Ներկա տագնապալի օրերին, երբ Արցախից ու սահմանամերձ շրջաններից բազմաթիվ հայրենակիցներ իրենց կանանց ու երեխաներին անվտանգության, իսկ ոմանքՙ ռմբակոծություններից ու դրոններից խուսափելու համար հանգրվան են գտել մեր տարբեր բնակավայրերումՙ ազգականների, ընկերների, իսկ երբեմն էլՙ բոլորովին անծանոթ մարդկանց տներում, արժանանալով մեր ժողովրդի բնատուր բարեգործական զգացմունքին:Նրանցից մեկն էլ Ֆիրդուսի թաղամասում սեփական բնակարան ունեցող մեր հայրենակից Գրիգոր Գրիգորյանն (Գենո) է, որի հարկի տակ այժմ տեղավորվել են 14 հոգի, մեծամասամբ երեխաներՙ Արցախի Ավետարանոց գյուղից: Գենոն նրանց ոչ միայն պատսպարել է, անկողինով ու տաք հագուստներով ապահովել նրանց, այլեւ ամեն օր ծանր տոպրակներով տուն է վերադառնում ու լցնում սառնարանը: Երեխաներից մեկն էլ, Հայրապետյան Կամոն, վիրավոր է, որին գրեթե ամեն օր Գենոն տանում է բժշկի:Ուշագրավն այն է, որ Գենոն իր հյուրընկալյալներին նախապես չի ճանաչել: Մի օր տեսել է նրանց Երեւանի Կենտրոնական հրապարակում շվար կանգնածՙ եւ տարել իր տուն:Նման մարդիկ շատ եւ շատ են մեր ժողովրդի մեջ. նրանք էլ են կռվում թշնամու դեմ. ահա՛ այսպես: |