«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր բողոքի ցույց կազմակերպել, որի ընթացքին նաեւ «Ազգ»ն էր հետեւում: Հանրահավաքին ներկա մտավորականների հետ զրուցեցինք: Արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի կարծիքով՝ բոլորի համբերության բաժակը լցվել է, իսկ մենք՝ որպես հնամյա ազգ, արդեն կորցնում կամ արդեն կորցրել ենք մեր ինքնությունը, հարգանքը, պատիվը:
«Աշխարհը գուցե դժվարությամբ հավատա, որ մենք հնագույն ազգ ենք, քանզի հանդուրժում ենք օրվա իշխանությանն ու հանգիստ նստած սպասում, մինչեւ թուրքը ոտեոտ գա, Երեւան հասնի: Եթե հայ մարդը դույզն-ինչ սիրում է իր երկիրը, ուրեմն պետք է ոտքի կանգնի: Եվ եթե ընդդիմադիրների ինչ-որ հատված չի կարողանում ոչինչ անել, ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան տեղից շարժելու փորձ անել, ապա իր տեղը պետք է ավելի կարող ուժերին զիջի»,- նշում է արձակագիրը:
Նրա համոզմամբ՝ նախկինում մենք մեզ ավելի պաշտպանված էինք զգում, ու թեեւ կոռուպցիայի կամ սոցիալական անարդարության մասին էինք բարձրաձայնում, բայց գիշերը հանգիստ քնում էինք, գիտեինք, որ մեր սահմաններն անառիկ են: Շահնազարյանի գնահատմամբ՝ սուտ են այն խոսակցությունները, թե բանակ չունեինք: Հարց է տալիս՝ եթե չունեիք, ինչպե՞ս էիք հաղթում պատերազմներում: Մեկնաբանում է՝ բավական է լսել միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այն մասին, թե պատերազմից հետո Արցախի՝ իրենց անցած տարածքներից ինչքան զենք-զինամթերք են իրենցով արել. «Եթե բանակ չունեինք, ապա ո՞ւմն էր այդ զենքը, ու ինչո՞ւ իրենց անցավ: Սրանք բոլորը հարցեր են, որ առ այսօր պատասխաններ չեն ստացել: Դեռ չեմ ասում այն մասին, թե ինչպե՞ս հակառակորդը կարողացավ անառիիկ Շուշի հասնել: Շուշին մեկ ճանապարհ ուներ, չէ՞, ինչպե՞ս եղավ, որ այդպես հեշտ-հանգիստ եկան ու գրավեցին հայոց բերդաքաղաքը»:
Դառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ օրեր առաջ արած հայտարարությանը, թե 11 հազար հայ տղամարդ պատերազմի ժամանակ փախել է ռազմի դաշտից, դրամատուրգը հետեւյալ տեսակետն է հայտնում. «Հակոբյանի ասածները դեռ քննություն պետք է անցնն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք այդքան մարդ լքել է ռազմադաշտը: Որտեղից գիտի, որ այդքան մարդ փախել է»:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ Հայաստանում այսօր տարատեսակ լրտեսախմբեր ու վարժված շներ կան, որ փորձում են պառակտել մեր հասարակությանը, թույլ չտալ, որ մարդիկ համախմբվեն: Ըստ նրա, հենց այդ մարդիկ են, որ փորձում են փշրել ազգային արժեքները, հայրենասիրութունն էլ ոտքի տակ են տալիս: «Նժդեհին ֆաշիստ համարողը կրթության համակարգն է կոորդինացնում: Սա խայտառակություն է: Նժդեհի երկրում նժդեհին ֆաշիստ են ասում: Տիկին նախարարն այժմ էլ կանգնում, հայտարարում է, թե նման բան չի ասել: Ստում է ստորաբար, ու, առհասարակ, ՔՊ-ական ամբողջ խունդան է ստում: Նույնը նաեւ իրենց գերագույն գլխավոր շառլատանն է. խոսքն ասում է, մի ժամ հետո փոխում է իր իսկ ասածը: Բարոյական սահմաններ չունեն: Հայհոյանքի մասին օրենք ընդունեցին, որ ով հայհոյի, պետք է պատիժ կրի, բայց ես առաջարկում եմ սուտ խոսելու համար օրենք ընդունեն, այդ պարագայում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ամբողջ կազմը՝ վերից-վար, պատասխանատվության կենթարկվի»:
Բանաստեղծը ցավով է նշում, որ այսօրվա իշխանությունը բարեկամ է համարում նրանց, որ այսօր եկել, ամրապնդվել են Տեղ գյուղի տարածքում: Նրանց, որ Բաքվի կենտրոնում հայ զինվորի պատկերով մումիաներ էին տեղադրել: Նրանց, որ դպրոցական ծրագիրը հայի դեմ թշնամության ծրագրերով են լցրել: Չնայած այս ամենին, վստահ է, որ հայկական զարթոնքը Եռաբլուրով է լինելու, իսկ հաղթական Հայաստան, այո, ունենալու ենք:
«Մարդկանց ՔՊ-ականների փաղաքշական ձայնը դուր է գալիս, ու հասարակության մի հատված ինքն իր համար որոշել է, թե «խեղճ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի», բայց խեղճ մարդն ի՞նչ գործ ունի երկրի կառավարման ղեկին»,- շեշտում է մեր զրուցակիցը:
Նա կեղծ օրակարգ է համարում, այսպես ասած, խաղաղության թեզը եւ այն համոզմունքը հայտնում, որ հայը պատրաստ չէ թուրքի հետ խաղաղության գնալ:
Նկատենք, որ «Միասին» շարժման նախաձեռնած հանրահավաքին ընդդիմադիր միայն մի քանի պատգամավորներ էին մասնակցում: Եվ սա այն դեպքում, երբ ընդդիմադիրները պատեհ ու աանպատեհ առիթներով հարկ են համարում բարձրագոչել, թե իրենց թիվ մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է: Պատգամավորները, փաստացի, հավես չէին արել գալ ու արտախորհրդարանական ընդդիմության կողքին կանգնել. այս հարցում նույնպես, գուցե, «սեփական օրակարգն» ունեն:
Ինչ վերաբերում է «Միասին» շարժման հետագա քայլերին, ապա շարժման համակարգող անդամներից «Ազգ»ը տեղակացավ, որ առաջիկա հանրահավաքը Ազատության հրապարակում կլինի, ապրիլի 11-ին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ