Ուրբաթ, 7 Օգոստոս, 2026

Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Ղրղըզստանի Չոլպոն-Ատայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Նա այս հայտարարությունն արել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների և իրենց շուկա արգելքի համատեքստում։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։

Հայաստանի՝  Եվրամիությանն անդամակցելու հարցը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում  դժգոհությամբ է ընդունվել. դրա մասին դեռ անցյալ տարվանից բազմաթիվ հայտարություններ են հնչել այդ հարթակներից։

 Փաշինյանը  նշել է, որ Հայաստանի իշխանությունները լիովին գիտակցում են, որ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը, դրա համար երկար ժամանակ է պետք, նաև անհրաժեշտ է  բազմաթիվ փուլեր հաղթահարել։

Նրա  խոսքով, Հայաստանն ի գիտություն է ընդունել  ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ նշելով՝ չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։