Ցանկացած նախաձեռնություն, որը կկարողանա նպաստել, որպեսզի մենք հավաքականորեն կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը, որպեսզի նա փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել. կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա այսօր մասնակցել է «Հայքվեին» և ստորագրել՝ դատապարտելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։
«Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս, իսկ Հայաստանի իշխանություններն արհամարհում են այսպիսի նախաձեռնությունները, որոնք օրենքի ուժով կպարտադրեն փաստաթղթի ստորագրումը կասեցնել։
ՀՀ որևէ իշխանություն Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել, Փաշինյանն առաջինն է, որ նման բան է ասել ու հիմա ուզում է ֆորմալիզացնել իր ասածը և փաստաթղթեր ստորագրել։ Ուղղակի պետք թույլ չտալ նրան ստորագրել։ Այդ արարքի համար մենք սերունդներով կտուժենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը։
Դիվանագետը կարծում է, որ մեզ փորձում են մատուցել, թե փաստաթղթի այլընտրանքը պատերազմն է. այդպես չէ, պատերազմը բերել է Փաշինյանը իր սխալների պատճառով։
«Սա մերկապարանոց հայտարարություն չէ. Կա այլընտրանք։ մեզ մատուցվում է, թե իբր այն, ինչ կատարվում է, միջազգային հանրության ցանկությունն է, պարտադրանքն է, այս բոլորն արվում է նրանց ճնշման տակ։
Այո՛, միջազգային հանրության ցանկությունն է, որ Ղարաբաղի հարցը հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա միջազգային հանրությանն այնքնա էլ չի հետաքրքրում։ Հարցի հանգուցալուծման համար որ ճանապարհը հեշտ է, նրանք այդ ճանապարհով էլ գնում են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Իհարկե, միջազգային հանրությունը կաջակցի Փաշինյանին, որ այդ հանգուցալուծումը իրականացվի։
Այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպումներ կտան բանակցություններին, հավատացեք, միջազգային հանրությունը կտրուկ կփոխի իր դիրքորոշումը»,-վստահ է Օսկանյանը։
Խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթի այլընտրանքը պատերազմը չէ, պատերազմով մեզ վախեցնում են հենց իշխանությունները։ Վարդան Օսկանյանը այլընտրանք է տեսնում՝ իրական, հայանպաստ։ Այն է՝ եթե միջազգային հանրության առաջ հայկական կողմը ձևակերպի տրամաբանական պահանջներ, բանակցությունների ամբողջ էությունն ու բովանդակությունը կփոխվի։
«Եթե Հայաստանի այսօրվա իշխանությունները չեն կարողանում այս խնդիրները լուծել, պետք է համարձակություն ունենան, բանակցությունները հանձնեն այլոց։ Եթե այսօր ինձ, այլ դիվանագետների, լիազորություն տրվի, ես խոստանում եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է իրավիճակը կտրուկ փոխել։ Բայց կան նախապայամաններ՝ 1. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս։ 2. Փաշինյանը պետք է 3 ամիս լռի, ընդհանրապես չխոսի։
Այնքան վնաս, ինչքան հայ ժողովրդին ու Հայաստանին տրվել է Փաշինյանի խոսելու հետևանքով, ոչ մի ժամանակահատվածում չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին պատերազմ է բերել։ Փաշինյանի այսօրվա խոսելն իրավիճակն ավելի է բարդացնում»,- շարունակեց Վարդան Օսկանյանը։