Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի քաղաքական ու տնտեսական նշանակությունը

Ապրիլի 20-ին Երեւանում  տեղի են ունեցել Հայաստանի,  Իրանի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ եռակողմ ձեւաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները, որոնց ընթացքում  քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային, ինչպես նաեւ  տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Քննարկումների առանցքում եղել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցը:

Հայաստանի ու Հնդկաստանի  հարաբերությունները պայմանավորված են եղել պատմամշակութային ընդհանրություններով  ու միջազգայնորեն իմաստավորված  փոխադարձ կապերով:

Նույնը կարելի է ասել դարերի խորքից եկող իրանա-հնդկական ու  հայ-իրանական հարաբերությունների մասին, որոնց  աշխարհաքաղաքական շահերն այսօր համընկնում են: 
Ներկայումս, երեք պետութուններին միավորող գործոններին ավելացել է նաեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը, որի հիմնաքարը դրվել է 1999 թվականին՝ մի խումբ հնդկական, իրանական եւ ռուսական տրանսպորտային ընկերությունների կողմից  միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումներ իրականացնելու համար համաձայնագրի ստորագրումով: Իսկ  2018 թվականին Իրանի ու Հնդկաստանի  միջեւ իրանական Չաբահար նավահանգստի մի հատվածում տնտեսական համագործակցության շուրջ կնքված պայամանգիրը դարձել է իրանա-հնդկական բազմադարյա համագործակցության նորագույն  պատմության կարեւորագույն հանգրվաններից մեկը:

Իրանը, զարգացնելով Հնդկաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, կարող է ակտիվացնել նաեւ  Հնդկաստանի հետ էներգակիրների ու ավտոմոբիլային ուղիների  գործարկման շուրջ համագործակցությունը: 

Թեհրանի ու Երեւանի  ուշադրությունից չի վրիպում  նաեւ Հնդկաստանի  տնտեսական գերտերություն դառնալու եւ նրա կապիտալը Իրանի ու Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու հեռանկարը:

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի   առանցքում  են գտնվում  Իրանը,  Հնդկաստանը,  Աֆղանստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան ու  Կովկասը: Այդ միջանցքի գործարկման հարցում կարեւոր ու նշանակալի դեր ունեն  թե՛ Իրանը, եւ թե՛ Հնդկաստանը:

Հնդկաստանի համար կարեւոր է Պարսից ծոցն  ու Կասպից ծովը միավորելու  Իրանի աշխարհագրության առանձնահատկությունը: Հնդկաստանին նաեւ հետաքրքրում են Աֆղանստանի,  Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետ հաղորդակից դարձնելու Իրանի հնարավորություններն ու  այդ երկրի հարուստ էներգակիրները:

Իրանն էլ իր հերթին հետաքրքրված է Հնդկաստանի ռազմավարական դիրքով, քանի որ, ի դեմս Հնդկաստանի, Իրանը կարող է համագործակցության լայն ասպարեզ ձեռք բերել տնտեսական զարգացածությամբ աշխարհի 5-րդ տեղն զբաղեցնող  պետության հետ:

Իրանա-հնդկական երկկողմ համագործակցության ձեւաչափում, հաշվի առնելով «թուրանական միջանցքի» գործարկման  հարցում  Իրանի ու Ադրբեջանի միջեւ  առկա լարվածությունն ու դրանում մեր երկրի  տեղն ու դերը,  խիստ կարեւորվում է նաեւ Հայաստանի ներգրավվածության հարցը:

Ներկայումս Հնդկաստանն իր  քաղաքականությունը Հարավային Կովկասում  վարում է առանձին վերցրած՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, եւ չունի հարավկովկասյան ընդհանուր ռազմավարություն:
Հնդկաստանի տեսակետով, Պակիստանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատած ու  Քաշմիրի կարգավիճակի մասին պակիստանանպաստ մեկնաբանությամբ հանդես եկող  Ադրբեջանն ինքնին  ապակայունացնող   գործոն է:

Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը  կարեւորվում է Հնդկաստանը Ռուսաստանին ու Սեւ ծովին միացնելու առումով,  քանի որ, Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես անդամակցում են Հյուսիս-Հարավ  բեռնափոխադրումների միջազգային միջանցքին: Բացի այդ, Հարավային Կովկասը Հնդկաստանի համար մեծ  ներուժ ունի, որը կարող է էներգակիրների, հանքանյութերի ու տեխնոլոգիաների տարանցման հարցում հետաքրքրել Հնդկաստանին:

Հնդկաստանին  նաեւ մտահոգում է Ադրբեջանի ու Պակիստանի միջեւ  անվտանգային ոլորտում ռազմավարական համագործակցությունը: Այդ պատճառով էլ,  ավելի քան իմաստավորվում է Հնդկաստան-Հայաստան համագործակցությունը:

Բացի այդ, Իրանի ու Հայաստանի միջպետական սահմանը կենսական նշանակություն ունի նաեւ Հնդկաստանի համար: Քանի որ, այդ սահմանի բացակայության դեպքում, Հնդկաստանը միայն  կկարողանա իր մրցակից Պակիստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող Ադրբեջանի միջոցով մուտք ունենալ դեպի Սեւ ծով:

Այս հեռանկարից ելնելով, վերջին տարիներին Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ զենք ու զինամթերք ձեռք բերելու նպատակով կարեւոր համաձայնագրեր են ստորագրվել:
Փաստորեն, Դելիի պատկերացումները  «թուրանական» միջանցքի վերաբերյալ համընկնում են Թեհրանի դիրքորոշման հետ, քանի որ, Հայաստանի ու Իրանի սահմանը, Հնդկաստանին Սեւ ծովի հետ կապակցելու,  ինչպես նաեւ  Հյուսիս-Հարավ միջանցքի նշանակությունն  արժեւորելու  առումով,  կարեւորվում  է  Դելիի համար: 

Ամփոփելով վերոգրյալը, կարելի է արձանագրել, որ Հայաստանի, Իրանի ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ եռակողմ ձեւաչափով խորհրդակցությունների անհրաժեշտությունն անհերքելի փաստ է:  Փորձագետները համոզված են, որ այս ձեւաչափը մեծ ներուժ ունի, եւ  դրա մակարդակը կարող է բարձրանալ արտգործնախարարների, անգամ՝ գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցիչների  մակարդակի, ինչը կմեծացնի ձեւաչափի քաղաքական կշիռը:

ԳՐԻԳՈՐ  ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Դիվանագետ