ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից
Այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում մեծ հանդիսավորությամբ նշված «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 15-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ընթացքում եւ կազմակերպության 15-րդ համագումարում արձանագրվեցին մի շարք ուրախալի իրողություններ, որոնք, ինչպես տեղեկացա, հատկապես մեծ արձագանք են գտել Ռուսաստանի մարզերում բնակվող մեր հայրենակիցների մոտ` նրանց հաղորդելով սփյուռքում որպես հայ ապրելու եւ արարելու նոր լիցքեր, հեռանկարներ, եւ ամենակարեւորը` հավատ վաղվա օրվա եւ ապագայի նկատմամբ: Ռուսաստանի հեռավոր մարզերի հայկական համայնքներում տարեցտարի ստեղծվում են նպաստավոր պայմաններ եւ միջավայր` համայնքային եւ հոգեւոր կյանքի զարգացման համար, կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, առ երկինք հառնում են Հայ Առաքելական տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները, հայ գործարարների ներդրումների շնորհիվ բացվում են նոր աշխատատեղեր…
Այս ուրախալի եւ նշանակալից ձեռքբերումներում, ինչ խոսք, անմիջական դերակատարում ունի Ռուսաստանի հայերի միությունը` նրա հիմնադիր եւ անփոփոխ ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորությամբ: Կազմակերպության գործունեությունը հիմնադրման առաջին իսկ օրերից նպատակաուղղված է եղել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների համախմբմանը, տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ հանդուրժողականության սկզբունքների խթանմանը, խաղաղության հաստատմանն ու բարեկամության ամրապնդմանը: Եվ այդ ամենում, ինչպես վերջերս տեղեկացա, անուրանալի է նաեւ Արա Աբրահամյանի վստահելի անձանցից մեկի` մարզերի հետ աշխատանքի գծով Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցի ներդրումն ու լրջագույն մոտեցումը իրեն վստահված ոչ դյուրին բնագավառի նկատմամբ: Մի անձնավորություն, ով աշխատանքային պատկառելի եւ հարուստ ճանապարհ է անցել եւ մեծ ճանաչում ու հարգանք է վայելում Ռուսաստանի անգամ ամենահեռավոր հայկական համայնքներում:
Գերման Անանյանցը 74 տարեկան է, կյանքի 55 տարիներն անց է կացրել Ռուսաստանում: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր: Իր ակտիվ խառնվածքի եւ կենսակերպի շնորհիվ` նրա աշխատանքային գրաֆիկն այսօր էլ չափազանց հագեցած է: Ռուսաստանի հայերի միության փոխնախագահի պարտականությունները համատեղում է Մոսկվայի բիզնեսի եւ իրավունքի ինստիտուտի պրոռեկտորի պաշտոնի հետ: Երկար տարիների ընթացքում կրթել եւ մեծ կյանք է ճանապարհել բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների, ովքեր ներկայումս մեծ հաջողությամբ աշխատում եւ զարգացնում են Ռուսաստանի տնտեսությունը:
Ռուսաստանում երկար տարիներ ծավալած հասարակական ակտիվ գործունեության, ռուսաստանաբնակ հայերին համախմբելու, երկրին ինտեգրելու, նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաեւ հայ-ռուսական կապերն ամրապնդելու գործում ունեցած նշանակալից ավանդի համար Գերման Անանյանցը պարգեւատրվել է Ռուսաստանի հայերի միության «Ոսկե խաչ» եւ «Արծաթե խաչ» շքանշաններով:
– Ռուսաստանի հայերի միությունը հաստատակամորեն քայլում է իր ուղենշած ճանապարհով եւ իրականություն դարձնում ծրագրերը, ինչը տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում ընթացող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական այս բարդ ու դժվարին ժամանակներում այնքան էլ դյուրին չէ,- ասում է Գերման Անանյանցը: – Բայց շնորհիվ Արա Աբրահամյանի` մեր հայրենակիցների հոգս ու կարիքների նկատմամբ ունեցած մեծագույն պատասխանատվության եւ նվիրյալ հային հատուկ որակական հատկանիշների` մեր ամենօրյա գործունեությունը անծայրածիր Ռուսաստանի հայկական համայնքներում երբեք չի դադարում: Ես, օրինակ, երկար տարիներ ամենօրյա մշտական կապի մեջ եմ մարզային համայնքների ղեկավարների հետ, կարող եմ հավաստիացնել, որ ուշադրության է արժանանում յուրաքանչյուր ահազանգ, խնդրանք եւ հիմնահարց, որոնք ղեկավարության հետ քննարկելով` համապատասխան լուծումներ են ստանում: Հաճախակի մեկնում եմ մարզային համայնքներ, տեղում ծանոթանում իրավիճակին եւ առկա խնդիրներին, պատվիրակությունների կազմում մասնակցում նաեւ ամենատարբեր նշանակալից միջոցառումների, որոնց շնորհիվ մի քանի ժամ շարունակ գերիշխում է Հայաստանից հեռու ափերում մեզ համար այնքան բաղձալի հայ շունչն ու հայկականությունը: Ահա, մեզ համար հենց սա է ամենակարեւորը` նպաստել Ռուսաստանում ապրող հայերի ազգային եւ մշակութային ինքնության պահպանմանը, մանավանդ երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձեւավորմանը, հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը: Այս հարցերը վաղուց ինձ համար դարձրել եմ կենսակերպ եւ ամենուրեք ինձ առաջնորդում է Ռուսաստանում հային հայ պահելու մեզ անչափ անհրաժեշտ տեսլականը:
Գերման Անանյանցը նաեւ տեղեկացնում է, որ իր աշխատանքային գրաֆիկը, որպես մարզային հայկական համայնքների պատասխանատու, այս տարի սովորականից առավել ծանրաբեռնված է եղել. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Ռուսաստանի տասնյակ մարզերում, հարյուրավոր քաղաքներում անցկացվեցին հսկայածավալ միջոցառումներ:
Մեր հանդիպումից օրեր անց մոսկովյան մի միջոցառման ժամանակ առիթ ունեցա զրուցելու Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նախագահ Աղասի Ալեքյանի հետ: Իրենց համայքում բավականին գործեր էին արվել, զրուցակիցս գոհ էր վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքներից եւ հատկապես Ռուսաստանի հայերի միության աջակցությունից եւ մշտական ուշադրությունից:
– Ռուսաստանի Հայերի միության հետ մեր համագործակցությունը շատ սերտ է,- նշեց Աղասի Ալեքյանը: – Առավել սերտ համագործակցում ենք Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցի հետ: Մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք, փոխանակում ենք մեր փորձը, լուծում ընդհանուր խնդիրներ: Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանին, ապա ասեմ, որ հպարտ եմ, որ կա նման հայ, ով կարողացավ համախմբել Ռուսաստանում ապրող բոլոր հայերին եւ ստեղծել մի մեծ ընտանիք: Հպարտ եմ, որ Ռուսաստանի հայերի միությունը` հանձին Արա Աբրահամյանի եւ նրա համախոհների, միավորում է գործին նվիրված մարդկանց, ովքեր անկեղծորեն ձգտում են օգտակար լինել հայ ազգին եւ համատեղ ջանքերի շնորհիվ` կրճատել Ռուսաստանում ապրող հայերի եւ մեր սիրելի Հայաստանի միջեւ հեռավորությունը: Ռուսաստանաբնակ հայերս հպարտանում ենք նման անհատներով: