Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՙ ԱՌԱՆՑ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 25-րդ տարելիցը: Հրամանատարի զինվորները նրա պարագայում մահանալ, զոհվել, ընկնել բառերը չեն ընդունում, որովհետեւ իրենց Լեոնիդն անմահ է:


Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը Լեոնիդ Ազգալդյանին 1990 թվականի գարնանն է հանդիպել Վարդենիսի տարածքում, որտեղից նա իր ջոկատի հետ Քարվաճառի ուղղությամբ պաշտպանություն էր իրականացնում: Մոտալուտ պատերազմի ու ռազմական թեժ գործողությունների հոտն առածՙ Լեոնիդ Ազգալդյանը կանոնավոր բանակի մանրակերտն էր ստեղծել. նրա ջոկատի տղաներն օրական 12-14 ժամ զինավարժությունների էին մասնակցում, օրական երկու անգամ լողանում էին, սափրվում, կոկիկ հագնվում. ծխելը, խմելն արգելված էր, մորուք պահելըՙ նույնպես: Ազգալդյանը դեմ էր ֆիդայիզմ երեւույթին ու դրա թիվ մեկ նախանշան մորուքին: «Մենք երեւի ֆիդայիզմի զոհ դառնանք, եթե չենք ուզում հասկանալ իրավիճակի լրջությունը»,- ասել է Ազգալդյանը: Այն կամավորները, ովքեր ցանկություն էին հայտնում անդամագրվել Ազգալդյանի խմբին, պարտավորվում էին խստորեն հետեւել հրամանատարի սահմանած կարգուկանոնին, հակառակ դեպքում ստիպված էին հեռանալ: Ամենօրյա զինավարժությունների ու զինվորական խիստ դրվածքի շնորհիվ է, որ Ազգալդյանի ջոկատը չորս տարի տեւած մարտերում ընդամենը վեց զոհ է տվել: Ամիսներ շարունակ Լեոնիդն իր տղաներին զենք չի տվել, քանի դեռ նրանք ռազմական հմտությունների չեն տիրապետել: Մինչդեռ այլ ջոկատների հրամանատարներ առաջին իսկ օրն են կամավորներին ավտոմատ տվել ու հաջորդ օրը նրանց թաղումը կազմակերպել:

Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերի երկայնքով Լեոնիդ Ազգալդյանի ղեկավարությամբ կազմակերպվում էր մեր ինքնապաշտպանությունը: Նա գլխավորում էր բանտից նոր դուրս եկած Աշոտ Նավասարդյանիՙ Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահի ստեղծած ռազմական կառույցը, որ կոչվում էր Անկախության բանակ: Բայց Հանրապետական կուսակցությունը, որ Գերագույն խորհրդում պատգամավորական խումբ ուներ, մեկ տարի անցՙ 1991-ին որոշեց, որ այլեւս չեն ուզում ռազմական կառույց ունենալ: Նրանք իրենց պայքարը տեղափոխեցին քաղաքական դաշտ: Վազգեն Սարգսյանը արգելում է Ազատագրական բանակի համար Հայաստանից ռազմամթերքի տեղափոխումը Մարտակերտ ու Շահումյան:

«Ամոթով եմ հիշում, բայց հիշել պետք է. Հանրապետական կուսակցությունը զինաթափ արեց Լեոնիդին հենց Վարդենիսում: Ես դրա ականատեսն եմ եղել: Մինչեւ հիմա աչքիս առաջ է այդ պատկերը: Հանրապետականներն ուղարկել էին իրենց կոմիսարին, որը հիմա իրենց քաղաքական գործիչներից է. չեմ ուզում նրա անունը տալ, եթե կարող է, թող ինքն ամոթ զգալովՙ այս պատմությունը պատմի ու ներողություն խնդրի: Այդ կոմիսարը եկել էրՙ Լեոնիդի զենքերը հավաքելու, որովհետեւ Վազգեն Սարգսյանը որոշել էր, որ կամավորական անկախ միավորումներ չպետք է լինեն եւ բոլոր զենքերը պետք է հանձնվեն կենտրոնական ռազմական համակարգող մարմնին: Մինչեւ հիմա չեմ կարողանում մոռանալ Լեոնիդից վերցրած զենքերը տանող այդ մարդու կերպարանքը, չեմ կարողանում հասկանալ ու ներել նրան: Մեր սահմաններն անպաշտպան էին, գյուղացինՙ անզեն. բոլորը գիտեին, որ Ադրբեջանը ռազմական լուրջ գործողությունների է պատրաստվում, ու Հանրապետական կուսակցությունը գալիս էՙ Լեոնիդին զինաթափ անելու: Զենքերը Երեւան տեղափոխելով Վազգեն Սարգսյանին գոհացրին, բայց կարճ ժամանակ անց, բարեբախտաբար, Ջավախքի մեր հայրենակիցները զենք-զինամթերք, զինվորական հագուստ ուղարկեցին: Պիտի բոլորն իմանան, որ եթե այդ ժամանակ չլիներ Ջավախքը, մերոնք սարսափելի դրության մեջ կհայտնվեին»,- պատմում է Ազատագրական բանակի զինվոր Սարգիս Հացպանյանը :

1991 թվականի մայիս-հունիսին հիմնադրված Ազատագրական բանակը հայոց պատմության մեջ առաջին ռազմական միավորն է, որն ընդգրկել է Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը. այդ համախմբումը համահայկական միասնականություն, հավաքական ուժ ու ոգի ձեւավորելու միտում է ունեցել: Լեոնիդ Ազգալդյանը շատ հեռատես է եղել ու հասկացել է, որ ամբողջ մոլորակի հայությունը պետք է համախբվի, վերամիավորվի. ազատագրական պայքարը հենց այդ համախմբման հավատով է սկզբնավորվել: Արցախյան հերոսամարտի ժամանակ Սփյուռքն անգնահատելի առաքելություն է կատարել, որի մասին գրեթե չի խոսվում: Հենց Լեոնիդ Ազգալդյանի գաղափարն է եղելՙ առաջին ռազմական կառույցը կոչել Ազատագրական բանակ, որովհետեւ նրա նպատակն Արցախն ազատագրելն էր, ոչ թե պաշտպանվելը: Հրամանատարն իր ձեռքով է Ազատագրական բանակի զինանշանը նկարելՙ խոյահարող նետ: 80-100 հոգուց կազմված այդ ջոկատը 27 ռազմական գործողություն է իրականացրել, 27-ն էլ հաջողված ու հաղթանակով պսակված: Հանձին ու ի դեմս Լեոնիդ Ազգալդյանիՙ նրա տղաները տեսնում էին Հայաստանի բանակն ստեղծողին: Երբ Լաչինն ազատագրվել է, Ազգալդյանին շնորհավորել են, իսկ նա ասել է. «Այս ամենը կհավասարվի զրոյի, եթե մենք չունենանք կանոնավոր բանակ»:

Լեոնիդ Ազգալդյանն իր ներկայությամբ Շահումյանում իրավիճակ է փոխել, որը հանգեցրել է նաեւ ամբողջ Արցախի իրավիճակի փոփոխությանը: Նրա ռազմական հմտությունները, բնատուր ձիրքերը, առաքինությունն ու ազնվությունը, ուժեղ կամքը, առաջադեմ մտածելակերպը անհամեմատելի են: Ազգալդյանի զինվորները չեն կարողանում մատնանշել նրա նման երկրորդ հայորդու, հրամանատարի ու մարդու: Լեոնիդ Ազգալդյանը Հայաստանի ջրագնդակի հավաքականի ավագն ու բազմակի ռեկորդակիր է եղել: Ֆիզիկական տվյալներին զուգահեռՙ նա մտավոր շնորհներ է ունեցել. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը:

Ազատագրության բանակի զինվորները հիշում են, թե ինչպես Ազգալդյանին Շահումյանում միացավ նաեւ Վլադիմիր Բալայանը: Այդ ժամանակ Դաշնակցությունը Շահումյանում կուսակցականացված ռազմական կառույցներ ուներ: Վլադիմիր Բալայանին դաշնակցականները 14 միավոր զենք էին տվել: Լեոնիդը Վլադիմիրին ասել է, որ Ազատագրական բանակը ոչ մի կուսակցության չի պատկանում. այն ապակուսակցական ու ապաքաղաքական է: Վլադիմիր Բալայանը զենքերը վերադարձրել է Դաշնակցությանը, դուրս եկել այդ կուսակցության շարքերից եւ միացել Ազատագրական բանակինՙ դառնալով ամբողջ արցախյան ճակատի հրամանատարը:

«1992 թվականը մեր նահանջի ժամանակաշրջանն էր: Հայաստանից ու Արցախից ղեկավարվող ռազմական սխալ գործողությունների պատճառով Շահումյանը դավադրաբար ընկավ: Մարտակերտը, որ Արցախի գրեթե մեկ երրորդն է կազմում, համարյա կորցրեցինք: Լեոնիդ Ազգալդյանն ու Վլադիմիր Բալայանը զոհվեցին. մեր մարտիկների շրջանում խուճապ սկսվեց: Ասպարեզ մտավ Լեոնիդի մանկության ընկերըՙ Ալեքսանդր Թամանյան կրտսերը, որը շարունակեց Ազատագրական բանակի հիմնադիր հրամանատարի գործը: Լեոնիդն ու Վլադիմիրը չկային, բայց նրանց տղաները մինչեւ վերջ կրեցին նրանց գաղափարները եւ անխախտ սկզբունքներով շարունակեցին իրենց ճանապարհը: Տարածքային կորուստները հետ բերեցինք: Քարվաճառն ազատագրելը երազանք էր Լեոնիդ Ազգալդյանի համար: Նա դեռ 1989-90 թվականներին երկու անգամ Հայաստանի կողմով կտրել-անցել էր Արցախՙ Դադիվանք, ու մշակել էր Քարվաճառի ազատագրման գործողությունները: Լեոնիդի զոհվելուց հետո քանի որ Շուշին եւ Բերձորն արդեն ազատագրված էին, նրա զինվորները որոշեցին իրենց հրամանատարի ծրագիրը կյանքի կոչել, եւ 1993-ի մարտի վերջերին Քարվաճառն ազատագրեցին: Ազատագրական բանակի զինվորներն առաջինն են ոտք դրել Քարվաճառ: Ազգալդյանիՙ արդեն պատրաստի ռազմական գործողությունների ծրագիրն ուղղակի իրականացվել էՙ ընդամենը մեկ զոհ տալովՙ Սասուն Հակոբյան»,-պատմում է Սարգիս Հացպանյանը:

Լեոնիդը մահից հետո էլ է ծառայել ազգին, ու եթե այսօր Հայաստանն ու Արցախը տարանջատված չեն, նրա զինվորների համոզմամբՙ պարտական ենք մեծ զորավարին: Արցախյան ազատամարտի Նժդեհ, գերմարդ, գաղափարական կերպար. լեգենդ. այսպես են Լեոնիդ Ազգալդյանին բնութագրում նրա տղաները:

«Սա Հայաստանն է եւ վերջ. ոչ ոք իրավունք չունի այն վաճառքի, փոխանակման, հանձնման դնել» հայտնի արտահայտությունը Ազգալդյանն ասել է Մարտակերտի եւ Շահումյանի միջակայքում մի լեռան վրա: Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները վախվորածՙ չէին էլ համարձակվում խոսել Արցախի անկախության, վերամիավորման մասին: Իսկ Ազգալդյանը զգուշացրել է, որ ոչ մի թիզ հող ոչ մի դեպքում չի կարելի զիջել: Արցախ աշխարհը Հայաստանն է եւ վե՛րջ: Նրա համար յուրաքանչյուր զինվոր անգնահատելի արժեք է եղել: Այդ պատճառով էլ ռազմական յուրաքանչյուր գործողություն ծրագրել է այնպես, որ զոհեր ու վիրավորներ չունենանք: Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադեւոսյան) պատմում է, որ գյուղերից մեկի ազատագրումը նա նորից է ծրագրելՙ չհամաձայնելով իր հետ, քանի որ հակառակ դեպքում մենք զոհեր կունենայինք: Պաշտպանությունն ու հարձակումը նա միշտ կազմակերպել է այնպես, որ մարդկային կորուստներ չունենանք: Երբ կամավորները նրան ասել ենՙ մենք եկել ենք մեռնելու, Լեոնիդը հակադարձել էՙ մեզ մեռնողներ պետք չեն, մեզ ապրող ու ապրեցնողներ են պետք:

Ազգալդյանի զինվորները համոզված են, որ եթե իրենց հրամանատարը ողջ լիներ, մինչեւ հիմա նոր տարածքներ ազատագրված կլինեին ու կունենայինք այլ Հայաստան, այլ զինված ուժեր:

Ազատագրական բանակի զինվորները չեն ինտեգրվել Հայաստանի մերօրյա զինուժի գեներալիտետի դրվածքին ու պահվածքին: Նրանք այդ շարքերում չեն: Տղաներից շատերը Պաշտպանության բանակի սպաներ են ու մեծ մասամբ ծառայում են Մարտակերտում, հետախուզության առաջին գծում: Լեոնիդ Ազգալդյանից ժառանգած բարոյական արժեքները նրանց համար դեռ շարունակվում են:

Ազգալդյանի տղաները մինչեւ հիմա չեն հավատում, որ իրենց հրամանատարն ադրբեջանցու գնդակից է ընկել: Եղնիկներ կոչվող տարածքումՙ անտառամիջյան զառիվերին, երեք հոգի մի քանի օր դարանակալած սպասել է նրան: 1992-ի հունիսի 21-ին ջոկատի վարորդիՙ Պավել Թադեւոսյանի հետ Շահումյանից Մարտակերտ վերադառնալիս նրա վրա կրակահերթ են բացել: Վարորդին հաջողվել է մեքենայի ձախ դռնով դուրս փախչել ու փրկվել, իսկ Լեոնիդն առաջին իսկ փամփուշտից զոհվել էՙ մատը նռնակի օղակին: Դարանակալածները ոչ մի ավար իրենց հետ չեն վերցրելՙ ոչ զենք, ոչ էլ Ազգալդյանի մոտ եղած խոշոր գումարը, որով նա պատրաստվում էր զինամթերք գնել: Իսկ դարանակալման վայրում գտնվել են հայկական բուշլաթներ, «Սալյուտ», «Կոսմոս» սիգարետների մնացորդներ, պահածոյացված ուտելիքՙ Հայաստանից: Այն ժամանակվա իշխանություններն այս ողբերգական միջադեպը ներկայացրել են որպես ադրբեջանական դիվերսիա:

Հ.Գ.- Լեոնիդ Ազգալդյանը ոչ Հայաստանի, ոչ էլ Արցախի ազգային հերոսի կոչման այդպես էլ չարժանացավ: Արդեն երկու տարի պարբերաբար բարձրաձայնվում էՙ Երեւանի Լենինգրադյան փողոցը վերանվանել Լեոնիդ Ազգալդյանի անունով, սակայն վերեւներից ոչ մի արձագանք: Հերոսացման համար մեր երկրում հերոսի կոչում վերջին անգամ շնորհվել է 1996-ին, դրանից հետո ազգային հերոսի կոչումներ են տրվել ֆինանսական ներդրումների, հայրենիքին մատուցած ծառայությունների համար: 1999-ին այդ կոչումը շնորհվեց Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին, 2004-ինՙ Քըրք Քրքորյանին եւ Շառլ Ազնավուրին: Վերջին մարդը, որ Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել Նիկոլայ Ռիժկովն էՙ 2008-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ «ԿԵՂՏՈՏ» ԼՎԱՑՔԸ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՑԱԽՄԲԻ «ԿԵՂՏՈՏ» ԼՎԱՑՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական