ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում ստացվել են երկաթի նանոմասնիկներ, որոնք օժտված են մագնիսական հատկություններով եւ պերօքսիդազային ակտիվությամբ, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք կենսասենսորներում եւ իմունաֆերմենտային անալիզի տարբեր ձեւաչափերում:
Նանոմասնիկները ներկայում դիտարկվում են որպես արհեստական ֆերմենտների աղբյուր: Երկաթի նանոմասնիկները հեռանկարային են, քանի որ հնարավորություն են ստեղծում թանկարժեք եւ անկայուն բնական ֆերմենտը փոխարինել նանոմասնիկներով հատկապես իմունաֆերմենտային անալիզում: Մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր հետաքրքրություն ներկայացնող մոլեկուլների եւ բջիջների անջատման գործում՝ տարբեր բարդ միջավայրերից: Դա կարեւոր է հիվանդներից քաղցկեղային էկզոսոմներ անջատելու համար հետագա իմունոթերապիայի ժամանակ:
Գիտական խումբն իրականացրել է նաեւ սննդի անվտանգությանը վերաբերող հետազոտություններ եւ բուսական աղբյուրներից անջատել է հիստամինազ ֆերմենտը: Այն կիրառվում է սննդում հիստամինի քանակը գնահատելու համար:
Ներկայում սննդի անվտանգությունը կարեւոր նշանակություն ունի: Այն մեթոդները, որոնք թույլ են տալիս արագորեն գնահատել սննդի որակը, շատ արդիական են: Հայտնի է, որ ձկնամթերքի եւ մսամթերքի որակի ցուցանիշը հիստամինի բացակայությունն է, որի արագ չափումը թույլ է տալիս որակապես գնահատել մսամթերքը: Այդ խնդիրների լուծման համար անջատվել է հիստամինազ ֆերմենտը, որն առանցքային է հիստամինի որոշման համար:
Սննդի անվտանգության ոլորտում հնարավոր կլինի ստեղծել խելացի փաթեթներ, որոնց գունային փոփոխությունները թույլ կտան անզեն աչքով գնահատել մսամթերքի որակը:
Գիտական խմբի մեկ այլ հետազոտության շրջանակում իրականացվել է տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ ու բարձր քվանտային ելքով եւ ֆլուորեսցենցիայի լայն տիրույթով օժտված կարբոնային կետերի սինթեզ: Կարբոնատային կետերը հեռանկարային միացություններ են ինչպես դեղամիջոցների թիրախային առաքման, այնպես էլ ներօրգանային պրոցեսների վիզուալիզացիայի համար: Ի տարբերություն այլ միացությունների, դրանք քիչ տոքսիկ են եւ չեն առաջացնում տարաբնույթ կողմնակի ազդեցություններ: Այս խնդիրների լուծումը թույլ կտա իրականացնել տարբեր կենսաանալիզներ նոր մակարդակի վրա, ինչպես նաեւ ուսումնասիրել ներօրգանիզմային երեւույթները տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ:
Հետազոտություններին մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Բժշկական կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտաշխատողները:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր