Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Աշխարհը չի կարող լուռ մնալ,  Կանգնի՛ր Հայաստանի կողքին

Նոյեմբերի 27 -ին Փարիզի սուրբ Հովհաննես Մկրտիչ հայ առաքելական եկեղեցու «Նուրհան Ֆրենկյան» սրահում տեղի ունեցավ շնորհալի նկարչուհի Ամալի Գալստյանի ԱՐՑԱԽ խորագիրը կրող ցուցահանդեսը:

Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը ողջունելով այս նախաձեռնությունը, այն համարեց շատ կարեւոր իրադարձություն:

Իր խոսքում, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Սարո Մարտիրյանը կարեւոր համարեց, որ այս նկարները ֆրանսիացիները տեսնեն, եւ պետք է ջանք թափել, որպեսզի ցուցադրվեն Փարիզի Լյուքսենբուրգյան այգում եւ այլ տեսարժան վայրերում:

Ամալի Գալստյանն ասաց, որ «ԱՐՑԱԽ»  նկարների շարքով   նպատակ ունի պատկերավոր կերպով ներկայացնել այս չափազանց հարուստ ժառանգության մի մասը եւ այդ յուրահատուկ ճարտարապետությունը ճանաչելի դարձնել ուրիշներին:

Թուրք-ադրբեջանական ագրեսիվ գործողությունները հայ ժողովրդի դեմ՝ Ամալի Գալստյանին մղեցին աշխարհի ուշադրությանը ներկայացնել մի ամբողջ ժողովրդի փաստացի գոյությանը եւ մշակութային ժառանգության ոչնչացման վտանգը:

Տարիներ ի վեր, հայկական կոթողների ոչնչացումը եղել է թուրք – ադրբեջանական հայատյաց քաղաքականություն: 44-օրյա Արցախի պատերազմը, որն ավարտվեց Շուշիի, Հադրութի, Մարտունու շրջանի մի շարք գյուղերի բռնազավթումով, առաջնահերթ ծրագիրը  Արցախի  տարածքում հայկական հետքերը վերացնելն է:

Միջազգային հանրությունն անտարբեր է  հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենօրյա բարբարոսություններին, որը համահունչ է Նախիջեւանում տեղի ունեցած    շարունակական  մշակութային  ցեղասպանությանը, Ջուղայի գերեզմանատան ամբողջական ավերմանը:

Այս սարսափելի արարքները յուրաքանչյուր հայի համար դառը հիշողություն է:

Որպես հայ արվեստագետ`  Ամալիի նպատակն է այս ցուցահանդեսով   աշխարհի ուշադրությունը հրավիրել այն սպառնալիքի վրա, որին հայ ժողովուրդը բախվում է ամեն օր:

Ամալի Գալստյանի  ԱՐՑԱԽ խորագիրը կրող ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ԿԱՐՈՂ  ԼՈՒՌ ՄՆԱԼ, ԿԱՆԳՆԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ կարգախոսը ուղերձ է, որպեսզի ծրագրված` հայկական մշակութային կոթողների  ոչնչացմանը, Արցախում հայկական հետքը վերացնելու Ադրբեջանի քաղաքականությանը՝  վե՛րջ տրվի՛:

ԱՆԺԵԼԱ ՍԱՀԱԿՅԱՆ