Լեւոն Արոնյանը պահպանել է դիրքերը
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Ավանդույթը խախտելով, այս անգամ սկսենք կանանց դասակարգման ցուցակից: Առիթը գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի մեծ առաջընթացն է: «Միկայի» կազմում եւ Եվրոպայի թիմային առաջնությունում ունեցած հաջող ելույթների շնորհիվ Լիլիթը 17-ով ավելացրել է վարկանիշը (2464) եւ 40-րդ տեղից տեղափոխվել է 28-րդ հորիզոնականՙ շրջանցելով Էլինա Դանիելյանին: Վերջինս 5-ով է ավելացրել վարկանիշը (2462) եւ 31-րդ հորիզոնականից բարձրացել է 29-րդ տեղը:
Լիլիթ Մկրտչյանն ամենաբարձր վարկանիշը (2503) ունեցել է 2010-ի հունվար-մարտ ամիսներին: Իսկ ամենաբարձր տեղը (13-րդ) նա զբաղեցրել է 2010-ի մարտի դասակարգման ցուցակում:
Կանանց դասակարգման ցուցակը 2693 վարկանիշով շարունակում է գլխավորել Հուդիթ Պոլգարը: Լավագույն տասնյակում են նաեւ Հոու Յիֆանը (2629), Համպի Կոներուն (2607), Չժաո Սյուեն (2568), Աննա Մուզիչուկը (2566), Նանա Ձագնիձեն (2557), Կատերինա Լահնոն (2543), Բելա Խոթենաշվիլին (2527), Ալեքսանդրա Կոստենյուկը (2527) եւ Պիա Կրամլինգը (2525):
Տղամարդկանց դասակարգման ցուցակում Լեւոն Արոնյանը պահպանել է դիրքը 2-րդ հորիզոնականումՙ վարկանիշն ավելացնելով 2-ով (2803): Ցուցակը գլխավորող աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կառլսենը եւս վարկանիշն ավելացրել է 2-ով (2872): Լավագույն տասնյակում են նաեւ Վլադիմիր Կրամնիկը (2793), Հիկարու Նակամուրան (2786), Վեսելին Թոփալովը (2785), Ալեքսանդր Գրիշչուկը (2783), Ֆաբիանո Կարուանան (2782), Բորիս Գելֆանդը (2777), Վիշվանաթան Անանդը (2773) եւ Պյոտր Սվիդլերը (2758):
Բացի Արոնյանից, 100 ուժեղագույնների ցանկում ընդգրկված են եւս 4 հայ շախմատիստներ: Սերգեյ Մովսիսյանը 11-ով նվազեցրել է վարկանիշը (2689) եւ 49-րդ տեղից նահանջել է 56-րդ հորիզոնական: Վլադիմիր Հակոբյանը 3-ով ավելացրել է վարկանիշը (2684) եւ 63-րդ տեղից բարձրացել է 61-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը 1-ով նվազեցրել է վարկանիշը (2675) եւ մեկ հորիզոնականով նահանջելով, զբաղեցնում է 72-րդ տեղը: Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը վարկանիշը նվազեցրել է 2-ով (2656) եւ մեկ հորիզոնականով նահանջելով, զբաղեցնում է 92-րդ տեղը: Իսկ ահա Տիգրան Պետրոսյանը դուրս է մնացել 100-ի կազմից:
100 ուժեղագույն երիտասարդ շախմատիստների ցանկում Կարեն Գրիգորյանը 2604 վարկանիշով 16-րդ տեղում է: Սամվել Տեր-Սահակյանը (2562) 27-րդն է, Հովհաննես Գաբուզյանը (2532)ՙ 39-րդը, Ռոբերտ Աղասարյանը (2477)ՙ 70-րդը:
Հայաստանն իր միջին վարկանիշով (2656) ՖԻԴԵ-ի անդամ 152 երկրների մեջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Առջեւում Ռուսաստանն է (2743), որին հաջորդում են Ուկրաինան (2703), Չինաստանը (2672), Ֆրանսիան (2667) եւ Հունգարիան (2656): 7-10-րդ տեղերում են ԱՄՆ-ը (2648), Հնդկաստանը (2645), Հոլանդիան (2637) եւ Իսրայելը (2632): Ադրբեջանը 2616 վարկանիշով 14-րդն է, Վրաստանը (2596)ՙ 16-րդը: