Խորհրդարանը երեկ ընդամենը տասներեք «դեմ» ձայներով հաստատեց Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում: ԱԺ միջանցքում տեղի ունեցող փակ գաղտնի քվեարկությունն առիթ էր լրագրողների համար` շփվելու տարբեր «էկզոտիկ» պատգամավորնեի հետ, նաեւ` Ազգային ժողովի նախագահին հարցեր ուղղելու: Առաջինների մասով երեկ ակտուալ էր գեներալ Սեյրան Սարոյանը, ինչես նախորդ օրը` Սամվել Ալեքսանյանը, որոնք հենց իրենք են արդեն դեմ ընկնում` լրագրողներից հարցեր ստանալու եւ տարբեր չխմազ պատասխանները կայքերով պտտեցնելու ակնկալիքով, երեւում է` նրանց սկսել է դուր գալ վիրտուալ տարածքում իրենց դեմքերի անընդհատ երեւալը: Սեյրան Սարոյան-լրագրողներ հարցուպատասխանից միայն մեկ հարցուպատասխան պատկերացում կտա, թե ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` Իշխան Զաքարյանի առանձնատան եւ պաշտոնյայի` հարստություն ունենալու հարցին ի պատասխան` Ս. Սարոյանն ասում էր. «Այ մարդ, Զաքարյանը ընկեր չունի՞, սաղս էլ օգնել ենք, ձեռ ենք գցել, տունն ինչ ա, որ չսարքի` մեր նման ընկերներ ունի: Մեր նման ընկերներ ունենաս` դու էլ կսարքես… Տո խի՞ չունի /իրավունք – Մ.Խ./, ընչի պաշտոնյան սոված պտի՞ մնա: Ասենք` Իշխանի տունն էլ ծախինք-կերանք, հետո ի՞նչ ենք անելու», եւ այլն: Երբ Սարոյանին շրջապատած հեռուստալրագրողներից մեկին հարցրի, թե ինչ կա այդ պատասխաններում, որ պատրաստվում է եթեր տալ, նա արդարացավ, «Վարկանիշով որ նայես` ո՞ր հաղորդումն են նայում, կտեսնես` սեքս, անկողին, էս տիպի` Լֆիկ, գեներալ-մեներալ…», արդարացավ նա:
Հիմա ինչ ասենք, խորհրդարանի սեքսն էլ երեւի այս տիպի «հարցազրույցներն» են, չնայած դրանց մեջ լավ բան կա` ներկայացնում են ազգիս ընտրյալների մակարդակը, իսկ որ վերնագրին համապատասխան բովանդակություն չգտավ` էս մի անգամը «Ազգի» ընթերցողը թող ների մեզ:
Հովիկ Աբրահամյանից պոկված պատասխաններ
Դե, իսկ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը Իշխան Զաքարյանին խորհուրդ է տվել` այսուհետեւ հիմնավորումներով ներկայացնի չարաշահումները Ազգային ժողով, նախագահ Սարգսյանն էլ հիմնավոր է քննադատել Ի. Զաքարյանին, ԱԺ նախագահըն այդ հարցում համամիտ է երկրի նախագահի հետ: Իսկ ՀՀԿ-ն կողմ է քվեարկել Ի. Զաքարյանի ՎՊ նախագահ դառնալուն, քանի որ ՀՀԿ-ն պատասխանաու է, որ ՎՊ-ն նորմալ աշխատի, վեր հանվեն այն խախտումներն ու թերությունները, որ իրոք կան: Պատկան մարմիններն էլ իրենց գնահատականը պետք է տան դրանց իրականությանը համապատասխանելու մասին: Մի խոսքով` ՎՊ-ն հիմնավորված խախտումներ պետք է ներկայացնի: Իսկ որ ժամանակին, ՎՊ հաշվետվության ավարտին ինքն էլ էր ասել` բյուջեն թալանվել է, այս հիշեցմանն ի պատասխան նա հակադարձեց, թե իրավապահ մարմին չեն իրենք, փաթեթն ուղարկվել է դատախազություն, այնտեղ պետք է գնահատական տան:
Հ. Գ. – Եթե վերնագրին համապատասխան բովանդակություն չգտավ ընթերցողը` կրկին ներողություն, վարկանիշացավը մի պահ մեզ էլ է պատել: