Գուգարաց թեմի հանգուցյալ առաջնորդ Սեպուհ սրբազանը 1959 թ, մարտի 24-ին ծնվել էր Թուրքիայի Մալաթիա թաղաքում։ Առաջնորդարանի դիվանը մարտի 22-ին հանգուցյալ սրբազանի ծննդյան օրվա առթիվ տարածեց հայտարարություն, որտեղ ասված է.
«Այսու տեղեկացնում ենք, որ մարտի 24-ինՙ երջանկահիշատակ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի ծննդյան 62-րդ տարեդարձի օրը ժամը 13։00-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն»։
Գուգարաց թեմի դիվանի հայտարարությանը հենց հրապարակման օրը արձագանքել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը։ Ինչ վերաբերում է հոգեհանգստյան արարողությանը, ապա դրան մասնակցել են սրբազանի հարազատները, թեմի առաջնորդի գլխավորությանբ առաջնորդարանի աշխատակիցները, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից արքեպիսկոպոսներ, նաեւ Հայ առաքելական եկեղեցու մյուս թեմերի առաջնորդներ։ Մասնակիցների թվում, ըստ ամենայնի, Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Վահան Ազարյանի գլխավորությամբ, եղել են նաեւ «Ծիծեռնակ» ճամբարի աշխատակիցները, որոնք Սեպուհ Սրբազանին ընդունել են ոչ միայն որպես թեմի առաջնորդ եւ ճամբարի ստեղծող, այլեւ հոգեհարազատ անձնավորություն։
Սրբազանը վարակվել էր կորոնավիրուսով։ Ինքն էլ որպես հոգեհարազատ էր ընդունել արցախյան պատերազմում զոհված քաջարի հայ զինվորներին, որ 20 օրում այցելել էր նրանց բոլորի տները, թվով 94 տուն Վանաձորում թե գյուղերում, մասնակցելու հուղարկավորություններին։ Մեր զինվորներին պատերազմի հետ չարանենգորեն նաեւ պարտությունն էր պարտադրվել։ Նրանք դարձան այդ չարանենգության զոհը, իսկ Սեպուհ սրբազանըՙ նույնիսկ պարտությունը պարտադրված պատերազմի։ Նա ընդամենը 61 տարեկան էր, եւ հանգչում է իր ջանքերի արդյունքը հանդիսացող առաջնորդարանի բակում։