Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳՐԵՀԵՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՓԱԹԵԹ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որ նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմըՙ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը:

Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:

Նշվում է, որ Գրեհեմի եւ դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:

Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչու՞ է այդքան երկար տեւում» հարցին ի պատասխանՙ Գրեհեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար: