Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ

17/01/2020
- 17 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2019 թ. դեկտեմբերի 20-ին «Ազգ» շաբաթաթերթի 48 -րդ համարում լույս էր տեսել Արեւիկ Քեշիշյանի «Թուրքական գլուխկոտրուկներ Միջերկրական ծովում» հոդվածը, որտեղ տրված էր լավ վերլուծություն, թե ինչ է փնտրում Անկարան արեւելյան Միջերկրածովում` նոր ծովային գոտիներ սահմազատելիս եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ հուշագիր ստորագրելուց հետո:

Վերոհիշյալ կառավարությունը ղեկավարում է Ֆայիզ Սարաջը, որի հսկողության տակ է մայրաքաղաք Տրիպոլին եւ երկրի արեւմտյան մասը: Թուրքիան փորձում է խառնվել Լիբիայի ներքաղաքական իրադարձություններին եւ, փաստորեն, մասնակցել այդ պետության քաղաքացիական պատերազմին` պաշտպանելով Սարաջի կառավարության շահերը:

Եվ այսպես, ով է Ֆայիզ Մուստաֆա ալ-Սարաջը , ծնված 1960 թ. փետրվարի 20-ին Տրիպոլիում: Լիբիայի քաղաքական եւ պետական գործիչ, դավանում է իսլամ, Ազգային համաձայնության կառավարության վարչապետ, նախագահական խորհրդի ղեկավար: Ավարտելով Ալ- Ֆատեհի համալսարանը (ներկայումս Տրիպոլիի համալսարան) եւ ստանալով ճարտարապետության բակալավրի աստիճան, նա սկսել է իր աշխատանքային կարիերան Լիբիայի բնակարանային շինարարության նախարարությունում դեռեւս նախագահ Մուամար Քադդաֆիի ժամանակաշրջանում: 1999 թ. Ֆայիզ Սարաջը ստացել է մագիստրոսի աստիճան վարչարարական աշխատանքի ոլորտում:

2015թ. հոկտեմբերի 9-ին երկրում հաստատվեց ազգային միասնության կառավարություն կազմելու մասին որոշում եւ Լիբիայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը` Բեռնարդինո Լեոն , նույն օրը հայտարարեց, որ վարչապետ է նշանակվում Ֆայիզ Սարաջը:

Ծանոթագրություն: 2011թ. փետրվարին Լիբիայում սկսվեցին ժողովրդական հուզումներ, խռովություն, որը վերածվեց պատերազմի, որն էլ իր հերթինՙ Լիբիայի ղեկավար Մուամար Քադդաֆիի ռեժիմի տապալման եւ վերջինիս սպանության պատճառ հանդիսացավ: Լիբիան պառակտվեց երկու հակամարտող ճամբարների` իսլամամետ իշխանությունը տեղաբաշխվեց մայրաքաղաք Տրիպոլիում եւ երկրի արեւմուտքում, իսկ նրա հակառակորդները, համաշխարհային ընկերակցության կողմից ճանաչված ժամանակավոր կառավարությունը իր վերահսկողության տակ վերցրեց երկրի արեւելքը Տոբրուկ կենտրոնով: Այդ կառավարությունը ղեկավարում է Աբդուլլահ Աբդուռահման ատ-Թանիին , որի դաշնակիցն է հանդիսանում ֆելդմարշալ Խալիֆա Հավթարը , ազգային բանակի հրամանատարը: Նման քաոսային իրավիճակում, երկրում իհարկե գլուխ բարձրացրին ծայրահեղականները, ահաբեկիչները, այդ թվում եւ «Իսլամական պետությունը»: 2014 թվականից Լիբիան լքել են ավելի քան 440 000 բնակիչներ, իսկ ավելի քան 100 000 մարդ ապրում է «բաց երկնքի» տակ կամ դպրոցների, պահեստների եւ այլ շինություններում:

Եվ այսպես, Ֆայիզ Սարաջը հանդիսանում է թագավորական նախարար Մուսթաֆա Սարաջի որդին: Մուստաֆա Սարաջը ժամանակին Լիբիայի հողերը վաճառում էր իտալացի գաղութաբնակներին, ավելինՙ երբ իտալական ֆաշիստ, դիկտատոր Բենիտո Մուսսոլինին 1937 թվականին այցելեց Լիբիա, վերջինս ուղեկցում էր նրան` բռնելով նրա ձիու սանձը: Այդ ժամանակ Լիբիան ղեկավարում էր մարիոնետային թագավոր Իդրիսը, որի ռեժիմը տապալեց գնդապետ Մուամար Քադդաֆին:

Եվ այսպես, Լիբիայի ժողովրդին եւ համաշխարհային հանրությանը մեծ ընտրություն չի տրված. կա՛մ Տրիպոլին եւ Ազգային համաձայնության կառավարությունը (Ֆայիզ Սարաջի գլխավորությամբ), որին ճանաչում է ՄԱԿ-ը եւ որի ետեւում կանգնած են Թուրքիան, Քաթարը, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, կա՛մ ժամանակավոր կառավարությունը Տոբրուկում: Այս կառավարությունը ղեկավարում է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարը, որին մի շարք ձախողումներից հետո էլ դեռ ակտիվորեն աջակցում են սաուդցիները, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը եւ այդ պետություններին միացած Ռուսաստանը` իր «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներով (մոտ 2000 հոգի):

Այժմ տեսնենք, թե ով է Իսլամ դավանող, Թուրքիայի եւ «Մուսուլման եղբայրների» պրոտեկցիային արժանացած Ֆայիզ Սարաջի հակառակորդը:

Դա Արեւելյան Լիբիայի գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ, պրոֆեսիոնալ զինվորական Խալիֆա Հավթարն է, որի կենսագրությունը եւ անցած ճանապարհը կարող են հիմք ծառայել մի շարք դետեկտիվ կամ լրտեսական վեպեր գրելու համար: Հավատացած եղեք, այդ վեպերը շատ արագ կվաճառվեին:

Հավթարը ծնվել է 1943 թ. Լիբիայի Բենգազի քաղաքից ոչ հեռու Աջդաբիա քաղաքում, ծագումով Ալ-Ֆարջամ ցեղից է, նա իր երիտասարդ տարիներին ընտրեց Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում ամենահարգված եւ սոցիալական բարձունքների հասցնող ամենաարագ ուղին` զինվորական ծառայությունը: Փայլուն կերպով ավարտել է Բենգազիի ռազմական քոլեջը, որտեղ ի դեպ հրահանգիչները եւ դասախոսները արագ նկատեցին ապագա հրամանատարի ընդունակությունները ռազմական մարտավարությունը ծրագրելու ոլորտում: Քոլեջն ավարտելուց հետոՙ Հավթարը շարունակեց իր զինվորական կրթությունը Եգիպտոսում, իսկ հետոՙ Խորհրդային Միությունում: Երբ նա վերադարձավ Տրիպոլի, Լիբիան ամբողջովին կլանված էր «արաբական սոցիալիզմի» կողմնակից Գամալ Աբդել Նասերի (Եգիպտոսի այդ ժամանակվա նախագահ) գաղափարներով. պետականաշինության գործում բանակի առանցքային դերի առաջքաշում, ավտորիտարիզմ եւ «քաղաքական իսլամի» եւ հատկապես «Մուսուլման եղբայրների» դեմ անհաշտ պայքարի մղում: Ահա նրա կրեդոն, որին գրկաբաց սպասում էին Լիբիայի երիտասարդ սպայական կազմում: Սպայական կազմ, որը երազում էր եգիպտական, սիրիական եւ իրաքյան հեղափոխությունների «ներմուծում» Լիբիա:

Պատահական չէ, որ Հավթարը 1969թ. սեպտեմբերի 1-ին հայտնվեց կապիտան Մուամար Քադդաֆիի կողքին, որը երկրում հեղաշրջում կազմակերպեց: Ըստ որոշ տվյալների, հեղաշրջման ամբողջ ծրագիրը մշակել էր անձամբ Հավթարը: «Նա իմ որդին է, իսկ ես նրա հոգեհայրը», ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց Քադդաֆին :

Այնուհետեւ նորից ուսում Խորհրդային Միությունում, նորից վերապատրաստում «Ֆրունզեի» անվան ռազմական ակադեմիայում, ֆունդամենտալ ռազմական գիտելիքների ձեռք բերում եւ այս անգամ արդեն որպես Լիբիայի արաբական ջամահիրիայի հեղափոխական առաջնորդ Քադդաֆիի մտերմիկ բարեկամ: Պատկերացրեք ինչպես էին նրան ընդունում Խորհրդային Միության բարձրաստիճան զինվորականները եւ հատկապես խորհրդային հետախուզությունը: Խորհրդային Զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչությունը «աչքաթող» չէր անի որեւէ օտարերկրյա քաղաքացու, որը սովորում էր իր երկրի ռազմական ուսումնական հաստատություններում: Ավելորդ է նշել, թե ինչ ռազմական վերելք ունեցավ Հաֆթարը Լիբիա վերադառնալուց հետո:

1973 թ. հոկտեմբերին Հաֆթարը իր զորախմբով, որը տեղաբաշխված էր Եգիպտոսում, անմիջական մասնակցություն ունեցավ արաբա-իսրայելական պատերազմում (այդ պատերազմում ոչ-ոք չհաղթեց):

Այդ պատերազմում նա աչքի ընկավ որպես վճռական եւ ագրեսիվ հրամանատար: Երբեւիցէ մարտական գործողությունների մասնակցած զինվորականները լավ կհասկանան, թե ինչ է նշանակում նման բնութագիրը:

Սակայն ձախողումներն ու անկումը գեներալի կյանքում սկսվեցին Լիբիա – Չադ 1978-1987 թթ. պատերազմի ընթացքում: Քադդաֆին իր գլխապտույտ հաջողություններից ելնելով, որոշեց Չադ «արտահանել» լիբիական հեղափոխությունը, իսկ այնուհետեւ` ամբողջ Աֆրիկա: Սակայն այստեղ էր, որ Քադդաֆին եւ վերջինիս գլխավոր ռազմական ստրատեգը սխալվեցին: Պատերազմն ընդդեմ Չադի, իրականում պատերազմ էր ընդդեմ Ֆրանսիայի: Այդ պատերազմում Լիբիան չէր կարող հաղթել:

Վճռական մարտերից մեկի ընթացքում (արդեն Լիբիայի տարածքում), Լիբիան կորցրեց 70 տանկ, 30 զրահամեքենա, 20 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, սպանվեցին 1700 լիբիացի զինվորներ եւ սպաներ, 300-ից ավելին հայտնվեցին ռազմագերու կարգավիճակում: Գերի ընկավ նաեւ Խալիֆա Հավթարը: Քադդաֆին այն աստիճան կատաղած էր Հաֆթարի վրա, որ նույնիսկ հրաժարվեց նրան ազատելու բանակցություններից` մեղադրելով նրան լիբիական բանակի պարտության մեջ: Եվ հենց այստեղ էր, որ հայտնվեց մշտապես «արթուն», աչալուրջ եւ ակտիվ ամերիկյան հետախուզությունը ու շփում հաստատեց գերու կարգավիճակում գտնվող գեներալի հետ: Մնացածն արդեն ժամանակի եւ տեխնիկայի հարց էր:

Շուտով Հավթարը եւ նրա կողմնակից սպաներից շատերը հայտվեցին Քադդաֆիի ռեժիմի դեմ պայքարող ընդդիմության` «Լիբիայի Ազգային փրկության ճակատի» շարքերում: 1993 թ. Լիբիայում Հաֆթարը, հեռակա կարգով, մահապատժի դատապարտվեց: Սակայն Լիբիայի հետախուզության «ձեռքերը» կարճ գտնվեցին եւ չհասան ԱՄՆ Վիրջինիայի նահանգում թաքնված Հավթարին: 1996 թ. գեներալը անձամբ ղեկավարեց Լիբիայի լեռնային շրջաններից մեկում խռովությունը` ընդդեմ Քադդաֆիի: Խռովությունը ձախողվեց:

2011թ. Հավթարը (ի դեպ արտաքինով նա հիշեցնում է դպրոցի շարքային ուսուցչի) ԱՄՆ-ից նորից վերադարձավ Լիբիա եւ Բենգազիում ղեկավարեց 90 հազարանոց «Ազգային ազատագրական բանակը» ընդդեմ Քադդաֆիի: Բայց չգիտես ինչու ԱՄՆ-ը նույնպես դադարում է նրան Լիբիայի միակ ղեկավարի պոստում տեսնել: Եվ ահա այստեղ է, որ Հավթարի համոզված գաղափարները ընդդեմ իսլամական ծայրահեղականների եւ «Մուսուլման եղբայրների»ՙ գրավեցին Եգիպտոսի, Ալժիրի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուշադրությունը:

Հուսահատվելով ամերիկյան իր «բարեկամներից», Հավթարը նորից ձեռք է մեկնում Ռուսաստանին: Ինչ կա որ, չէ՞ որ հայտնի էՙ ով հեռանում է ԱՄՆ-ից, ընդգրկվում է «Ռուսաստանի բարեկամների» ցուցակում, նամանավանդ, որ նախկինում եղել են հաստատուն կապեր: Բարեկամական շեշտադրումները փոխոխվում են, ինչին ուշի-ուշով հետեւում են տարբեր երկրների հետախուզությունները` կոնկրետ այս դեպքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի: Այս երկրներն էլ կոնկրետ ծրագրեր ունեն Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում:

Որքան շատ երկրներ են խառնվում այլ երկրների ներքին գործերին, այնքան հեռու են մղվում այդ երկրներում խաղաղությունը եւ ներքին կայունությունը: Ժամանակը ցույց կտա, սակայն մի բան ակնհայտ է. Լիբիայում պատերազմը չի մոտեցնում Թուրքիան եւ Ռուսաստանը եւ դա լավ է, մի գուցե շատ լավ:

Ծանոթագրություն: Մինչ հոդվածս լույս կտեսներ, 2020թ. հունվարի 7-ին Թուրքիայի առաջին զիվորական կոնտինգենտը ժամանեց Տրիպոլի:

Խմբ. կողմից.- Հիշեցման կարգով մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ նախորդ տարվա Ապրիլի 24-ին Խալիֆա Հավթարը դատապարտել էր Թուրքիային Հայոց ցեղասպանություն կազմակերպելու համար եւ ճանաչել այդ իրողության փաստը:

Նկար 1. Ֆայիզ Սարաջը (ձախից) եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Նկար 2. Առաջին հայացքից դպրոցի շարքային ուսուցիչ հիշեցնող ֆելդմարշալ Խալիֆա Հավթարը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԱՃԸ…

Հաջորդ գրառումը

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ ԷԼ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՂ ՄԱՖԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ ԷԼ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՂ ՄԱՖԻԱՆ ՉԻ ՎԵՐԱՑԵԼ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական