«Թուրքիան առանձնակի թիրախ է դարձրել Սիրիայի աորիներին եւ հայերին, որ ավարտին հասցնի օսմանյան պետության կիսատ թողած ցեղասպանությունը» Հայտարարում է ասորական ինքնապաշտպանական ուժերի կին հրամանատար Մադլեն Խամիսը
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսեց իրականացնել «Խաղաղության աղբյուր» ծածկանունով ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում, 120 կմ երկարությամբ նախատեսվող «անվտանգ» գոտին, որն ունի 30 կմ խորություն, Իրաքի սահմանից մինչեւ Ջարաբլուս երկարաձգելու միջոցով դրա երկարությունը 144 կմ հասցնելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջադրանքով: Թեեւ առաջադրանքը չիրագործվեց, ավելինՙ հոկտեմբերի 17-ին Անկարայում Թուրքիան ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի պատվիրակության հետ ստորագրեց զինադադարի պայմանագիր, իսկ հոկտեմբերի 22-ին Սոչիում ընդունված Պուտին-Էրդողան հուշագրով պարտավորվեց դադարեցնել ռազմական գործողությունները: Չնայած զինադադարի մասին թուրք-ամերիկյան պայմանագրին եւ Սոչիի հուշագրից բխող պարտավորության, ինչպես նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության, թե Թուրքիան դադարեցրել է ռազմական գործողությունները, պարզվում է դրանք առ այսօր շարունակվում են:
Այլ կերպՙ ոչ Անկարայի թուրք-ամերիկյան պայմանագիրը, ոչ էլ Սոչիի Պուտին-Էրդողան հուշագիրը Սիրիայի հյուսիս-արեւելքում չեն փոխել իրադրությունը, ուղղակի փոխվել է գործողությունների բնույթը: Դրանք առաջվա պես լայնածավալ չեն, քանի որ կենտրոնացել են գլխավորապես Ղամիշլիի շրջանի Թիլ Թամիր ավանի ասորական եւ հայկական գյուղերի վրա:
Այդ մասին դեկտեմբերի մեկին «hawarnews.com» կայքէջում նշել է Խաբուրի ինքնապաշտպանական ուժերի կին հրամանատար ասորի Մադլեն Խամիսը : Նա նշել է, որ թուրքական զորքերը, Թուրքիայի հովանավորությամբ Իսլամական պետության եւ Ան Նուսրայի թափթփուկներից կազմավորված «Սիրիայի ազգսյին բանակի» ահաբեկիչների հետ հարձակվել են Թիլ Թամիրի վրա, թիրախ դարձնելով ասորիներին ու հայերին. ասորական ռազմական խորհուրդը Խաբուրի ինքնապաշտպանական ուժերի հետ շարունակում է դիմադրությունը թուրքական պետության եւ աջակից հրոսակների դեմ:
Մադլեն Խամիսի վկայությամբ, հակառակ հայտարարված զինադադարի եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» 32 կմ հեռացմանը Թուրքիայի սահմանից, թուրք զավթիչները շարունակում են հարձակումները, Թիլ Թամիրի գյուղերից 70-ը օկուպացված է թուրքական պետության եւ հրոսակների կողմից, թեեւ իրենք բազմիցս դիմել են միջազգային ուժերին, սակայն վերջիններս աչքաթող են անում դիմումները, հիշեցնելով իրենց զինադադարի մասին, որը Թուրքիան եւ հրոսակները անընդհատ ոտնահարում են: Վերջում Խամիսը եզրակացրել է. «Բոլորն էլ գիտեն որ այս հրոսակներն աջակցում են Թուրքիային, իսկ թուրքական պետության պատմությունը հեղեղված է կոտորածներով եւ ցեղասպանություններով: Թիլ Թամիրի բնակչությանը կանգնած է մեծ վտանգի առջեւ: Դա հատկապես վերաբերում է ասորիներին եւ հայերին: Հատուկ թիրախ են դարձրել ասորի եւ հայ զանգվածներին, որ ավարտին հասցնեն Օսմանյան պետության կիսատ թողած ցեղասպանությունը»:
Համահունչ տեսակետներ դեռեւս հոկտեմբերի 31-ին հնչել էին «yeniozgurpolitika.net» կայքէջի «Ասորիները ռազմաճակատում են» խորագիրը կրող հոդվածում: Ասորական ներքին անվտանգության ուժերի հրամանատար Ռոբերտ Իշոն , դատապարտելով ասորիների եւ հայերի ոչնչացմանը հետամուտ ֆաշիստական տրամադրությունները, հիշեցրել է, որ թուրքական պետությունը պատմության ընթացքում մշտապես հարձակումներ է գործել ասորիների եւ հայերի վրա, ապա հավելել է. «Էրդողանի նպատակը Սիրիայի բռնազավթումն է ու մասնատումը: Մենք անցյալի կոտորածները դեռ չենք մոռացել: Կոտորածներ սարքելու այդ նույն նպատակին են ծառայում թուրքերի ներկայիս ռազմական գործողությունները»:
Նրան է միացել Ասորական միասնություն կուսակցության համանախագահ Սենհարիբ Բերսումը , մատնշելով, որ թուրքական պետության հարձակումների հետեւանքով սպառնալիքի տակ են հայտնվել ասորի ժողովուրդն ու ասորական եկեղեցիները: Նա Թուրքիային մեղադրել է զինադադարն ոտնահարելու մեջ, նկատի ունենալով Սոչիի հուշագրով Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդգծել է. «Թուրքիան չի հարգում նույնիսկ իր իսկ պայմանավորվածության դրույթները: Մինչ այդ նա չէր հարգել ԱՄՆ-ի հետ ստորագրած պայմանագիրը: Թուրքական պետության եւ նրան ենթակա հրոսակախմբերի միակ հոգսը օկուպացրած տարածքի եկեղեցիներն ու սրբավայրերը թալանելն է»:
Եկեղեցիները սրբապղծելու եւ ռմբակոծելու համար թուրքական պետությանը դատապարտել է նաեւ ասորի քահանա Նեիմ Յուսիֆը , որն ասել է, թե այս պետության պատմություն հենքում արյունալի կոտորածներն են, այդ պատճառով թուրքական պետությունը ձգտում է ջարդել մնացած բոլոր ժողովուրդներին: Քահանա Յուսիֆին հավելել է Ասորական դեմոկրատական կուսակցության ղեկավարներից Շեմուն Կակոն : Նա, համարելով օսմանյան ջարդարարության իրավաժառանգորդը, Սիրիայի ժողովուրդներին կոտորածի ենթարկելու մտադրության համար դատապարտել է Թուրքիային, ասել է, որ թուրքական պետության թիրախը տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն են:
Նոյեբերի 7-ին, ինչպես վկայում է «eniozgurpolitika.net-ը», թուրքական զորքերի եւ աջակից հրոսակախմբերի հարձակումները Ղամիշլիի շրջանի գյուղերի եւ գյուղաքաղաքների վրա ամբողջ թափով շարունակվում էին: Ասորական ինքնապաշտպանական ուժերին, քրդական ուժերի հետ , Սիրիայի դեմոկրատական ուժերի մամուլի կենտրոնի տվյալներով, հաջողվել է Թիլ Թամիրում ոչնչացնել հատուկ նշանակության զորքերում ծառայող 9 թուրք զինվորի, իսկ Այն Իսայումՙ 11-ին: 15 զոհ են տվել նաեւ Սիրիայի դեմոկրատական ուժերը: Ի դեպ, մամուլի վերոհիշյալ կենտրոնը նշում է, որ Թիլ Թամիրում ասորիների եւ հայերի հետ ուս-ուսի հերոսաբար կռվում են նաեւ արաբներն ու քրդերը, ապա հիշատակում Նինոզ Էրմանի անունով ոմն հայ մարտիկի մասին: Նա եկել է կռվելու թուրքական զորքերի դեմ լուծելու համար 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության վրեժը:
Վերոհիշյալ նյութերը թեեւ ես քաղել եմ Պոլսո «Հայ թերթ» կայքից, սակայն սկզնաղբյուրները ասորական ու քրդական են: Այս նյութերում զավթիչ նպատակների եւ գրավյալ տարածքներում էթնիկ զտում իրականացնելու, խաղաղ բնակիչներին անխնա սպանելու համար խստագույնս մեղադրվող Թուրքիայի հետ ոչ պակաս խստությամբ մեղադրվում են նաեւ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որ չեն ստիպում Թուրքիային հետամուտ լինել ո՛չ Անկարայի թուրք-ամերիկյան պայմանգրին, ո՛չ էլ Սոչիի հուշագրին: Բայց ինչպե՞ս ստիպեն, երբ միջազգային շրջանակներում «ստվերային CIA-ի» համարում ունեցող «գլոբալ հետախուզական» ընկերության հիմնադիր Ֆրիդմանն Անկարայում տարածաշրջանում պատասխանատվություն ստանալու առաջարկ է անում Թուրքիային, որ կռվի ԱՄՆ-ի փոխարեն, իսկ Ռուսաստանը, շվեդական «Nordic Monitor» կայքի վկայությամբ, գաղտնի պայմանագիր է կնքում թուրքական կողմի հետ, թույլատրելով վերջինին ենթակա վարձկաններին Իդլիբից հրաժարվելու դիմաց հարձակվել Սիրիայի դեմոկրատական ուժերի վրա: