Ազգային ժողովի 8-րդ գումարումն ավարտում է հերթական նստաշրջանը: Արտահերթ նիստեր խորհրդարանն, ըստ երեւույթին, ամռան ընթացքում՝ մինչեւ օգոստոս, էլի կգումարի, բայց քառօրյա նսիտեր այլեւս չեն լինի: Ընդդիմությունը մոտ երկու ամիս փողոցում էր պայքար տանում՝ հրաժարվելով խորհրդարանական աշխատանքից: «Փողոցով եկած Նիկոլ Փաշինյանին, փողոցով էլ պետք է հեռացնենք»,- ասում էին մանդատ ունեցող ընդդիմադիրներն ու հավելում, թե խորհրդարան միայն իշխանափոխությունից ու Փաշինյանի հրաժարականից հետո կգնան: Բայց ո՛չ Փաշինյանը հրաժարական, ո՛չ էլ նրանց շարժումն արդյունք տվեց, ու ընդդիմադիրները դեռ չեն գաղտնազերծում՝ խորհրդարան գնալո՞ւ են, թե՞ դեռ Փաշինյանի հրաժականին են սպասելու: Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» ձեռքին ընդդիմության՝ փողոցի պայքարում չհաջողելը հաղթաթուղթ է, որ ամեն անգամ նրանց երեսով են տալիս ու խորհրդարան հրավիրում՝ միմյանց հետ կառուցողական աշխատանք տանելու ու ԱԺ-ում «հայրենիք փրկելու»: Տպավորություն է, թե Փաշինյանի թիմակիցները, թեւքերը քշտած, զօրուգիշեր աշխատում են ի բարօրություն Հայաստանի ու Արցախի, եւ միայն ընդդիմության օգնությունն է պակասում: Իրականությունը սակայն բոլորովին այլ է: Խորհրդարանական մեծամասնությունն առանց ընդդիմույան էլ նիստեր է գումարում, նախագծքեր քննարկում եւ ընդունում, բայց այնպես չէ, թե ՔՊ-ական պատգամավորները, գլուխները կորցրած, թե՛ իրենց, թե՛ ընդդիմադիրների փոխարեն են աշխատել ու աշխատում: Ինչպես միշտ՝ խորհրդարան հիմնականում լիագումար կամ հանձնաժողովների նիստերի օրերին են գնացել, կամ՝ պարզապես «հավեսի համար»: Նիստերին մասնակցել են «ներկա ստանալու» տրամաբանությամբ. առավոտյան գրանցվել են եւ այնուհետ ազատ ներսուդուրս արել, ճեմել ԱԺ միջացնքներում, սրճել գործընկերների հետ, լրագրողների Facebook-յան գրառումները քննարկել եւ հետեւել՝ ով ում գրածն է «լայքել» կամ «սրտիկել» եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ 8-րդ գումարման ձմեռային նստաշրջանը որեւէ բանով աչքի չի ընկել ու չի տարբերվել մնացած բոլոր նստաշրջաններից:
Նույնն է մնացել նաեւ քաղաքական իշխանության ներկայացուցիչների որդգերած քաղաքականությանն ԱԺ-ում ելույթ ունենալիս՝ շարունակել են հոտընկայս ու բուռն ծափահարել կուսառաջնորդին: Փոխվել է միայն ՔՊ-ական պատգամավորների սանրվածքը, արտաքինը, հագուկապն ու վարած ավտոմեքենան՝ միանշանակ դեպի ավելի լավն ու թանկը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ