ՍԴՀԿ մամլո դիվան
Երեկ Երեւանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի եւ Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջեւ: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներՙ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը: Հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաեւ ընդգծեց Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում: ՍԴՀԿ ատենապետն ընդգծեց իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարեւորությունը: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասինՙ Նարեկ Գալստյանն իր խոսքում նկատեց, որ Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան, ինչպես նաեւ հիշեցրեց, որ միջազգային մամուլում բազմիցս նշվել է այն փաստը, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա:
«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպություններ գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար»,- նշեց ՍԴՀԿ ատենապետը:
ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս հայտնեց, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, եւ Սիրիայի ու Հայաստանի միջեւ կվերականգնվեն երբեմնի աշխույժ եւ սերտ քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերը: