Սյունիքի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանը որոշեց փոփոխել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կիրառելով ստորագրություն չհեռանալու մասին և գրավ 2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ դատախազությունը տեւական ժամանակ պայքարում էր՝ Աշոտ Մինասյանին կալանավորելու համար։
Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր եւ սարքեր, դրանք տեղափոխել եւ պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռեւս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետեւաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։
Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Առաջին ատյանի դատարանն էլ քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը եւ կրկին մերժել այն, անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:
Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո դատախազությունը հասավ իր համար ցանկալի արդյունքին. Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանն Աշոտ Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել։
yerevan.today