«Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբՙ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է:
Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» (ՀՊՆ) ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտՙ հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ եւ մոտեցումներ:
Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» եւ «Y» սակագնային պլանները եւ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում «X» եւ «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը: Մրցույթի մասնակիցներն առաջարկել են նաեւ նոր ու հետաքրքիր մտքեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաեւ որպես բիզնես-լուծում:
Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
«Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջեւ դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն եւ մի փոքր էլՙ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երեւակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարեւոր էՙ տարբեր հմտություններ զարգացնելու եւ ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը եւ կատարելագործել ձեր մտքի ճկունությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են սմարթֆոններով: