Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԻՐԱՆԸ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵՑԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄԱԳԱՏԷ-Իրան համաձայնագիր

Իրանը եւ Մեծ Բրիտանիան նշանակել են միմյանց գործերի ժամանակավոր հավատարմագրեր, որոնք ապրում են նշանակման երկրից դուրս: Այդ մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Այսպիսով կողմերն առաջին քայլն են արել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Դրանք խզվել էին 2011 թ. Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա ամբոխի հարձակման պատճառով:

Լոնդոնում գտել էին, որ Թեհրանի իշխանությունները դիտավորյալ չեն կասեցրել մոլեռանդների գործողությունները եւ գուցե նույնիսկ հրահրել են դրանք: Իրանը մերժել էր այդ մեղադրանքներըՙ հայտարարելով, թե դեսպանատունն ավերել են «զայրացած ժողովրդական զանգվածները», որոնք դժգոհ են ԱՄՆ-ի եւ Իսրայելի արարքներին բրիտանացիների տված հավանությունից:

Այդ միջադեպից անմիջապես հետո բրիտանացի դիվանագետները հեռացել էին Թեհրանից, իսկ նրանց իրանցի գործընկերները Լոնդոնում հայտարարվել էին անցանկալի անձինք: Հարաբերությունների վերականգնումը սկսվել էր Իրանում համեմատաբար ազատական գործիչ Հասան Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո:

Ռոուհանիի օրոք Թեհրանը մասնավորապես պատրաստակամություն հայտնեց միջազգային խիստ վերահսկողության տակ դնելու իր միջուկային ծրագիրըՙ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:

Այդ պատրաստակամությունն արդեն արտահայտվում է գործնական քայլերով: Ֆրանսպրեսը հաղորդում է, որ ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը համաձայնության են հասել երկարաժամկետ համագործակցության շուրջը, որի նպատակը կլինի իրանցիների միջուկային ծրագրի հետ կապված տարաձայնությունների հաղթահարումը: Արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, որը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ կտա ստուգումներ կատարել Արակի ծանր ջրի պատրաստման կոմբիտանում եւ Գաչինեի ուրանի հանքավայրում: Անցյալում այդ օբյեկտներն անմատչելի էին լիարժեք ստուգումների համար:

Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ միջուկային ոլորտում համագործակցությունը կշարունակվի: Ներկայումս մշակվում են դրա զարգացման զանազան տարբերակներ:

ԱՄՆ-ը Իրանից պահանջում է թափանցիկ դարձնել սեփական միջուկային ծրագիրը եւ դադարեցնել զտման բարձր աստիճանի հասած ուրանի հարստացումը: Թեհրանը իր հերթին ուզում է հասնել միջազգային տնտեսական պատժամիջոցների մեղմացմանը: