Բրազիլացի նշանավոր լուսանկարիչ Սեբաստիան Սալգադուն հովանավորել է փետրվարի 17-ին Փարիզում կայացած հումանիստական եւ բնապահպանական թեմաներով լուսանկարչության մրցանակաբաշխությունը: Երկրորդ մրցանակին է արժանացել երեւանցի լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանն իր «Մաշված ջրեր» լուսանկարչական նախագծի համար, որով ներկայացրել է Կենտրոնական Ասիայի ջրի ճգնաժամը եւ բնապահպանական խնդիրները, որոնք ազդում են այդ տարածաշրջանում ապրող 67 միլիոն մարդկանց վրա: Հայ լուսանկարչուհին ճամփորդել է Ղազախստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Ղրղզստանում՝ ընկղմվելով լանդշաֆտի անսահմանության մեջ՝ անտեսված շրջանի բնակչության հետ միասին…
Ֆոտոլրագրող Անուշ Բաբաջանյանը ծնվել է 1983-ին, Երեւանում: Ավարտել է Սոֆիայի (Բուլղարիա) Ամերիկյան համալսարանը: «VII Photo» գործակալության եւ «National Geographic Explorer»-ի անդամ է: Հրատարակել է «Մշակույթի պալատը» եւ «Անհանգիստ տունը» լուսանկարչական գրքերը: Լուսանկարչական նախագծեր է իրականացրել Արցախում, Սիրիայում (տեղի հայերի շրջանում), Թուրքիայում եւ այլուր: Անուշը 2019 թվականի «Canon» կին ֆոտոլրագրողների դրամաշնորհի հաղթող է: Նրա լուսանկարները տպագրվել են «Նյու Յորք թայմս», «Վաշինգտոն փոսթ», «Նեշընըլ ջիոգրաֆիք», «Ֆորին փոլիսի մեգըզին», «Վոգ» եւ այլ միջազգային հրատարակություններում:
Ա. Բ.