Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Իմաստաբանական բառարան

Գլխաշորի զորությունը

Որոշակի համամասնություններով գլխի մազեղեն ծածկույթը կանացի գեղեցկության գրավականներից է: Որքան բանաստեղծներ են ներշնչվել գեղանի կանանց հրացայտ վարսերի ցնորական փայլով: Որքան սրտեր են մաշել քամուն տված թավ մազերով աղջիկները…

Ասում են՝ կանացի մազերից սրտերը փոթորկող էներգիա է ճառագում: Թերեւս դա է պատճառը, որ որոշ ժողովուրդներ (տղամարդիկ) մշակութային ու բարոյական նկատառումներով ստիպել են իրենց կանանց քողարկել մազերը: Այդպիսի ավանդույթ գոյություն է ունեցել թե՛ զրադաշտների, թե՛ հրեաների ու քրիստոնյաների եւ թե՛ մահմեդականների մոտ:

Այսօր մեր հարեւան Իրանում կանայք հանրային վայրերում քողարկում են իրենց մազերը՝ չմոռանալով սակայն հետեւել  նորաձեւության  չգրված օրենքներին: Հաճախ գլխաշորի տակից ցոլարձակող մազերի փայլը երկրի ներքաղաքական իրավիճակի գնահատման յուրահատուկ բարոմետրի դեր է կատարում. Կարելի է ասել՝ ցոլարձակած մազափնջի չափն ու ծավալը ուղիղ համեմատական է երկրում տիրող հանդուրժողականության աստիճանի հետ: Երբեմն, ինքնացուցադրման համար ավելի բարենպաստ թվացող  պայմաններում կանայք իրենց թույլ են տալիս հատելու իսլամական հագուկապի նախանշված սահմանները: Այդ սահմանը հատած կանանցից էր   22 ամյա քրդուհի Մահսա Ամինին:

Հատկանշական է, որ Իրանի վերջին բողոքի գործողությունների ժամանակ կանացի գլխաշորը ձեռք է բերել նաեւ «հեղափոխական դրոշի» նշանակություն, որի միջոցով հագուկապի պարտադրանքը մերժող կանայք իրենց հրապարակային բողոքն արտահայտում են սեփական գլխաշորը որեւէ ձողի վրա ամրացրած վիճակում թափահարելով:

Բողոքի այս ձեւը ներդրվել է ժամանակակից Իրանում: Իսկ պարսից առասպելաբանությունը վկայում է, որ բողոք արտահայտելու առաջին միջոցը նույնպես ներդրվել է Պարսկաստանում, երբ դահճաբարո Բյուրասպ  Աժդահակի բռնություններին ընդդիմացած Քավե կոչված դարբինն իր քղանցքի կաշվե գոգնոցը հանում եւ ամրացնում է ձողին՝ ետեւից տանելով բողոքավոր  բազմությանը:

Ասօր բողոքավոր  բազմությունը մինչեւ ո՞ւր  կգնա գլխաշորը ձողին արմացրած պարսկուհիների  ետեւից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ