ունեցել՝ ե՞րթ, հանրահավա՞ք, թե մեկ այլ ձևաչափով գործողություն։
-Մենք խաղաղ երթ ենք կազմակերպել Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցուց դեպի Վիեննայի պետական օպերա։ Մենք քայլել ենք Վիեննայի կարևոր փողոցներով։
-Ովքե՞ր էին բողոքի ակցիայի կազմակերպիչները։
-Բողոքի ակցիան կազմակերպել էինք մենք՝ Ավստրիայի հայ ուսանողական ասոցիացիան (ASV): Միջոցառմանն աջակցել էին նաև Վիեննայի այլ հայկական կազմակերպություններ։
-Արմա՛ն, եվրոպական ո՞ր կառույցներին էր ուղղված ձեր բողոքը, ի՞նչ պահանջ էիք նրանց ներկայացնում։
-Խաղաղ երթի հետ կապված մի քանի նպատակ կար.
1) կոչ անել Եվրոպական միությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ զոհերի և տեղահանությունների հանգեցրած ռազմական ագրեսիայի համար
2) Ավստրիայում բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը
3) Վիեննայում ապրող սփյուռքահայերի մեջ վերածնել պայքարի ոգին
-Արդյոք նամակ հանձնել եք այդ կառույցին, կամ գուցե այդ կառույցների ներկայացուցիչները բանավոր շփումներ են ունեցել ցույցի կազմակերպիչների հետ։
-Կան մի քանի բաներ, որոնք մենք ներկայումս անում ենք մեր պահանջը տարածելու համար.
1) Մենք նամակներ ենք ուղարկել ավստրիական խոշորագույն թերթերի, լրատվամիջոցների ներկայացուցիչներին
2) Ներկայումս մենք նամակներ ենք պատրաստում, որոնք ուղարկվելու են ինչպես ավստրիական, այնպես էլ եվրոպական կառույցներ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեր հորդորով։ Բոլոր լուսանկարները, որոնք ստացել ենք մեր բողոքի ակցիայից, օգտագործվելու են այս նամակներում։
3) Այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ ավստիացի լրագրողներին տեղեկատվություն տրամադրվեց Արցախում տիրող իրավիճակի մասին
-Իսկ որքանո՞վ են եվրոպական կառույցներում ծանոթ Արցախում վերջին օրերին տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, ադրբեջանցիների կողմից արցախահայության բռնի տեղահանություններին, սպանություններին և խոշտանգումներին։
-Կան խոսակցություններ, բայց մեր կարծիքով դրանք չեն համապատասխանում իրավիճակի լրջությանը։ Մենք պետք է շարունակաբար պայքարենք այս ուղղությամբ։
-Արդյոք ավստրիահայ համայնքը կապի մեջ է Եվրոպայի մյուս հայ համայքների հետ։ Նմանօրինակ բողոքի ակցիաներ եվրոպական այլ երկրներում կազմակերպվո՞ւմ են։
-Այո՛, ավստրիահայ համայնքը կապի մեջ է այլ համայնքների հետ։ Այս պահին ունենք հաստատված կապ մի քանի քաղաքների հետ, որոնք այս կիրակի միասին կազմակերպելու են նոր ցույցեր ամբողջ Եվրոպայում։ Ավստրիահայ համայնքը միանալու է այդ նախաձեռնությանը։