ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ
Մարտի 15-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Տուրիզմը եւ ֆիլմարտադրությունը. համագործակցության հեռանկարներ» խորագրով հանդիպում-քննարկում. կազմակերպիչներն էին ՀՀ զբոսաշրջության կոմիտեն, Associated Television International հեռուստաարտադող ընկերությունը (ԱՄՆ) եւ Academy Films ֆիլմարտադրող ընկերությունը (Հայաստան):
Հանդիպում-քննարկման սկզբում ցուցադրվեցին Հայաստանի եւ Արցախի բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, խոհանոցը, ժողովրդական ավանդությունները ներկայացնող տեսաֆիլմերի թրեյլերները: Այնուհետեւ ողջույնի խոսք ասաց «Academy Films» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Արամ Թորոսյանը , որ ներկայացրեց խոսնակներին եւ ամբիոնի մոտ հրավիրեց Associated Television International հեռուստաարտադրող ընկերության նախագահ, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսեր Դեյվիդ ՄկՔենզիին : Հոր կողմից հայ Դեյվիդ ՄկՔենզին հանդես եկավ «Հայկական տուրիստական ծառայությունների մարքեթինգը ԱՄՆ-ում եւ Կանադայում, հեռուստաարտադրանքի եւ կինոարտադրանքի դերը» վերնագրով բանախոսությամբ: Նա ասաց. որ իրենց նպատակը Հայաստանի տնտեսության եւ զբոսաշրջության համար կարեւոր բան անելն է: Իրենք կառավարության հետ համագործակցաբար սկսել են զբաղվել Հայաստանի մարկետինգով ԱՄՆ-ում եւ Կանադայում: Մոտակա ժամանակաշրջանում ընկերությունը պատրաստվում է 3,5 միլիոն դոլար ներդնել ԱՄՆ-ումՙ Հայաստանի զբոսաշրջության գովազդի համար: «Academy Films» ընկերության հետ համագործակցելովՙ նկարահանվել է Հայաստանի ու Արցախի մասին պատմող վավերագրական երկու ֆիլմ, կնկարահանվեն նաեւ նոր ֆիլմեր, որոնք կներառեն Հայաստանի բոլոր քաղաքները: Ցանկացողները կարող են այդ ֆիլմերն անվճար օգտագործելՙ ցուցադրել կոնֆերանսների ընթացքում, ֆիլմերից իբրեւ նյութ վերցնել հատվածներ եւ այլն: Ըստ ՄկՔենզիիՙ իրենք, համագործակցելով Հայաստանի տուրիստական խորհրդի եւ կառավարության հետ, պատրաստվում են նկարահանել նաեւ Հայաստանը ներկայացնող գովազդային տեսահոլովակներ, որոնք կցուցադրվեն ԱՄՆ-ի ազգային հեռուստաարձակմամբ, նաեւ գովազդային բիլբորդներ կտեղադրվեն ԱՄՆ-ում եւ Կանադայում: ՄկՔենզին ասաց նաեւ, որ իրենք կապ են հաստատելու ճամփորդական տարբեր հեռուստաշոուների հետ եւ աջակցելու են նրանցՙ թե՛ տեխնիկապես, թե՛ կազմակերպչական հարցերով, որպեսզի վերջիններս գան Հայաստան եւ իրենց հաղորդումները նկարահանեն այստեղ:
Այս աշնանը «Ավրորա» ֆորումի ընթացքում ծրագրված է նաեւ անցկացնել տուրիստական գիտաժողով Երեւանում: Կան նաեւ այլ ծրագրեր: Դեյվիդ ՄկՔենզին ասաց, որ հետաքրքրական գաղափարներ ունեցողները կարող են դրանք ներկայացնել «Academy Films» ընկերությանը:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը խոսեց «Պետություն եւ մասնավոր հատված. երկխոսություն եւ համագործակցություն» թեմայի շուրջ: Նա վարչապետի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Դեյվիդ ՄկՔենզիին, Արամ Թորոսյանին, «Academy Films» ընկերությանը, գործարար եւ ռեժիսոր Սերգեյ Սարկիսովին ՙ նման ազգօգուտ աշխատանք կատարելու համար: Բանախոսն ասաց, որ իրենք ջանում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնք օգտվի զբոսաշրությունից, ջանում են նպաստել մեր երկրում էկոտուրիզմի, կրոնական տուրիզմի զարգացմանը:
Լրագրող, «Laura McKenzie s Traveler» հաղորդաշարի հեղինակ Լորա ՄկՔենզիի բանախոսության վերնագիրն էր «Ամերիկյան զբոսաշրջիկների ակնկալիքները Հայաստանում, կապի հաստատում ԱՄՆ մեդիայի հետ»: Լորա ՄկՔենզիի ճանապարհորդական հաղորդումները ցուցադրվել են Հայաստանում: Հանդիպում-քննարկման ժամանակ ցուցադրվեց Հայաստանի մասին նրա նկարահանած հաղորդումից մի հատված. նշված հաղորդումը պատկերասփռվել է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում: Լորա ՄկՔենզիի խոսքովՙ իրեն ոմանք ասում էին, թե Հայաստանում միայն վանքեր կան, գալով Հայաստան, սակայն, ինքը պարզեց, որ այստեղ ներկայացնելու շատ բան կա:
Դերասանուհի, «Elizabeth Stanton s Great Big World» հաղորդաշարի հեղինակ Էլիզաբեթ Սթենթոնը անդրադարձավ «Ինչպես հետաքրքրել երիտասարդ զբոսաշրջիկներին» խնդրին: Ցուցադրվեց մի հատված նրա նկարահանած ճանապարհորդական շուոիցՙ նվիրված Հայաստանին: Սթենթոնը, որ մասամբ հայ է, ասաց, որ ամերիկյան «Փոփ սթար» ամսագիրը նյութ է տպագրել Հայաստանի մասին: Ըստ նրաՙ հարկավոր է, որ մյուսներն էլ իմանան, թե որքան հրաշալի երկիր է Հայաստանը:
Դարձյալ ամբիոնին մոտեցավ Դեյվիդ ՄկՔենզին. նա հայտնեց, որ 2018-ին Հայաստանում նկարահանվեց առաջին սարսափ սերիալըՙ հայ դերասանների եւ հայկական աշխատակազմի մասնակցությամբ: Այն այս տարի արդեն կցուցադրվի ԱՄՆ-ում: Նա վստահություն հայտնեց, որ նման նախագծերը շարունակական կլինեն, քանի որ Հայաստանը հրապուրիչ երկիր է նաեւ ֆիլմարտադրողների համար: Բացի դրանից, այդ ֆիլմերը Հայաստանը ճանաչելի են դարձնում: Եթե իրենք հաջողեն իրենց գործում, ապա այլ ամերիկյան ընկերություններ էլ կկամենան Հայաստան գալ:
Արամ Թորոսյանն իր խոսքում («Զբոսավարների ծառայությունը Հայաստանում. առաքելությունը եւ խնդիրները») ասաց, որ «Academy Films»-ը հրավիրում է արտասահմանյան ֆիլմարտադրող ընկերություններին Հայաստանում ֆիլմ նկարահանելու: Իրենք շուտով Հայաստանում կունենան տարածաշրջանի, եւ ոչ միայն, մասշտաբով ֆիլմարտադրության առաջին լոկացիոն բազան, այնպիսի բազա, որ չունեն շատ երկրներ: Նա նաեւ նշեց, որ Հայաստանում մատուցվում են զբոսաշրջության բարձր մակարդակի ծառայություններՙ ավելի բարձր, քան մի շարք երկրներում: Արամ Թորոսյանն ասաց, որ ոլորտով հետաքրքրվող ու մտահոգվող անձինք կարող են իրենց գաղափարները, մտահղացումները, առաջարկները ներկայացնել «Academy Films»-ին, նա նաեւ ընգծեց, որ նման հանդիպումներ պետք է հաճախ լինեն: