Մայիսի 7-ից մինչեւ 9-ը երեք օր շարունակ ամերիկահայ կրոնական, հայրենակցական, բարեգործական եւ քաղաքական խմբավորումներ միացյալ ճակատով Վաշինգտոնում ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, տեղեկացնում է վաստակաշատ լրագրող Ֆրոլենս Ավագյանը: Ցեղասպանության հիշատակման ազգային կոմիտեի նախագահ դոկտ. Նուբար Աֆեյանի հետ հեռախոսազրույցի արդյունքում նա պարզել է, որ ոգեկոչման արարողությունները անց են կացվելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հովանու ներքո, նրանց ներկայությամբ: Ակնկալվում է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը: Իսկ եկեղեցիների ազգային խորհուրդն ու կաթոլիկ եպիսկոպոսների Մ. Նահանգների խորհուրդը Մայր տաճարում էկումենիկ արարողությանը ներկա գտնվելու հրավերներ են ուղարկել Մ. Նահանգների նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրեսի պատգամավորներին: Բանախոսելու է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընդհանուր քարտուղար պատվելի Օլավ Ֆիսկե Տվիետը: Արարողություններին մասնակցելու են Իզաբել Բայրաքդարյանը, Հասմիկ Պապյանը, Շահան Արծրունին, Սերուժ Գրաճյանը, Լեւոն Չիլինգարյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Նարեկ Հարությունյանը, Արա Գրիգորյանը: Հանդիսությունները վարելու է ճանաչված փաստաբան Մարկ Կիրակոսը: