ԳԱՅԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անունը կրող թիվ 1 եռահարկ դպրոցը մինչեւ Արցախյան առաջին գոյամարտի տարիները եղել է պրոֆտեխնիկական ուսումնարան, որից մնացել էր հին դուռ ու լուսամուտ, բետոնե հատակով դասասենյակներ ու միջանցքներ, խոշոր անցքերով տանիք, խոնավ, բորբոսած:
1994 թվականի հրադադարից հետո Բերձոր քաղաքի բնակիչները, չնայած անկատար ենթակառուցվածքներին, ապրում ու հարմարվում էին այն ամենի հետ, ինչ կար: Նորաբնակ ընտանիքների երեխաների համար դպրոց ընտրվեց քաղաքի բարձունքում գտնվող շինությունը: Կային ուսուցիչ- մանկավարժներ, որոնք իրենց վրա վերցրին մեր երեխաների կրթա-դաստիարակչական բարդ, պատասխանատու, միեւնույն ժամանակ պատվաբեր գործը:
Դժվար էր ետպատերազմյան քաղաքում ստեղծել կրթական միջավայր, կար աշակերտական գույքի, դասագրքերի, քարտեզների ու սարքերի խիստ կարիք: Դպրոցի տնօրենությունը սրտացավ, համբերատար ու նվիրվածՙ քարը-քարին դնելով գոյացնում էր անհրաժեշտն ու սպասում դպրոցի դասարանների վերանորոգման հնարավորությանը…
Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունն իր գործունեության հիմքում ուներ հայ դպրոցի, դպրության պահպանման, աջակցության ու հոգածության վեհ գաղափար, եւ փնտրեց գտավ ու ձեռք մեկնեց Բերձորի դպրոցին…
Հայրենիքում ԹՄՄիությունը բազում այլ ծրագրերի հետ մեկտեղ երկար տարիներ իրականացանում է «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագիրը, որի նպատակն է նյութապես աջակցել հայաստանյանՙ Թեքեյանի անունը կրող 4 դպրոցների ուսուցչական եւ օժանդակ աշխատակիցներին, այդկերպ արտահայտելով իր երախտիքը, սատարն ու գնահատանքը հայ մանուկին գիտելիք տվող, հայ պահող ու կրթող ուսուցչին:
Նշված ծրագրում ընդգրկվեց նաեւ Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցը: Տարին մեկ անգամ թեքեյանցիները տարբեր երկրներից գալով Հայաստան, այցելելում էին նաեւ Արցախ, եւ իրենց կողմից հանգանակած գումար-նվերները հանձնում ուսուցչական կոլեկտիվին, մասնակցում աշակերտների հանդիսություններին, նաեւ ծանոթանում ուսումնական միջավայրին: Նշված առիթներից մեկի ժամանակ այցելելով Բերձորի դպրոց, տեսնելով դպրոցի եւ դասարանների անմխիթար վիճակըՙ Կենտրոնական վարչությունը որոշում է նորոգել դասասենյակները փուլ առ փուլ:
Նպատակը հայտարարվեց…. Առաջինը արձագանքեց Մոնրեալի (Կանադա) Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արթօ Մանուկյանը : Նրա որդուՙ «Սարօ Արմեն Մանուկյան» հիմնադրամի հանգանակած գումարով առաջինը նորոգվեց Հայոց լեզվի դասարանը:
Հաջորդիվ սկսվեցին առաջին եւ երկրորդ հարկերի դասարանների նորոգումները, որոնք ընթանում էին աշակերտների աչքի առաջ եւ նրանց մասնակցությամբ, ուրախությունը թեւածում ու փոխվում էր ոգեւորության, հատկապես երբ իրենք օգնում, պիտանի էին դառնում նորոգող վարպետներին :
Նորոգված դասարաններ եւ հովանավորներ
1. Հայոց լեզվի եւ գրականության դասարան (Մոնրեալի ԹՄՄ Սարօ Արմեն Մանուկյան հիմնադրամ, 2017թ.)
2.Ռազմագիտության (Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտ, 2017թ.)
3. Հրանտ Դինքի անվան (Մոնրեալի ԹՄՄ անդամներ Ավետիս եւ Արշալույս Ճիհանյաններ, 2017թ.)
4.Սարգիս Հացպանյանի անվան (Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտ, 2018թ.)
5. Մաթեմատիկայիՙ Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան (Մոնրեալի ԹՄՄ նախաձեռնությամբ, Տեր եւ Տիկին Հրաչ եւ Վիվիան Սիմոնյաններ, Եգիպտոս, 2018թ.)
6. Աշխարհագրության (ԹՄՄ նախաձեռնությամբ եւ տիկ. Շաքե Պասմաճեանի նվիրատվությամբ, ի հիշատակ Քամէր եւ Շանթ Պասմաճյանների ու Հերի Արթինյանի, 2018թ.)
7.Լեոնիդ Ազգալդյանի անվան (Մոնրեալի ԹՄՄ նվիրատվությամբ MONTREAL WEST ROTARY CLUB-ի անդամների կողմից, 2019թ.)
8.Մոնթե Մելքոնյանի անվան (Մոնրեալի ԹՄՄ հովանավորությամբ, 2019թ.)
9. Տեխնոլոգիա (Վարդան եւ Շահե Ուզունյաններ, 2019թ., Լոնդոն)
10.Շառլ Ազնավուրի անվան (Վարդան եւ Շահե Ուզունյաններ, 2019թ., Լոնդոն)
11.Ալեք Մանուկյանի անվան (Employees of the United Nations- international Civil Aviation Organization, 2019թ.)
12.Բեկոր Աշոտի անվան (Մոնրեալի ԹՄՄ անդամ Օր. Մարտա Գալայճյան, 2019թ.)
13. Դասարան թիվ 9 ԹՄՄ (Կանադա, Դոկտոր Արթօ եւ Սոնա Տեմիրճյաններ, 2019թ.)
14.Դասարան թիվ 10 (ԹՄՄ նախաձեռնությամբ եւ Մխճյան, Քոմետիսեան ընտանիքներ եւ հարազատներՙ ի հիշատակ Ծաղիկ Քոմետիսյանի, 2019թ.)
15. Դասարան թիվ 11 (ԹՄՄ նախաձեռնությամբ եւ տիկ.Արտեմիս Չապճյանի նվիրատվությամբ ի հիշատակ Խաչիկ Ռապըրդ Չապճյանի, 2019թ.), նորոգվեց 2020 թ. սեպտեմբեր ամսին
16. Դասարան թիվ 12 (1 հարկ) (Կանադայի ԹՄՄ-ի Ավետիս Ճիհանյանի միջնորդությամբ), վահանակը չհասցրեցին վերցնել ահարկու ռմբակոծումների պատճառով
2020-ի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սանձազերծված սեպտեմբերյան ահավոր պատերազմի դաժան, անմարդկային օրերին Թեքեյան մեծ ընտանիքի անդամները ամենօրյա տեղակատվությանը հետեւելովՙ կապվում էին ԹՄՄ Հայաստանյան ներկայացուցչության հետ, հետաքրքրվում ճակատային վիճակով, համոզված լինելով Հայոց բանակի հաղթանակին… Սակայն 2020 թ. նոյեմբերի 9-ին Բերձորը (Լաչինը) հանձնվեց թշնամուն. միայն մի քանի ժամով թույլատրվեց տեղահանված բնակիչներին մոտենալ իրենց տներին ու վերցնել թալանից մնացած իրերը: Դպրոցի ուսուցիչներից շատերը, անգամ այդ խառը, քաոսային պայմաններում, հասցրեցին լինել դպրոցում, տեսանՙ թալանված ու ավերված դասարաններ, բակում պայթած ռումբի բացած փոսեր, ջարդված նստարանների կույտեր… Դպրոցից հասցրեցին վերցնել միայն նորոգված դասարանների ցուցանակները, որպես հուշ:
Չնայած նրան, որ Բերձորի Թեքեյանի անվան դպրոցի աշխատակազմն ու աշակերտները ժամանակավոր տեղավորվել էին Հայասատնի Հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում ու գյուղերում, սակայն Միացյալ Նահանգների ու Կանադայի ԹՄՄ Կենտրոնական վարչությունը գտավ բոլորին ու ֆինանսական աջակցություն ցուցաբերեց ուսուցչական եւ օժանդակ անձնակազմին:
Կյանքը շարունակվում է…
2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին Մոնրեալի ԹՄՄ վարչության անդամ Արթօ Մանուկյանը տեղեկանում է «Ատկեն Արմենյան» հիմնադրամի իր բարեկամներից Վայոց Ձորի մարզում իրականացվող մեղվաբուծության զարգացման պիլոտային ծրագրի մասին:
Մեր միջոցով կատարված մոնիտորինգի արդյունքում հավաքագրվեցին նույն մարզի քաղաքներում ու գյուղերում հաստատված Բերձոր քաղաքից տեղահանված թեքեյանական ընտանիքներ, որոնք տիրապետում էին մեղվաընտանքիներ խնամելու փորձին ու հմտություններին, եւ նրանց համար զբաղվածություն ապահովելու նկատառումներով առաջարկվեց միանալ «Սյունիք-Զարգացում» Հ/Կ համայնքային «Մեղվաբուծության զարգացում» սոցիալական ծրագրին:
Ընտրվեցին թվով 8 ընտանիքներ, որոնք ընդգրկվեցին ԹՄՄ-ի այդ ծրագրում:
Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվեց 5 մեղվափեթակ իր պիտույքներով եւ այն պայմանով, որ նրանք բարեխղճորեն կխնամեն մեղուների ընտանիքներին, երկու տարի մեղուներից ստացված ողջ բարիքը կօգտագործեն սեփական կարիքների համար, իսկ այնուհետեւ պարտավոր են եկամտից 10% հատկացնել «Սյունիք-Զարգացում» Հ/Կ-ին, որն էլ իր հերթին պետք է այդ գումարները տրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաեւ ՀՀ ազգային բանակին:
Ծրագրի շահառուներ դարձանՙ Ալեքսանյան Նարեկ (Բարձրունի), Հովհաննիսյան Տաթեւիկ (Հերհեր), Ղամբարյան Հայկ (Եղեգնաձոր), Ալոյան Գարիկ (Վայք), Քոչարյան Անուշ (Մալիշկա), Սայադյան Վահե (Մալիշկա), Կարապետյան Լեւոն (Թառաթումբ), Փալանջյան Մուրադ (Մալիշկա) :