Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Առնել եւ հափշտակել

«ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ» մեր մատենագրության մեջ երբեք բազմիմաստ բառ չի եղել: Հայ ականավոր  հայագետ, բանասեր ու բառարանագիր Ստեփան Մալխասյանն «ԱՌԵՎԱՆԳԵԼԸ» հետեւյալ  կերպ է բացատրում՝  «Կին կամ աղջիկ փախցնել՝  հակառակ ամուսնու կամ  ծնողների կամքի»:

Մեր անվանի բառարանագետներից Էդվարդ Աղայանն էլ «ԱՌԵՎԱՆԳԵԼ» բայի համար կարճ, բայց բովանդակությամբ հարուստ հետեւյալ  ձեւակերպումն է առաջարկել՝ «աղջիկ փախցնել»: Բայց աղջիկ փախցնելու պարտադիր պայմանն  արձանագրելով, Աղայանը   ամուսնու կամ  ծնողների կամքը հաշվի առնելու մասին ոչինչ  չի գրում:

Մեծն Աճառյանն էլ, փորձելով ստուգաբանել բառը, համոզմունք է հայտնում, որ «ԱՌԵՎԱՆԳԵԼԸ» «ԱՌՆԵԼ եւ ԱՆԿԵԼ (հափշտակել)» բառերի համակցումից է առաջացել, չմոռանալով փակագծերի մեջ նշել նաեւ ԿԻՆ կամ ԱՂՋԻԿ փախցնելու պարտադիր պայմանը:

Անշուշտ, պատմության ընթացքում առեւանգման փաստեր շատ են գրանցվել, բայց դրանցից ամենահիշարժանը Սպարտայի արքա Մենելայոսի կնոջ՝ Հեղինեի առեւանգումն էր՝ տրոյացիների արքայազն Պարիսի կողմից, որը հանգեցրեց հայտնի Տրոյական պատերազմի:

Տրոյական պատերազմի պատումը  մեզ է ավանդել Հոմերոսը: Իսկ հայկական եղանակով առեւանգման փաստերի մասին մեզ հայտնի է երկու դեպք.  Առաջինը մենք գիտենք Քերթողահայր  Մովսես Խոորենացու ավանդազրույցից, թե ինչպես Արտաշես արքան իր գեղեցիկ Սեւուկ նժույգը հեծած,  ոսկեօղ  շիկափոկ պարանը նետում է  ալանաց օրիորդ Սաթենիկի ուղղությամբ, առեւանգում  նրան  եւ տանում  հայոց մայրաքաղաք: 

Հայկական եղանակով առեւանգելու՝ ԱՌՆԵԼ-ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ   երկրորդ փաստի մասին մեր  պատմիչներն առայժմ լուռ են:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ